Սեւանի խնդիրների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի հասարակությունը մտադիր է նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը

Սեւանի խնդիրների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի հասարակությունը մտադիր է նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը

ԷկոԼուր

Սևանա լիճը կանգնած է լուրջ ռիսկերի առջև, ահազանգում է Գեղարքունիքի մարզի ակտիվ հասարակությունը: Սույն թվականի նոյեմբերի 29-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Գեղարքունիքի մարզի բնապահպանական ռիսերը» թեմայով քննարկման ընթացքում հասարակական սեկտորը բարձրաձայնեց Սևանա լճին սպառնացող խնդիրները և ռիսկերը:

«Սևանա լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն արդեն բաց է թողնվել 270 միլիոն խմ ջուր: Արդյունքում, Սևանա լճի մակարդակն արդեն իջել է 5 սանտիմետրով: Սևանա լճի համար դա մահ է», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Անդրադառնալով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրին»` Ինգա Զարաֆյանը նշեց, որ ծրագիրը բնապահպանական չէ. «Սևանում պետք է 50 հազար տոննա ԳՄՕ, ազոտ եւ ֆոսֆոր պարունակող արհեստական կերի հաշվին աճեցնեն 50 հազար տոննա ձուկ: Անվճար օգտագործվում է Սևանի ջուրը, աղտոտվում է լիճը: Արդյունքում Սեւանա լճում մենք կունենանք`

  • 50 000 տոննա ԳՄՕ, ԱԶՈՏ, ՖՈՍՖՈՐ պարունակող արհեստական կեր
  • ցանցավանդակներից բաց թողնված հիվանդ և սատկած ձկներ
  • բնական իշխանի գենոֆոնդի փոփոխություն
  • ջրի որակի կտրուկ վատթարացում
  • Սևանա լիճը փակ է դառնալու ափամերձ համայնքների համար»:

«Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանն ասաց. «Մեր վարձակալների 90 տոկոսը տարածքները ամբողջությամբ փակում են: Իրենք պարտավոր են իրենց տարածքից 20 տոկոս տարածք հատկացնել ազատ, որպեսզի մարդը կարողանա մտնի լիճ, այդ լիճը իրենց սեփականությունը չէ, բայց այդ տարածքները ցանկապատված են, մեծ պարիսպներ են կառուցված և մեծ կողպեքներով էլ փակված» Ըստ Լիանա Ասոյանի` Հայաստանի աղբի 50 տոկոսը հավաքվում է լճում, ինչը մեծ բնապահպանական խնդիր է լճի համար:

Ներկաներին մտահոգում էր նաև Սոտքի հանքավայրը: «Եթե դուք տեսնեք այդ տարածքում դատարկ ապարները ինչ ձևով են լցված…բառեր չեմ գտնում ասելու՝ ինչ են արել այդ տարածքի հետ», - ասաց Լիաննա Ասոյանը:

Նրա կարծիքով՝ Սևանի ուսերին ծառացած խնդիրից են Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որոնք ուղղակի կերպով արգելք են հանդիսանում ձկան բնական վերարտադրման համար: «Հեշտությամբ գետի հունը փոխում են, գետի ջրի դեմը փակում են, մենակ իրենց գրպանների պարունակությունը ավելանա: Ամենավատ նախագծերից մեկը Արգիճի ՓՀԷԿ-ն է: Աշխարհում չկա այդպիսի նախագիծ, որ գետը 12 կմ մտնի խողովակի մեջ: Այդ 12 կմ ճանապարհին մենք ունենք մի մեծ էկոհամակարգ, որտեղ ամեն քայլափոխին Կարմիր գրքում գրանցված և կենդանատեսակներ, և բուսատեսակներ կան, և այդ տարածքում, վերջապես, մարդիկ են ապրում: Իմ հաշվարկներով՝ ՀԷԿ-ի խողովակն արդեն 5 անգամ  պայթել է՝ ողողելով գյուղացիների հողատարածքները, բայց իրենք պաշտոնական 3 անգամ են ասում», - ասաց Լիաննա Ասոյանը՝ նշելով, որ մաքուր մեխանիզմների անվան տակ փորձում են շրջակա միջավայրը ոչնչացնել:

«Ո՞վ ասեց, որ Արարատյան դաշտի ջրի խնդիրը լուծելու համար դուք իրավունք ունեք հենց այնպես վերցնեք և 170 միլիոնը դարձնեք 270 միլիոն՝ առանց որևէ գիտական հիմնավորման և ուսումնասիրություն կատարելու: Ծով չունեցող, օվկիանոս չունեցող պետությունը այսօր ԱՊՀ երկրների տարածքում ձկան արտահանման տոկոսով առաջին տեղում է: Պատկերացնում եք՝ մեր ռեսուրսների հաշվին այդքան հսկայական ծավալների ձուկ են մի քանի հոգի աճեցրել, արտահանել Հայաստանից և լցրել իրենց գրպանները»,- իր վրդովմունքը հայտնեց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը:  

Հանդիպման ավարտին Անահիտ Գևորգյանը ասաց. «Ի՞նչ օգուտ ունենք մենք այդ ձկնաբուծարանից, այդ ՀԷԿ-ից, այդ ոսկու հանքից…որևէ մեկիդ էլեկտրաէներգիան մեկ դրամով էժանացրե՞լ են… Այսօր ժողովրդի 95 տոկոսը տարված է իր սոցիալական խնդիրներով և չգիտի՝ ինչ է իրականում կատարվում Սևանի հետ»:

Սեւանի խնդիրների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի հասարակությունը մտադիր է նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը:



16:52 Դեկտեմբեր 02, 2014


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news