Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևանում առգրավել է 36 կիլոգրամ ապօրինի որսված ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևանում  առգրավել է  36 կիլոգրամ ապօրինի որսված ձուկ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների և լրագրողների հետ համատեղ դեկտեմբերի 22-ին շրջայց կատարեցին Երևանում` ապօրինի որսված ձկների վաճառքի դեպքեր հայտնաբերելու համար: Հայտնաբերվեց և առգրավվեց 36 կգ ձուկ: «Մեր նպատակը ամենևին այն չէ, որ կիրառենք պատժիչ գործողություններ, ուղղակի կոչ եմ անում ազգաբնակչությանը, այն  անձանց,   ովքեր զբաղվում են տվյալ գործունեությամբ, զերծ մնալ դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում նման գործունեությամբ զբաղվելուց»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը:

Ձկան ապօրինի վաճառքի դեպքեր հայտնաբերվեցին Նոր Նորքի շուկայում, Շենգավիթ վարչական շրջանում և Մաշտոցի պողոտայում: Մաշտոցի պողոտայում առգրավվեց վաճառվող ձկան մի մասը. «Քանի որ մեր խնդիրը բացատրական աշխատանքներ տանելն է, մեկ դեպքի մասով մենք առգրավվել ենք ձկան մի մասը` պայմանով, որ  այսօրվանից իրենք դադարեցնեն իրենց գործունեությունը, մինչև արգելքի ավարտը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Առգրավված ձուկը սննդի անվտանգության ծառայության լաբորատորիայում ստուգում անցելուց հետո ուղարկվեց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահապանության նախարարի հրամանով  2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում  արգելված է ձկան և խեցգետնի որսը:



Դեկտեմբեր 22, 2017 at 20:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր