

ԷկոԼուր
Սենսացիոն հայտարարություն են արել Ամուլսարի հանքավայրում ոսկու բաց եղանակով արդյունահանման ծրագրի հենակետ համարվող Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը («Գեոթիմ»-ը 100% բաժնետոմսերով պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը) վերանորոգել է գյուղի մանկապարտեզը, կառուցել իր տեղեկատվական կենտրոնը, աշխատուժ է վարձել` գյուղին խոստանալով ծաղկունք: Ընդունված էր կարծել, որ Գնդեվազի բնակիչները ընկերության եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամքին դեմ դուրս չեն գա: Հենց Գնդեվազ են ժամանել
գլխավոր ներդրողների` Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) պատվիրակությունները, երկու երկրների` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները, ընկերության հյուրերը: Եւ ահա ավելի քան 200 բնակիչներ ստորագրել են IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի տակ, որով պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ֆինանսավորումը: Բողոքում ասված է.
«Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով
խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատին (САО)
ՀՀ Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղի բնակիչներից
Դիմում-բողոք
Նկատի առնելով ոսկու արդունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները.
- մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում,
-անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում,
-Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքները չեն արձանագրվում,
-միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե Գնդեվազի շրջակա միջավայրի, և թե Գնդեվազի բնակչության վրա:
Մենք՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:
«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլիացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:
Գեոթիմ կազմակերպությունը իր գործը առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումները իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է և նպատակն ակնհայտ է:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:
Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ: Գեոթիմ կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:
Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը:
Մենք պահանջում ենք IFC-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները»:
Այնուհետ բնակիչների 210 ստորագրությունների թերթերն են:
ԷկոԼուրը եղել է Գնդեվազ գյուղում եւ օրերս կհրապարակի բնակիչների հետ անցկացրած հարցազրույց:
Հուլիս 29, 2014 at 14:45
