Հրազդան գետ լցված փրփրաջրերի թափման կետում բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները

Հրազդան գետ լցված փրփրաջրերի թափման կետում բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները

Հուլիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել 3 կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև:
Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների փրփրաջրի թափման կետում բավականին բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:

◾️Ամոնիում իոնի կոնցենտրացիան մինչև թափման կետ 0.5 մգN/լ է, թափման կետում՝ 19.3 մգN/լ է, ինչի հետևանքով թափման կետից ներքև կոնցենտրացիան ավելանում է՝ հասնելով 4.4 մգN/լ:

◾️Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մինչև թափման կետ 0.4մգ/լ է, թափման կետում՝ 3.0 մգ/լ է, իսկ թափման կետից ներքև՝ 0.6 մգ/լ:

◾️Թթվածնի քիմիական պահանջարկի կոնցենտրացիան մինչև թափման կետ 35 մգO2/լ է, թափման կետում՝ 200 մգO2/լ է, իսկ թափման կետից ներքև՝ 50 մգO2/լ:

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի N75-Ն որոշմամբ հաստատված նորմերի՝ Հրազդան գետի ջրի որակը՝ մինչև փրփրաջրի թափման կետը 4-րդ դաս է՝ «անբավարար» որակ, իսկ թափման կետում և թափման կետից հետո՝ 5-րդ դաս՝ «վատ» որակ: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: 

ԷկոԼուրը դիմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե տեսչական մարմինն արդյոք պարզել է մեղավորներին, ինչ վնաս է պատճառվել բնությանը և ինչ տուգանք է սահմանվել: Տեսչության պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:

Հուլիս 20, 2022 at 17:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր