412 կողմ, 1 դեմ. Մեղրաձորի բնակիչները կողմ են Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագծին

412 կողմ, 1 դեմ. Մեղրաձորի բնակիչները կողմ են  Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագծին

ԷկոԼուր

Փետրվարի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում անցկացվեցին  Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագծի հասարակական լսումները:  Նախագիծը ներկայացրել է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն: Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունը իրենց նախագծի մասին տեղեկացրել է նախորոք և համայնքապետարանում օգոստոսի  26-ից 28-ը անցկացվել է ստորագրահավաք՝ պարզելու համար` կողմ են բնակիչները նոր նախագծին, թե ոչ: Ըստ Կառլեն Հովհաննիսյանի ներկայացրած ցուցակի՝ բնակիչներից 412 կողմ է: Դեմ է եղել միայն մեկ բնակիչ: Մեղրաձոր համայնքում բնակվում է 2600 բնակիչ: Գյուղապետի խոսքերով՝ բնակիչներից շատերը մեկնել են արտագնա աշխատանքների, ինչի պատճառով էլ չեն կարողացել մասնակցել ստորագրահավաքին: Նախորոք իրենց համաձայնությունը տված բնակիչները չէին եկել հասարակական լսումներին: Ընդհանուր առմամբ լսումներին մասնակցում էր մի քանի բնակիչ:

Նախագծի հեղինակ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը սակավաթիվ մասնակիցներին ներկայացրեց նոր նախագիծը, ըստ որի  առաջարկվում է ոսկի կորզել գրավիտացիոն և ֆլոտացիոն եղանակով: Տարեկան կվերմշակվի  120 000 տոննա հանքաքար: Առաջացած պոչերը  կպահեստավորվեն Մեղրաձորի  հանքում:

Հիշեցնենք, որ սա Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկայի երրորդ նախագիծն է, որը «Մերաձոր Գոլդ» ՍՊԸ-ն ներկայացնում է բնապահպանական փորձաքննության: Առաջին նախագծով ընկերությունը ցանկանում էր ոսկի կորզել ցիանիդի միջոցով, որը հանդիպեց տեղի բնակիչների եւ լայն հասարակայնության դիմադրությանը, եւ բնապահպանության նախարարությունը հետ վերադարձրեց ընկերությանը նախագծային փաստաթղթերը: Երկրորդ նախագծով էլ առաջարկվում էր ոսկի կորզել ոչ պակաս վտանգավոր եւ թունավոր թիոմիզանյութով, որը նույնպես հավանության չի արժանացել:

«Մեղրաձոր Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը նշեց, որ ընդհանուր աշխատակիցների 80 տոկոսը լինելու են համայնքից և բացի աշխատատեղերի տրամադրումից իրենք համայնքի բյուջեին ամեն ամիս տրամադրելու են 4 միլիոն դրամ՝ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով:

Շռայլ խոստումները և ընկերության ու նախագծողի կողմից անվտանգության վերաբերյալ երաշխիքները այլևս ոչ մի կասկած չթողեցին համայնքապետի և բնակչության մեջ:

Մանրամասները` տեսանյութում:



Փետրվար 12, 2014 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր