

Մերի Սողոմոնյան, Հետք
Լեռնաձորում ուրանի պաշարների հետախուզաորոնողական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն իր անձնակազմով ու հորատող տեխնիկայով դեկտեմբերի 22-ին հեռացավ Լեռնաձորից: Նախքան մայրաքաղաք մեկնելը «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Գեւորգյանը «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի ու «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք հեռանում են Լեռնաձորից, քանի որ ավարտվել են այս տարվա համար պայմանագրով նախատեսված որոնողական աշխատանքները, իսկ եկող տարի Լեռնաձորում պետք է շարունակվեն որոնողական աշխատանքները:
Թե ե՞րբ կվերսկսվեն դրանք եւ կրկին նույն ընկերությունը կիրականացնի՞ հետախուզական աշխատանքները, թե՞ ոչ, Յ. Գեւորգյանը պատասխանեց` չբացառելով, որ իրենք հնարավոր է չցանականան այսուհետ Լեռնաձորում որոնողական աշախաատանքներ իրականացնել` պայմանավորված հորատող սարքավորումի հրդեհման փաստով:
«Եկող տարվա համար ես ոչինչ չեմ կարող ասել, չի բացառվում, որ Էլի սենց աժիոտաժնի բաներ լինեն, մենք դեռ չգիտենք` կգա՞նք այստեղ, թե՞ չէ, նման պայմաններում էս աշխատանքը մեզ համար էնքան էլ հարմար չի: Ընկերությանը նյութական լուրջ վնաս են հասցրել` հրդեհելով հորատող մեքենան: Մենք պիտի պարզենք` ո՞վ է մեզ վնաս հասցրել, որ կազմակերպություններն են հրահրել դրանց, վաբշե խի՞ են տենց բաներ արել, կարող ա էլի գանք մի հատ էլ հրդեհեն, ի՞նչ ա նշանակում սա, այսինքն` էստեղ ոչ մի բան չի կարելի անել, հա՞: Գնում ենք, թե եկող տարի ի՞նչ ա լինելու, չեմ կարող ասել, բայց որ ծրագիրը շարունակվելու է, դա հաստատ է, իսկ որ սա մեր երկրին պետք է, դա միանշանակ է: Էստեղ բոլորը մասնավոր հանքեր են, նրանց կարելի ա, բայց հենց մի հատ պետական ծրագիր կա ուզում եք վնաս տաք, հա՞: Էս մի երկրում հենց էս միա հատ պետական ծրագիրն ա, սաղդ հարձակվել եք սրանց վրա, հիստերիա եք բարձրացրել` առանց մի բան հասկանալու, որ էստեղ ոչ մի վնասակար ու վտանգավոր բան չկա, մանիպուլյացիա եք անում, քաղաքական գործիչներն էլ իրենց հերթին են շահարկում: Մենք գտնելու ենք մեզ վնաս տվածին ու ձեր սարերի օրենքով պատժենք, սաղ մի հիմնարկ են ձեզ մոտ, միլիցիան էլ, էս մեկն էլ, էն մեկն էլ, դրա համար մենք կարող ա սպեցիալնի գանք, որ գտնենք մեղավորին»,- ասաց Յուրա Գեւորգյանը:
Որոնողական աշխատանքներն իրականացնող պատասխանատուի խոսքերով, 6 ամսվա կատարած հետախուզական աշխատանքների ժամանակ 2 տեղամասերում արած հորատանցքերից ուրանի պաշար չի հայտնաբերվել, իսկ իրենց կատարած հետախուզական աշխատանքները վտանգ չէին սպառնում տարածաշրջանի համար, եւ որ հանք շահագործելու մասին դեռ շատ վաղ է խոսել:
«Մեր էսօրվա տվյալներով, այն տեղամասերում, որտեղ աշխատել ենք, կոնկրետ ուրանի համար ոչ մի դրական բան չենք ստացել: Բոլորը գիտեն, որ այնտեղ ուրանի երեւակում կա, բայց մենք այդտեղ չենք աշխատել, աշխատել ենք այլ հատվածներում, որտեղ հնարավոր է տարածված լիներ: Իսկ այ վերջում ոսկու պաշարներ հայտնաբերելու ուղությամբ էինք աշխատում: Ինչ վերաբերում է նրան, որ հորատումները վտանգավոր են կամ հանք են շահագործելու, էկոլոգիական խնդիրներ են ստեղծելու եւ այլն, դրանք սաղ անիրական խոսակցություններ են: Ո՞վ ա ասել` պիտի շահագործենք, ի՞նչը պիտի շահագործենք, եթե ուրանի հանքավայր չկա, որտեղի՞ց պիտի շահագործենք: 98 տոկոսով կարամ ասեմ, որ տենց բան չի լինելու: Եթե մի բան չկա, ինչի՞ եք դրա մասին անընդհատ խոսում»,- շարունակեց «ԱԲՎԱՆ» ՍՊԸ տնօրենը:
«Հետքի» այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Լեռնաձորի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնում, Յ. Գեւորգյանը պատասխանեց. «Թողեք էդ մարդիկ աշխատեն, տեսնեն էդ գյուղացիների լոբին ուտելո՞ւ է, թե՞ ուտելու չէ: Մեր աշխատանքը մենակ օգուտ է տալիս, գյուղացուն դա պետք ա, որովհետեւ ռակով մեռնում են, եթե պարզվի` էնտեղ ուրանի հանքավայր կա, ապա պիտի էդ տարածքում մարդ չապրի էլ: Իսկ ուրանի անհրաժեշտ պաշարների հայտնաբերման դեպքում կթողնենք մեր հաջորդ սերունդն առավել անվտանգ օգտագործի: Դուք էստեղ ավելի շատ էկոլոգիական խնդիրներ ունենք, եկել ապագա խնդրի մասին եք մտահոգվում»:
Դեկտեմբեր 24, 2010
