

ԱրմԻնֆո
Հայաստանի բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանով հետաքրքրվել են իրավապահ մարմինները:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին միանգամից մի քանի քրեական գործ էր հարուցվել 2006-2008 թթ. Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար հայտամրցույթում հաղթած ընկերությունների նկատմամբ: Իրավապահ մարմինների տեսադաշտում են հայտնվել «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն» և «Գ.Էլոյան և որդիներ» ընկերությունները` ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների շնորհիվ, որոնցում նշվում էր, որ չկատարված մաքրման աշխատանքների արդյունքում ջրի տակ են հայտնվել մի քանի տասնյակ հեկտար զբաղեցնող ծառեր ու թփեր: Ուշագրավ է, որ չնայաժ դրան, ընկերությունների աշխատանքն ընդունվել և վավերացվել էր «Սևան ազգային պարկի» և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, «Գ.Էլոյան և որդիներ» ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «առանձնակի խոշոր չափերի գույքի յուրացում», «Տրի Գրենի» նկատմամբ`179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերի գույքի յուրացում): Այդ գործերի առնչությամբ նշանակվել են համալիր ստուգումներ Ֆինանսների նախարարության և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ «Ուայթ Գեյթի» նկատմամբ` 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308 հոդվածի 2-րդ մասով և 315 հոդվածի 2-րդ մասով (անփութություն և պաշտոնեական դրության չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների): Պաշտոնական տեղեկատվության համաձայն, տվյալ պահի դրությամբ մեղադրյալներ չկան: Սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Արտաշես Զիրոյանը նույնպես անցնում է քրեական գործով, սակայն առայժմ հայտնի չէ, թե որպես ինչ: «Հայացք» թերթի հրապարակման համաձայն, հենց Զիրոյանն է ընդունել կատարված մարքման աշխատանքների մասին ակտերը:
Ավելացնենք, որ արդեն առաջին անգամ չէ, որ Բնապահպանության նախարարությունը հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում: 2009 թվականի դեկտեմբերին նախարարությունում իսկական կոռուպցիոն սկանդալ պայթեց, երբ Բնապահպանական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը բռնվեցին 5 մլն դրամ կաշառք վերցնելիս: Հեշտ փողերի սիրահարները դատապարտվեցին համապատասխանաբար 7 և 10 տարվա ազատազրկման:
Սեպտեմբեր 28, 2010
