Ողջի գետն աղտոտվել է ԶՊՄԿ-ի պոչերով

Ողջի գետն աղտոտվել է ԶՊՄԿ-ի պոչերով

ԷկոԼուր

Հուլիսի 7-ին ԷկոԼուրը ստացավ Ողջի գետի լուսանկարներ և տեսանյութ, որոնցում երևում էր, որ գետը դարձել է մոխրագույն: Ահազանգողը նշեց, որ մոտ երեք ժամ գետով հոսել է մոխրագույն ջուր, որի պատճառը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչատար խողովակաշարի վթարն է եղել: «Այդ ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում: Ջուրն անդուր հոտ ուներ»,- ասաց ահազանգողը:

Սյունիքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողակաշարի վթարները լինում են պարբերաբար և կոչ են անում պատկան մարմիններին՝ գիտակցել խնդրի լրջությունը և համարժեք վարքագիծ դրսևորել:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցման, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ տեսչության աշխատակիցներն այցելել են դեպքի վայր և պարզել, որ հուլիսի 7-ին՝ առավոտյան ժամը 7:15-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակաշարի զոդման հանգույցում տեղի է ունեցել վթար: Հողի աղտոտում չի հայտնաբերվել: Պոչատար խողովակաշարի զոդումն իրականացվել է 5 րոպեի ընթացքում, իսկ պոչատարի վերաբեռնավորումը տեղի է ունեցել 15 րոպեի ընթացքում:

Հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում իրականացվել է Ողջի գետի ջրի նմուշառում լաբորատոր ուսումնասիրության համար: Վարչական վարույթի և Ողջի գետի ջրի նմուշառման լաբորատոր ուսումնասիրության արդյունքների մասին տեսչական մարմինը կտեղեկացնի լրացուցիչ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Հուլիս 08, 2019 at 18:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր