Երեւանի քաղաքապետը որոշել է հաշվել, թե որքան ծառ է մնացել մայրաքաղաքում

Երեւանի քաղաքապետը որոշել է հաշվել, թե որքան ծառ է մնացել մայրաքաղաքում

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը: Այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել և համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր ծառերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ  պետք է գույքագրի մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու համարակալի ծառերը, որի հիման վրա կկազմվի առկա ծառերի և կանաչ գոտիների մասնագիտական քարտեզ, որը հնարավորություն կընձեռի վերահսկելու մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տվյալ տարածքներում ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը: Հատկապես վերջինի մասով կդրվի նաև պայմանագրային խիստ պահանջ, համաձայն որի, ծառերի ու կանաչ գոտիների նկատմամբ չնախատեսված կամ ոչ մասնագիտական յուրաքանչյուր միջամտության դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հավաստմամբ, աշխատանքային խումբը նաև կգույքագրի և քաղաքապետին կներկայացնի առաջարկներ բոլոր այն տարածքների վերաբերյալ, որտեղ հնարավոր կլինի կանաչապատման և անտառվերականգնման ծրագրեր իրականացնել:
Նշենք նաև, որ այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար մշտադալար ծառեր ու թփեր, ավելի քան 20 հազար դեկորատիվ ծառեր: Բացի այդ, նախատեսվում է վարչական շրջաններում անցկացնել 20 հազար գծամետր ոռոգման ցանց, ինչպես նաև ավելի քան 1մլն 700 հազար տարատեսակ ծաղիկներով ավելացնել ծաղկային տարածքները` հասցնելով այն 5,5 հեկտարի:

Փետրվար 06, 2012 at 11:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր