

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը շարունակում է վիդեոռեպորտաժները Կապանից: Էկոլոգիական իրավիճակի մասին կարծիք է ներկայացնում Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Նա ներկայացրեց մի նախագիծ, որը Օրհուս կենտրոնը պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ: «Այս պահի դրությամբ էկոլոգիական ամենամեծ խնդիրը ես համարում եմ, որ Սյունիք համայնքի տարածքր ոռոգվում են Նորաշենիկ գետի ջրերով, որին խառնվում են Արծվանիկի պոչամբարի եւ Դենո Գոլդի հանքաջրերը: Բարեբախտաբար, վերջապես ԵԱՀԿ գրասենյակի մեր Կապանի գրասենյակի հետ սկսել ենք ծրագիրը պատրաստել: ԵԱՀԿ-ն օգնում է ասենք` դիմելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, «Cronomet»-ին եւ այլ կազմակերպությունների: Պատկերացրեք, ում դիմել ենք, ներկայացրել ենք խնդիրը, ծրագիրը, բոլորը պատրաստ են իրականացնելու: Ջրատարը` մոտ 4-5 կմ հատված, լցված է, չի գործում: Այդ մասը պիտի մաքրվի, որոշ չափով պետք է վերակառուցվի Այս պահի դրությամբ ջրառը պոչամբարի թափվող մասից ներքեւ է: Երբ որ մենք իսկական ջրառ վերցնենք այնտեղից, որը աղտոտվող աղբյուրներից մի քանի հարյուր մետր վերեւ է եւ արդեն զուլալ ջուր է, դրանով մենք իսպառ կլուծենք այդ խնդրը, այսինքն` Կապան, Քաջարան քաղաքների ազգաբնակչությունը, որը սպառում է այդ համայնքի բանջարեղենը, միրգը, կօգտագործի մաքուր բանջարեղեն»:
«Deno Gold Mining Company» ընկերության կազմակերպած ապրիլի 27-ի հասարակական լսումների մասին եւ այն մասին, թե արդյոք լսումների ընթացքում հիշատակվել է Շահումյանի ոսկու հանքավայրի բաց շահագործման մասին Աշոտ Ավագյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ 2012թ. Դենո Գոլդը կներկայացնի: Եթե խոսքը գնա բաց եղանակով մշակման վերաբերյալ, Կապան քաղաքի շատ կազմակերպությունների կարծիք հայտնած կլինեմ, որ շատ շատերը դեմ կլինեն, շատ քիչ մարդ կողմ կլինի բաց եղանակով մշակման: Ամեն անգամ երբ հասարակական լսում է լինում Դենո Գոլդի վերաբերյալ, մենք ասում ենք մեր դիրքորոշումը, որ Կապանի տարածաշրջանում բոլորը դեմ են բաց եղանակով մշակմանը:
Քաղաքապետարանում ես ասացի, որ 2-3 օրվա մեջ, գոյություն ունեն ՀՀ համապատասխան օրենքներ փորձաքննության, հասարակական լսումների անցկացման վերաբերյալ, նու իրենք էլ շատ լավ այդ օրենքները գիտեն, ասացին բայց ինչ-ինչ պատճառներով այսպես է լինելու: Ասացի դե ես դժվարանում եմ ասել, ինչ կլինի, համենայն դեպս հրավիրեցի մասնագետի, միասին ուսումնասիրել ենք, ես հենց բացահայտել եմ անմիջապես, որ նորից գրված է, որ կեղտաջրերը լցվում են Կապանի Ջրմուղկոյուղու կենտրոնական կոլեկտորը, որը գնում, հոսում է մաքրման կայան, որտեղ մաքրվում են ջրերը: Այդ նույն հեքիաթը մենք լսել ենք 2011թ. մայիսի հասարակական լսումներին: