

ԷկոԼուր
Ամանորյան տոների նախօրենին` 2011թ. դեկտեմբերի 29-ին կառավարությունը որոշեց թույլատրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել 590 մլն դրամով: Այսպիսով, լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ։ Այդ միջոցով կապահովվի ՀՀ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման աշխատանքի շարունակելիությունը, գրում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը, ֆինանսական ներդրումները մինչ օրս ապահովել է ռուսական կողմը, իսկ հայկական կողմը գումարի փոխարեն տրամադրել է համարժեք երկրաբանական տեղեկատվություն: 2008թ մարտի 6-ի 234-Ն որոշմամբ ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով ներդրվել է 46120.5 հազար դրամի (մոտ 96 000 դոլլար) չափով Հայաստանին պատկանող երկրաբանական տեղեկատվություն, իսկ համարժեք ֆինանսական ներդրում կատարել է ռուսական կողմը: Սակայն այժմ ռուսական գումարները սպառվում են եւ նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՀ կառավարությունը որոշել է գործի մեջ ներդնել 590 090.850 հազար դրամի (մոտ 1, 3 միլիոն դոլլար) երկրաբանական տեղեկատվություն, որպեսզի ռուսական կողմից համարժեք ֆինանսավորում ստանա` ՀՀ տարածքում ուրանի որոնումը շարունակելու համար։
Մեր կողմից նշենք, որ այս որոշումը կասկածի տակ է դնում պաշտոնական անձանց բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ Լեռնաձորում 2011թ. աշնանը ուրանի ծրագրով վերսկսած աշխատանքները ուրանի հետախուզման աշխատանքների եզրափակիչ մասն են, եւ, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանում ուրանի պաշարներ չկան:
Հունվար 11, 2012 at 14:23
