Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի անխնա թալան է կատարվում

Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի անխնա թալան է կատարվում

www.yerkirmedia.am

Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում գտնվող մի շարք ձեռնարկությունների, գիտնականների ու բնապահպանների խնդրանքով, տեւական ժամանակ առաջ ՀՅԴ խմբակցությունը դիմել էր խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի խնդիրների վերաբերյալ լսումներ անցկացնելու համար:

Հանքերի սեփականատեր Վարդան Այվազյանի գլխավորած այդ հանձնժողովը լսումներ այդպես էլ չանցկացրեց: ՀՅԴ խմբակցությունը կազմակերպել էր արտախորհրդարանական քննարկում: Չնայած հրավերքին, չէին մասնակցում երկրի վարչապետը, բնապահպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, էներգետիկայի նախարարներն ու կոալիցիոն խմբակցությունները:  

Հայաստանը շատ հարուստ է ոչ մետաղական հանքային հանածոներով: Մեր երկրում 10 տարի առաջ շահագործվում էր 565 հանք` 60 տեսակի օգտակար հանածոներով, այսօր շահագործվող հանքերի թիվը 670-ն է:

«Տարեկան 10 նոր հանք է բացվում. ինչպե՞ս է բացվում, ինչի՞ համար, արդյո՞ք շուկան է թելադրում դրա անհրաժեշտությունը, ինչպե՞ս են պահպանվում կանոնները, հասարակությունը տեղյակ չէ»,- հարց բարձրացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Ըստ էության, շահագործումը կատարվում է առանց ներքին վերահսկողության, ինչը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ, իսկ դա զգացվում է արդեն այսօր: Իրար սկսել են հակասել հանքերի շահագործումն ու գյուղատնտեսական գործունեությունը, որովհետեւ առաջինի պարագայում դա անխնա է, անարդյունավետ՝ առանց հաշվի առնելու հենց գյուղատնտեսության զարգացումը: 

«Նորմալ երեւույթ սա չի կարող լինել: Այստեղ է, որ Կառավարությունը պետք է պատժի նրանց, ովքեր այսպես անխնա են վերաբերվում Հայաստանի ընդերքի հետ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ 

Անկախության առաջին տարիներից սկսած՝ հնարավոր ամեն ինչի, այդ թվում` հանքերի մասնավորեցումն այդպես էլ չհանգեցրեց դրանց արդիականացմանը եւ նոր շուկաների ձեռքբերմանը: Հայաստանը վերածվեց հումքի պարզ մատակարարի: 

«Ունենալով այսքան մեծ պեոտենցիալ` պեռլիտի արտադրություն, եւ պահանջարկը եւս կա, մենք զրո ենք դարձել: Ո՞վ է խելոք, ո՞վ է հիմար, դուք եզրակացրեք»,- ասաց «Քար եւ սիլիկատ ինստիտուտի» նախկին տնօրեն Սուրեն Գեւորգյանը։ 

Շահագրգիռ մարմինների կողմից Կառավարություն է ներկայացվել խնդրի կարգավորման հայեցակարգ, բայց այն այդպես էլ չի ընդունվել: Էներգետիկայի նախարարը, ՀՅԴ խմբակցության հարցապնդմանը պատասխանելիս, կարեւորել էր միջազգային փորձի փոխանակումը:

 «Ցույց տվեք մի նամակ նախարարությունից, մտցրեք աչքս, ըստ որի՝ ինչ-որ մեկը գնացել է փորձի փոխանակման՝ ԱՄՆ, Գերմանիա եւ այլուր: Ես վստահ եմ` չկա»,- ասաց Սուրեն Գեւորգյանը։ Նրա խոսքով, ոլորտի չզարգացման մեկ պատճառ կա` անգրագիտությունը եւ վերջ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության կազմակերպած այսօրվա քննարկման մասնակիցները քննարկմանը հանդես եկան կոնկրետ 3 առաջարկությամբ. ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպումը ճանաչել տնտեսության զարգացման գերակա ուղղություն, ոլորտի ձեռնարկություների համար ստեղծել գործունեության բարենպաստ, խրախուսող միջավայր, այդ թվում` պետական բաժնեմասնակցության ճանապարհով եւ ընդունել ոլորտի հեռանկարային զարգացման հայեցակարգ:

 Առաջարկությունները կներկայացվեն Կառավարությանը եւ գուցե այս անգամ պետականամետ մտածողությունը հաղթի անգործությանը: Կասկած չկա, որ անհնար է շարունակել այսպես, որովհետեւ՝ ով ուզում է` հանք է շահագործում, արտահանում, ստանում գերշահույթ` մեր ու մեզանից հետո եկողների հաշվին:

 «Մարդիկ, ովքեր սա անում են, այս հայրենիքի հավերժությանը չեն հավատում, նրանց համար մեկ է` նրանք կթալանեն, հետո այդ փողերով կգնան Չելյաբինսկում խորովածանոց կբացեն, նրանք հայերնիք չունեն, բայց մենք ունենք ու մենք թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն այսպես անխնա կերպով թալանվի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Փետրվար 15, 2012 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր