Երկարաձգվել է Հայկական ատոմային Էլեկտրակայանի շահագործման ժամկետը

Երկարաձգվել է Հայկական ատոմային Էլեկտրակայանի շահագործման ժամկետը

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016թ. սեպտեմբերը: ՀՀ կառավարությունը մարտի 27-ի նիստում հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից ներկայացված ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը:

Սույն որոշմամբ`«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ի հետ կստորագրի «Սարքավորումների և շինությունների համալիր հետազոտությունների Ծրագրի»  աշխատանքների իրականացման պայմանագիր: Ինչպես նաեւ ծրագրի իրականացման նպատակով միջոցներ կձեռնարկվեն ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում  չի աշխատել, հետևաբար շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ. սեպտեմբեր: Վերաթողարկումից մինչ օրս իրականացվում են  Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումներ: Անվտանգության բարձրացման միջոցառումները իրականացվում են ինչպես սեփական միջոցների, այնպես էլ դոնոր երկրների օգնությունների հաշվին:

Նշենք, որ վերջին տարիներին Արարատյան դաշտում նկատվում է ջրի լուրջ խնդիր:  Ատոմակայանի ռեակտորի հովացումը կատարվում է Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ջրի միջոցով: Սակայն ջուրը աղբյուրներում պակասել է: «Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը, հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում կշարունակվի Սևջուր-Ակնալիճ աղբյուրների  խմբի ջրատվության նվազումը ընդհուպ մինչև ջրատվության դադարեցում, ինչը շատ մեծ վտանգ է սպառնալու ատոմակայանի համար···»,-մարտի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման դեպքում ջրի պահանջը կրկնակի անգամ կավելանա: 

Մարտ 28, 2014 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր