ԷկոԼուր
«Dundee Precious Metals Inc.»-ի ղեկավարությանը
ՀՀ կառավարությանը
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը
ՀՀ բնապահպանության նախարարությանը
ՀՀ առողջապահության նախարարությանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը
ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկին
Կրկնօրինակը` Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերին
«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն (DGMC-ի 100%-անոց բաժնետերը կանադական «Dundee Precious Metals Inc.»-ն է) մտադիր է Կապանում (Հայաստան) Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործել: Թեպետ բաց շահագործման նախագիծը պաշտոնապես դեռ չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, նրա տեխնիկական մասն արդեն ակտիվ քննարկվում է կառավարական շրջանակներում:
Հաշվի առնելով Կապան քաղաքի (Սյունիքի մարզ, Հայաստան) բնակչության առողջության համար ռիսկերը, որոնք կարող են բազմակի անգամ աճել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելիս, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին` «Dundee Precious Metals Inc.»-ի ղեկավարությանը, Հայաստանի կառավարությանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Բնապահպանության, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարություններին, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկին, այլ ֆինանսական կազմակերպությունների, որոնք կարող են պոտենցիալ ներդրողներ լինել, հրաժարվել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծից:
Շահումյանի հանքավայրը տեղակայված է Կապան քաղաքի վարչական տարածքում, որը լեռնահանքային ոլորտում կուտակված բազմամյա խնդիրների արդյունքում արդեն գտնվում է էկոլոգիական աղետի շեմին:
Կապանն ամեն կողմից շրջապատված է տարբեր դասի վտանգավորության օբյեկտներով:
1. Կապան քաղաքի տարածքում պահեստավորվում են «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ին պատկանող Կապանի կոմբինատի ապարները:
2. Գեղանուշի պոչամբար պատկանում է «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ին: Նրա շահագործման ժամկետը նախատեսված է 15 տարվա համար` ընդ որում, տարեկան մինչեւ 600 000 տոննա վերամշակվող հանքանյութի արտադրական ծավալով: Բաց շահագործման դեպքում ենթադրվում է 2-ից 25 անգամ մեծացնել արտադրական հզորությունը: Որտե՞ղ պետք է թափվեն պոչերը: Ոչ Կապանում, ոչ նրա շրջակայքում պոչերի համար տեղ չկա:
3. Արծվանիկի պոչամբարը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, սակայն գտնվում է Կապանի հարեւանությամբ: Պոչամբարում արդեն լցված է 150 միլիոն խորհանարդ մետր պոչ, եւ այն շարունակում է լցվել:
4. Կապանից Քաջարան տանող ճանապարհի կողքին տեղակայված են Զանգեզուրի կոմբինատի եւս երկու փակ պոչամբարներ: Ռեկուլտիվացիոն շերտը շատ բարակ է, եւ պոչերը շրջակա միջավայր են դուրս գալիս:
5. Կապանի միջով անցնում է Ողջի գետը, որն իր ճանապարհին ընդունում է պոչերով եւ ապարներով խառնված ջրեր: Կապանի հատվածում այդ գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է:
Ամենուր, թվարկված բոլոր օբյեկտներում, առկա է ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի մի ամբողջ փունջ: Թունավոր այդ տարրերը չեն վերանում, չեն լուծվում, չեն քայքայվում, այլ կուտակվում են հողում, տեղափոխվում են ջրի միջոցով, ապարների փոշու հետ նստում են շրջակա միջավարում: Վերջ ի վերջո, դրանք սնունդի եւ ջրի հետ հայտնվում են մարդու օրգանիզմում, առաջացնում են գենետիկական մուտացիաներ, ախտահարում են իմունային եւ վերարտադրողական համակարգերը, ոսկրային հյուսվածքները:
6. Ճառագայթում: Կապանից 17-18 կիլոմետր հեռավորության վրա արդեն սկսվել են ուրանի պաշարների հետախուզման հորատման աշխատանքները: Բացի այդ, ինչպես հայտնի է, բազմամետաղային հանքավայրերը, որոնք պարունակում են ոսկի, եւ արծաթ, պարունակում են նաեւ ռադիոնուկլիդներ: Նման հանքավայրերի բաց շահագործումն ամբողջ Կապանում անպայման կհանգեցնի ռադիացիոն ֆոնի բարձրացմանը: Իսկ մեզ մոտ բացակայում է վատ էկոլոգիայի պատճառով առաջացող վնասներից սոցիալական պաշտպանության համակարգը: Չկա վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց առողջության պրոֆիլակտիկա: Էլ ինչ խոսենք Կապանի ողջ բնակչության, մոտակա գյուղերի բնակիչների պաշտպանության մասին, երբ հանքի բաց շահագործման դեպքում նրանց վրա կհասնի էկոլոգիական հարվածը:
Մտահոգություն է առաջացնում բաց շահագործման նախագծի սոցիալական կողմը եւս: Արտադրության ծավալի բազմակի անգամ մեծացումը ենթադրում է նման նախագծի կարճ կյանք, ինչի մասին խոսում են հանքավայրին քաջ ծանոթ մասնագետները: Երբ հանքավայրերի պաշարները սպառվեն, ընկերությունները կգնան: Իսկ մենք ստիպված կլինենք սկսել ուրիշ կյանք էկոլոգիապես մեռյալ գոտում, մի վայրում, որն իրենից կներկայացնի թունավոր թափոնների աղբանոց:
Մեր Երկրագունդը շատ փոքր է: Ինչ կատարվում է մի վայրում, շատ արագ իր արձագանքը գտնում է մեկ այլ վայրում: Հնարավոր է` գա ժամանակ, երբ զարգացած երկրների բնակիչները ստիպված կլինեն գլոբալ աղետներից փրկվել փոքր երկրներում: Եւ ուրեմն, պահպանենք մեր երկիրը հանուն բոլորի, հանուն ընդհանուր ապագայի:
«Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպություն, Սիլվա Ադամյան
«Բուրգ» երիտասարդական բնապահպանական կազմակերպություն, Արման Վերմիշյան
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն, Ինգա Զարաֆյան
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն, Ռաֆայել Ասրյան
Դիլիջանի Օրհուս կենտրոն, Արարատ Ալիխանյան
«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպություն, Գեւորգ Պետրոսյան
«ԷկոԴար» հասրակական կազմակերպություն, Հրայր Սավզյան
Փետրվար 08, 2011