

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշեց Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարաններ: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական շրջափուլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումից մինչև կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ, կերաշխավորվի իշխանի էկոլոգիական կայուն արտադրությունը:
Դեռևս 2014 թվականի օգոստոսի 21- ին գործադիրը որոշեց Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց հատկացնել 2 միլիարդ ՀՀ դրամ:
2014 թվականի սեպտեմբերի 4- ին գործադիրը որոշեց « Սևանի իշխան » ՓԲԸ - ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 180 հեկտար հողամաս: Հողամասը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք և Կարճաղբյուր գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող « Սևան » ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում: Այս հողերը տրամադրվում են Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար:
Հիշեցնենք, որ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023 թ - ը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով բուծել 50 հազար տոննա ձուկ, որոնք պետք է աճեցվեն ֆոսֆոր եւ ազոտ պարունակող 50000 տոննա արհեստական կերով:
Հունիս 10, 2015 at 19:00
