

ԷկոԼուր
2012թ. փետրվարի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ հասարակական կազմակերպությունները («Transparency International» եւ «Էկոդար») այդ նիստի վերաբերյալ տարածել են երկու իրարամերժ մամլո հաղորդագրություններ:
Բնապահպանության նախարարության մամլո հաղորդագրություն
2012թվականի փետրվարի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը ՀՀ բնապահպանության նախարար, հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Հարությունյանի ղեկավարությամբ:
Նիստին մասնակցում էին միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեց.
- Օրհուսի կոնվենցիայի կողմերի 4-րդ հանդիպման արդյունքում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշուների կատարման ընթացքը,
- բնապահպանական տեղեկատվության հասանելիության և տարածման ապահովման խնդիրները:
Արձանագրվեց որ 2011թ-ի նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1122-Ա որոշումը, որով «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման նպատակով ստեղծվել և հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկված ներկայացուցիչներ:
2011թ-ի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1594-Ն որոշումը, որի 15-րդ կետով նախատեսված է 2012-2016թթ-ի ընթացքում իրականացնել 8 միջոցառում`
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կատարելագործում` հասարակայնության մասնակցության ընթացակարգի հստակեցում
- «Էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը
- «Էկոլոգիական տեղեկատվություն հավաքելու և տարածելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն 4. ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը
4. Հասարակայնությանը մատչելի տեղեկատվության էլեկտրոնային բազաների համալրում
5. Կոնվենցիայի գործողության ոլորտին առնչվող նյութերի հրատարակում
6. ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ բաժնի կատարելագործում
7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում
8. Դատավորների և դատավորի պաշտոնի թեկնածուների համար Էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի վերաբերյալ պարբերական դասընթացների կազմակերպում և անցկացում, որոնք վերաբերվում են «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարմանը: Ի կատարումն այդ որոշման ԱԺ-ի կողմից փետրվարին ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը անցել է հասարակական, իսկ ԱԺ-ում պառլամենտական լսումներ, որով ըստ էության հստակեցվել են հիմնական հասկացությունները, նախատեսվող գործունեություններն ըստ ազդեցության աստիճանի դասակարգվել են երեք կատեգորիաների (Ա, Բ և Գ)` դրանց համար սահմանելով տարբերակված ընթացակարգեր և լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ներառված են Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի Կոնվնցիայի հավելվածում («Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին»):
Օրենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, մասնավորապես, ներդրվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի վրա ռազմավարական էկոլոգիական գնահատման համակարգերը և նշված գործընթացների ընթացակարգերը: Հստակեցվել են փորձաքննության իրականացման ժամկետները և փուլերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, փաստաթղթրի վերաբերյալ հասարակական լսումների կարգը:
Օրենքը անցել է նաև միջազգային փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն:
2011թ-ի օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել է նախարարության պաշտոնական կայքի արդիկանացման նախագիծ: Աշխատանքերը կավարտվեն մինչև 2012թ-ի մարտի վերջ և ՀՀ բնապահպանության նախարարությունը կունենա արդի տեխնոլոգիաների պահանջներին համահունչ պաշտոնական կայք:
Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:
Հայտարարություն բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության վերաբերյալ
«Թրանսփարենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ Սոնա Այվազյան, «Էկոդար» ՀԿ իրավաբան Արթուր Գրիգորյան, Հետք
2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է N 1122-Ա որոշումը «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին»: Որոշումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայից բխող` Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր մշակելու, այդ պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները համակարգելու նպատակով:
2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր` «Ի կատարումն այդ որոշման՝ Ազգային ժողովը փետրվարին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն անցել է հասարակական, նաև խորհրդարանական լսումներ»:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Իրականում, վերը նշված օրենքի նախագիծը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածին համապատասխան հասարակական լսումներ չի անցել, Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել եւ ԱԺ-ի կողմից ընդունվել է անօրինական ընթացակարգով:
Այդ օրենքի ընդունման դեմ թե 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ թե այս օրերին շահագրգիռ հասարակությունը հիմնավորված կերպով դեմ է արտահայտվել: Նույն օրը` փետրվարի 14-ին, մեծ թվով ՀԿ-ներ եւ անհատներ դիմում են ներկայացրել ՀՀ նախագահին` պահանջելով օրենքը վերադարձնել ԱԺ` նոր քննություն իրականացնելու համար:
Բացի այն, որ նշված օրենքը ընդունվել է անօրինական ընթացակարգով, օրենքում տեղ գտած դրույթները չեն համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ներկայացրած պահանջներին, ինչի մասին մանրամասն նշված է նախագահին ուղղված պահանջում:
Հանձնաժողովի նիստի ընթացքում, ներկայացնելով Օրհուսի կոմիտեի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ այդ պահանջի կատարման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հարկ է նշել սակայն, որ հանձնաժողովի ստեղծումն ինքնին չի կարող դիտվել որպես Օրհուսի կոմիտեի պահանջների կատարմանն ուղղված միջոցառում: Կոմիտեի որոշման համաձայն, Հայաստանի կառավարությունը պետք է մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը իրական քայլեր ձեռնարկի ներկայացված պահանջները կատարելու ուղղությամբ, սակայն հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է միայն նույն ամսվա փետրվարի 14-ին:
Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմինները իրականում նպատակ չեն հետապնդում ապահովել Կոմիտեի պահանջների կենսագործումը, այլ ընդամենը տարվող աշխատանքի իմիտացիա են ստեղծում` հերթական անգամ ժամանակ շահելու համար:
Վերոգրյալի մասին է վկայում նաեւ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այն ապակառուցողական մոտեցումները, թե իբր Հայաստանը չի խախտել Օրհուսի կոնվենցիան:
Հակառակ այդ պնդմանը, հարկ ենք համարում մեջբերել Կոմիտեի որոշման եզրափակիչ մասը` «Ի գիտություն ընդունելով III/6b որոշման իրագործման ուղղությամբ Մասնակից պետության կողմից շարունակաբար գործադրվող ջանքերը, Կոմիտեն գտնում է, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ)»:
Հուսով ենք, որ բնապահպանության նախարարը եւ աշխատակիցները հետայսու կդրսեւորեն կառուցողական մոտեցում, եւ հանձնաժողովի գործունեությունը միտված կլինի սեղմ ժամկետներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված իրական եւ արդյունավետ քայլեր ձեռնարկելուն:
Հակառակ դեպքում հանձնաժողովի գործունեությունը դառնում է անիմաստ, իսկ մեր մասնակցությունը ընդամենը լեգիտիմացնելու է բնապահպանության նախարարություն անհամարժեք գործողությունները: Ելնելով հանձնաժողովի աշխատանքային տրամադրվածությունից եւ մոտիվացիաներից` մենք որոշում կկայացնենք այդ հանձնաժողովում մեր մասնակցության հարցի վերաբերյալ:
Փետրվար 17, 2012 at 17:33