Դա տեսա, մեկ էլ Նորաշենիկ գետի գետաբերանում ջրի որակի բաղադրության մասին, որը, մեղմ ասած, միանգամայն իրականությանը չէր համապատասխանում. այնտեղ բերված են այնպիսի տվյալներ, որ ոչ մի մետաղ սահմանային թույլատրելի նորման չի գերազանցում, այսինքն` խմելու ջուր է հոսում: …Այ մեր ՀԿ-ները դուրս եկան, չմասնակցեցին, բայց ես հենց դուրս չեկա զուտ այդ նպատակով, որ ցույց տամ` ընկերներ էս ինչ եք անում, մի հատ լուրջ վերաբերվեք այդ գործին: Եւ այնտեղ նայեցին, ընդունեցին դիտողությունը, որպեսզի դրանք ուղղեն: Լսումների օրինականության մասին բոլորը նշեցին, քաղաքապետարանը նշեց, որ խախտված են այս, այս, այս: Ես միանշանակ գտնում եմ, որ ճիշտ չէ որեւէ գործընթաց կատարել` խախտելով օրենքները: Բայց իմ այնտեղից դուրս գալը ոչնչով չէր օգնելու, ես ուղղակի ցանկացա այն սխալները, որոնք ես բացահայտել եմ, նրանք ուղղեն, եւ իրենք խոստացան, որ ուղղած կներկայացնեն այդ նախագիծը»:
ԶՊՄԿ-ի արտադրության ընդլայնման արդյունքում Կապանի համար հնարավոր ռիսկերի` մասնավորապես Արծվանիկի պոչամբարի վիճակի մասին «ԷկոԼուր»-ի հարցին ի պատասխան Աշոտ Ավագյանն ասաց. «Դուք ասում եք, որ առանց այն էլ գտնվում է վատ վիճակում, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ վատ վիճակում է: Ոչ տեղեկատվություն ունեմ, ոչ էլ որեւէ մեկը մոնիտորինգ է արել, գնահատել ու ասել, որ, ասենք, վատ վիճակում է: Պոչամբարը որպես երեւույթ ոչ մի տարածաշրջանի համար լավ չէ, բայց ոչ մի լեռնարդյունաբերական ձեռնարկություն առանց պոչամբարների, ցավոք, չի լինում: Կամ կոմբինատը պիտի աշխատի, ունենա պոչամբար, կամ կոմբինատը չպիտի աշխատի, չունենա պոչամբար: Երրորդ տարբերակ չկա: Իսկ ես չէի ասի, թե պոչամբարը վատ վիճակում է, որովհետեւ երբ որ ես այնտեղով անցնում եմ, միշտ ուշադիր նայում եմ, տեսնում եմ հողակույտերը կուտակված, ռեկուլտիվացիան արվում է: Ես նորից եմ կրկնում, ես ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնում առանց մոնիտորինգ անելու վիճակի գնահատական տալ»:
«ԷկոԼուր».
- Այսինքն ռիսկ չե՞ք տեսնում այստեղ»:
Աշոտ Ավագյան.
- Ես նորից եմ կրկնում, եթե կա պոչամբար, կան պոչամբարի հետեւանքներ, դրա մասին երկրորդ կարծիք չկա:
«ԷկոԼուր».
- Իսկ Սյունիք համայնքում արտահոսքերի մասին ի՞նչ կասեք:
Աշոտ Ավագյան.
- Արծվանիկի պոչամբարից այդտեղ ջուր չի գալիս: Հա դե եթե խվոստը մտավ այգին, պարզ է, որ չորացնելու է: Եթե ճանապարհին վթար է լինում, վթարը լցվում է տնտեսություն, դա պոչամբարին չի վերաբերվում:
Ոչ մի պոչամբար ոչ մի տարածաշրջանի համար հաճելի չէ, եւ ցանկացած պոչամբարի մեջ կան տոքսիկ նյութեր, որոնք շրջակա միջավայրի վրա ունեն բացասական ազդեցություն: Պոչամբարը միշտ էլ ռիսկ է: Քիչ պոչամբարը քիչ ռիսկ է, մեծ պոչամբարը մեծ ռիսկ է:
Մայիս 12, 2012 at 16:23
