«ԶՊՄԿ»-ն պատրաստվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման ծավալները հասցնել 22 մլն տ/տարի

«ԶՊՄԿ»-ն պատրաստվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման ծավալները հասցնել  22 մլն տ/տարի

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն պատրաստվում է ավելացնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահնման ծավալները` հասցնելով տարեկան 22 միլիոն տոննայի: Այս կապակցությամբ ՓԲԸ-ն սույն թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը 15-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Լեռնագործների 18  հասցեում, կազմակերպում է «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխությունը, ընդերքի տեղամասի ընդլայնումը, թուլտվության ժամկետի երկարաձգումը) նախատեսող գործունեության վերաբերյալ» նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկում:

Քննարկվելու է բացհանքի մշակման երկու տարբերակ` 1-ինը` հանքավայրի շահագործում միայն աջակողմյան պաշարների ընդգրկմամբ եւ 2-րդը` հանքավայրի շահագործում աջակողմյան եւ մասնակի ձախակողմյան պաշարների ընդգրկմամբ: Վերջնական տարբերակը պետք է որոշվի` հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով:

Հանրային քննարկման մասին հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվող գործունեությունն իրականացվելու է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Լեռնաձոր, Սյունիք, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան քաղաքային եւ գյուղական համայնքներում: Բայց թե ստույգ որ համայնքում ինչ գործողություն է նախատեսվում, չի նշվում:

Գործող բացհանքը գտնվում է Քաջարան քաղաքից 1.7-2.5 կմ հեռավորության վրա, իսկ հարստացուցիչ ֆաբրիկան` Քաջարան քաղաքի սահմանագծում:   

Ներկայացված հայտում նշվում է, որ պետք է ընդլայնվի նաեւ Արծվանիկի պոչամբարի տարածքը, սակայն ոչ մի խոսք չկա, թե քանի հեկտարով եւ որ համայնքների վարչական տարածքներում եւ ինչ հողատեսքերի վրա: Մեր կողմից նշենք, որ ՀՀ կառավարությունը սույն թվականի  մայիսի 21-ին բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց  Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար:  

Ըստ հայտի` հարստացուցիչ ֆաբրիկայի եւ բացհանքի կարիքների համար օգտագործվելու են Ողջի, Գեղի եւ Սակքար գետերի ջրերը: Տարեկան ջրի պահանջը կազմելու է 68.82 միլիոն խմ: Սակայն հայտում նշված չեն գետերի հիդրոլոգիական տվյալները: Հարց է առաջանում, թե արդյոք այդ գետերը կարող են կլիմայի փոփոխության պայմաններում ապահովել ընկերության համար այդքան ջուր, միաժանակ թողնելով գետերում էկոլոգիական թողք եւ բավականաչափ ջուր ոռոգման համար:

Լցակույտերը տեղակայվելու են ԶՊՄԿ-ի կողմից գործող 90.0 միլիոն խմ ծավալի համար նախատեսված Ձորատեղի (Դարազամի) լցակույտում եւ 34.115միլիոն խմ մակաբացման ապար կուտակած Սախքար Սու (Սպիտակջուր) լցակույտում, որը շահագործվել է 1970-1979թթ.: Թե որքան լցակույտ է տեղակայվելու այս լցակույտերում, չի նշվում:

Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, սակայն փոշու տարածման եւ մթնոլորտային օդի աղտոտման մասին` ոչինչ չի նշվում:

Ըստ հայտի` ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի, բացհանքի եւ Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքներում ծառերը եւ թուփ-կիսաթփիկները, համեմատած Հայաստանի ֆլորայում դրանց կենսաձեւերի տոկոսի հետ (10%), բավականին մեծ թիվ են կազմում (26.1%): Բայց թե որքան ծառ կարող է հատվել հանքի ընդլայնման աշխատանքների ընթացքում, հայտում չի նշվում:

Հայտում ակնարկ կա ռեկուլտիվացման մասին: Ռեկուլտիվացվելու են լցակույտերի մակերեսները եւ փեշերը, պոչամբարը, փխրեցվելու եւ հողաբուսաշերտով են պատվելու ճանապարհները, իսկ հենց բացհանքի տարածքում նախատեսվում է. «…բացհանքի հատակում ջրերի կուտակման հաշվին հնարավոր է ստեղծել լանդշաֆտային դիզայն` արհեստական լճկով, եւ ռեկրեացիոն գոտի»: Իսկ թե որ թվականին Քաջարանի հանքավայրի պաշարները կսպառվեն, հայտում չի նշվում:

Կառուցվելու է 6.2 կմ երկարությամբ լրացուցիչ ջրհեռացման առուներ եւ երկու ավտոճանապարհ, մեկը 5.5 կմ երկարությամբ եւ 26 մ լայնությամբ, մյուսը`3.3 կմ երկարությամբ եւ   13մ լայնությամբ:

Հոկտեմբեր 13, 2015 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր