ՀՀ Օմբուդսմենի զեկույց՝ Սևանից ոռոգման նպատակով վերցված ջուրը ոչ բոլոր դեպքերում է օգտագործվել ոռոգման համար

ՀՀ Օմբուդսմենի զեկույց՝ Սևանից ոռոգման նպատակով վերցված ջուրը ոչ բոլոր դեպքերում է օգտագործվել ոռոգման համար

ԷկոԼուր

Ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառի արդյունքում վերցված ջուրը ոչ բոլոր դեպքերում է օգտագործվել ոռոգման համար: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝

 «2014 թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկլան զեկույցում։ Սա Օմբուդսմենը համարում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բաց թողումը։ Զեկույցում այս կապակցությամբ ասված է․ «2014 թվականին Կառավարության որոշման հիման վրա Սևանից բաց է թողնվել 270.0 մլն մ3 ջուր՝ նախկինում սահմանված 170.0 մլն մ3 –ի փոխարեն, ինչը մի շարք դեպքերում ոչ միայն չի ծառայել իր հողատարածքների ոռոգման նպատակին, այլև` վտանգել է Սևանի, որպես Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի, գոյությունը: Թեև բարձրաձայնված խնդիրը պատճառաբանվել է երաշտի առկայությամբ, այնուամենայնիվ, մասնագետների պնդմամբ՝ 2014 թվականի ընթացքում եղել են բավարար քանակությամբ անձրևներ, իսկ պատասխանատու մարմինների կողմից նշված ձնհալից և այլ եղանակներով ջրամբարներում հավաքված ջրի կորուստ չէր գրանցվի, եթե դրանք սարքին լինեին և արտահոսք չունենային: Նշենք, որ ջրառի արդյունքում վերցված ջրի օգտագործման արդյունավետության ստուգման նպատակով բնապահպանները կամավորության սկզբունքով կատարել են ստուգայցեր Հայաստանի համապատասխան բնակավայրեր, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ջրառի մի մասն անցկացվել է առանձին հիդրոէլեկտրակայաններով, իսկ աշխատած ջուրը տուրբիններից հետո լցվել է գետը և գնացել հարևան երկրներ: Նրանց պնդմամբ՝ ջուրը բաց է թողնվել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց տալու պատրվակով, բայց իրականում այն նրանց ոչ միշտ է հասել: Միաժամանակ, բնապահպանները ջրառից հետո ոռոգման համակարգի փոփոխությունների և ազդեցության վերաբերյալ հարցումներ են իրականացրել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց շրջանում, որի ընթացքում բոլոր հարցվածները բողոքել են, որ ջուր չեն ստացել, այգիները, ցանքսերը չորանում են: Նշենք նաև, որ Բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ 2014 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխություն նախատեսող համապատասխան օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ սահմանված ժամկետներում չի կարողացել գրավոր եզրակացություն ներկայացնել` նախագիծը հրատապ կարգով ՀՀ ԱԺ-ում ընդունվելու պատճառով: Հիշեցնենք, որ Նախարարության նպատակներից և խնդիրներից են՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը, ոռոգման ծրագրերի մշակումը և իրականացման մոնիթորինգը, իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը, ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը: Նշվածը վկայում է, որ Նախարարությունը պետք է հետևողական լինի՝ պարզելու, թե արդյոք Սևանից բաց թողնված ջուրը օգտագործվել է ոռոգման նպատակով, իսկ նշված բնական ռեսուրսի օգտագործման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության համար պետք է նաև տեղեկացված լինի, թե բաց թողնված ջրով կոնկրետ որ տարածքներն են ոռոգվել և ինչ հաճախականությամբ: Ավելին, Նախարարությունը պետք է համապատասխան դիտարկումների միջոցով վերահսկի, որպեսզի ջրի բացթողումը ուղղված լինի բացառապես ոռոգման ապահովմանը` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը վերաբերում է միայն ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառին:

Առաջարկ. պատշաճ վերահսկել, որպեսզի Սևանա լճից բաց թողնված ջուրը օգտագործվի բացառապես ոռոգման նպատակներով, ինչպես նաև լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական նոր փոփոխություններ մշակելիս պատշաճ կերպով քննարկել դրանք բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

Ապրիլ 24, 2015 at 12:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր