Ավանում 30-35 մ բարձրությամբ բարդիներից մնացել են 5 մետրանոց կոճղեր (Լուսանկարներ)

Ավանում 30-35 մ բարձրությամբ բարդիներից մնացել են 5 մետրանոց կոճղեր (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մայիսի 10-ին եւ 11-ին Ավանի Բաբաջանյան  փողոցում գտնվող Երևանի Պետական ֆինանսատնտեսագիտական  քոլեջի տարածքում կատրավում էր բարդիների «խորը էտում»: 30-35 մ բարձրությամբ բարդիներից մնացել էին 5 մետրանոց կոճղեր: Սա ըստ Երեւանի քաղաքապետարանի, կոչվում է բարդիների երիտասարդացում:  Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Առաքելյանի և փոխտնօրեն Հենրիկ Պետրոսյանի խոսքերով` բարդիները վտանգավոր էին դարձել շրջակայքի համար:  Նրանք ԷկոԼուրին ներկայացրեցին քոլեջի տնօրենի նամակը` ուղղված Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանին: Նամակում նշված էր, որ բարդիներից մեկը ճոճվում է, եւ հնարավոր է` ընկնի ու մեծ վնաս պատճառի շենքերին ու ուսանողներին: «…Հետագա դժբախտություններից խուսափելու համար խնդրում եմ Ձեր թույլտվությունը չորացած ծառը հիմքից կտրելու, իսկ մյուսները ծայրատելու»,- մասնավորապես գրված է քոլեջի տնօրեն Վ. Մինասյանի նամակում: Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նամակով տեղեկացրել էր. «…Դիմել ենք Ավանի վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հանձնարարական տրվի համապատասխան ստորաբաժանմանը, բակում գտնվող բարդիները երիտասարդացնելու, իսկ մյուս դեկորատիվ ծառերը ձեւավորելու համար»:  Նշենք, որ Ավետ Մարտիրոսյանի նամակում չկա թույլտվություն ծառահատում կատարելու մասին:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ խորը էտումը վնասում է ծառին:  «Այն թուլացնում է ծառը հատկապես տարվա ցուրտ եղանակին, երբ ծառը պատրաստվում է ձմռան: Դա մեծացնում է ինֆեկցիայի ներթափանցման հավանականությունը: Երբ մշտապես խորը էտում է կատարվում, ինչը մենք հաճախ տեսնում ենք Երեւանում,  ապա ծառը պարբերաբար սթրեսի է ենթարկվում եւ կորցնում իր պաշտպանողական ուժերը»,-այս մասին ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում ասել է Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսիսյանը:

Մայիս 13, 2013 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր