Կառավարության ծրագիր` հաշվի առնել, թե ինչ է պետք անել, եթե ուժեղ երկրաշարժ լինի

Կառավարության ծրագիր` հաշվի առնել, թե ինչ է պետք անել, եթե ուժեղ երկրաշարժ լինի

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնի ուսուցման պիլոտային ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Մասնագետների կանխատեսմամբ Կովկասում և Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) ցանկացած պահի հնարավոր է ուժեղ երկրաշարժ։ Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության իրազեկության բարձրացումը և սեյսմապաշտպանության վարքականոնի ուսուցումն է։ Այս, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ նիստում պարզաբանում են տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը և ՀՀ քաղաքաշինության նախարարը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Խնդիրը պետք է բաժանել մի քանի մասի։ Դուք նշեցիք, որ բազմաթիվ կանոնակարգեր ենք ընդունել, որոնք վերաբերում են նոր կառուցապատմանը։ Այսինքն, այդ առումով մենք պետք է վստահ լինենք, որ նոր կառուցվող շենքերը սեյսմակայուն են։ Երկրորդ խնդիրը գոյություն ունեցող շենք-շինությունների ամրապնդման հետ է կապված և բավական ծախսատար է։ Այն պետք է բաժանել երկու մասի։ Առաջին, Երևանում և հանրապետությունում մենք արդեն իսկ ունենք շենքերի հաստատված ցանկ, որոնք պետք է ամրապնդել, որպեսզի ապահովենք մեր ազգային անվտանգության խնդիրը։ Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է ամրացնենք այն շենքերը, որոնք այսօր կան։ Կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկվող նոր տեխնոլոգիաները ենթադրում են, որ կարող է լինել մասնավոր հատվածի հետաքրքրությունը և շահագրգռվածությունը` այս ուղղությամբ ներդրումներ կատարելու համար։ Նոր կոնստրուկցիաները, որոնք ապահովում են գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունություն, լայնածավալ կերպով պետք է տարածենք։ Պետք է համագործակցենք Երևանի քաղաքապետի հետ և տեսնենք, թե բարձրահարկ շենքերի բնակիչների շահագրգռվածությունն առկա է, թե ոչ, որովհետև դա կարող է լինել նաև եկամտաբեր գործառույթ, եթե առաջարկվող նոր տեխնոլոգիայով կարողանանք ամրապնդել շենքերը։ Ընդ որում, այդ աշխատանքները պետք է արագ կատարենք»։

Փետրվար 16, 2012 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր