Սևանա լճին բյուջեից հատկացվող գումարներն ըստ առաջնահերթության չեն ծախսվում. Ի. Զառաֆյան

Սևանա լճին բյուջեից հատկացվող գումարներն ըստ առաջնահերթության չեն ծախսվում. Ի. Զառաֆյան

www.1in.am

Սևանա լճին բյուջեից հատկացվող գումարներն ըստ առաջնահերթության չեն ծախսվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը`արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած Հայաստանի նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի այն հայտարարությանը, թե Սևանա լճի մակարդակը 1900 մետր է:

Այս ցուցանիշը Ինգա Զառաֆյանը իսկապես դրական տեղաշարժ համարեց, բայց ընդգծեց, որ դրան զուգահեռ պետք է այլ խնդիրների վրա ևս ուշադրություն դարձնել:

«Սևանա լճի մոտ մենք ունենք մոտավորապես 20-ից ավելի հանքավայրեր և դրանց հասցրած վտանգը շատ բարձր է: Անընդհատ խոսում են մաքրման կայանների կառուցման շուրջ, բայց անընդհատ այդ հարցը ձգձգվում է: Սրանք առաջնահերթություններն են Սևանի: Անընդհատ բնապահպանները ահազանգում են հանքավայրերի մասին. ինչքան խոսում ենք, այնքան դրանք շատանում են: Սոթքի ոսկու հանքավայրի պատճառով դեպի Սևան երկու գետ պոչամբարներ են դարձել, որը խայտառակություն է, բացի այդ՝ մայիսից սկսած այդ ջարդիչ սարքն աշխատում է, ինչքան երկար է աշխատում, այնքան շատ է աղտոտվում Սևանա լիճը»,- նշեց Ինգա Զառաֆյանը`հավելելով, որ
այդ ջարդիչ սարքն աշխատում է առանց փաստաթղթերի: Նա ենթադրում է, որ եթե չի դադարեցվում սարքի աշխատանքը, ուրեմն քաղաքական ուժն ի զորու չէ այն կանգնեցնել:

Անդրադառնալով դրական տեղաշարժերին` բնապահպանն ասաց, որ լճի մակարդակը բարձրանում է, որովհետև ամեն տարի պետբյուջեից գումար է տրամադրվում Սևանում միջոցառումներ անցկացնելու համար: Ըստ բնապահպանի` իհարկե ինչ-որ բան արվում է, բայց ոչ ըստ առաջնահերթության: «Ամեն տարի գումար է հատկացվում, ոչինչ չանե՞ն: Պարզ է, որ կանեն ինչ-որ բաներ: Կիսով չափ են աշխատանքներն արվում, իսկ այն մասը, որը արդյունք պետք է տա, չի արվում»,- նշեց Ինգա Զառաֆյանը`հավելելով, որ երկու առաջնահերթություններն են մաքրման աշխատանքները և հանքավայրերի ազդեցության նվազեցումը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Մովսիսյանը ևս համարել էր, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը գործի միայն սկիզբն է, պետք է շարունակել ափամաքրման աշխատանքները:

Մարտ 05, 2012 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր