

Մարիաննա Գրիգորյան, ԱրմենիաՆաու
Ալավերդում անոմալ ծնունդների աճի պատճառ է համարվում պղնձաձուլական կոմբինատը
22-ամյա Անահիտ Հակոբյանը ստիպված էր հրաժարվել իր ապագա երեխայից, քանի որ Ալավերդու ծննդատան բժշկուհին գերձայնային հետազոտության ժամանակ հայտնեց նրան, որ պտուղը կյանքի հետ անհամատեղելի արատ ունի:
«Երեխայի մոտ բացակայում էր ուղեղի հատվածը: Անահիտին հղիության 7-րդ ամսում արհեստական ծննդալուծում կատարեցինք»,- ասում է Ալավերդու ծննդատան կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը:
(Հիվանդի անունը փոխված է` անձնական կյանքի գաղտնիությունը պահպանելու նպատակով:)
Բժիշկներն ասում են, որ նման արատները վերջին շրջանում հաճախակի են դարձել Ալավերդում ու շրջակա բնակավայրերում:
«Բժիշկ, երեխաս նորմա՞լ է» հարցը ամենահաճախն է հնչում Հայաստանի հյուսիսում գտնվող այս քաղաքի ծննդատան կոնսուլտացիայի բաժնում:
Ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանն ասում է, որ հղիների մտահոգությունը տեղին է: Նա ասում է, որ երբ հաշվետվություն է ներկայացնում առողջապահության նախարարություն, վիճակագրական բարձր ցուցանիշների վրա հաճախ են զարմանում:
«Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերել ենք հիդրոցեֆալիա (գլխի ջրակալում), անէնցեֆալիա (գլխուղեղի մի մասի բացակայություն), «երկգլխանի» պտուղ (ջրով լցված գլխանման պարկ) և այլ արատներ»,- ասում է Ազատյանը:
«Դրանք հիմնականում կյանքի հետ անհամատեղելի արատներ են, և մինչև ծննդաբերությունը արհեստական վիժում է կատարվում»:
Ազատյանն ասում է, որ նման արատների առկայության պարագայում արդեն սովորական են դիտվում, օրինակ, գայլի երախով ու նապաստակի շրթունքով, առանց ուսի կամ մարմնից միանգամից ներաճած ոտքի թաթով արատավոր երեխաների ծնունդները, որոնք կյանքի հետ համատեղելի են:
«Արատները գիտության մեջ բացատրվում են կամ ժառանգական գործոնով, կամ ծնողների անկանոն սեռական վարքով և տարած ինֆեկցիոն ու սեռական հիվանդություններով, կամ էլ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ»,- ասում է բժիշկը:
ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն` Ալավերդում գտնվող «Էյ-Սի-Փի» պղնձաձուլական կոմբինատի վնասակար նյութերի արտանետումները գերազանցում են նորման մի քանի անգամ (արտանետվում են ծծմբի երկօքսիդ, փոշի, կապար, ցինկ, արսեն):
«Ինչ խոսք, արատների առաջացումը մեծապես կապված է աղտոտված միջավայրի հետ, քանի որ արտանետվող գրեթե բոլոր նյութերն էլ կարող են օրգանիզմում դեֆորմացիաների և արատների պատճառ դառնալ,- ասում է առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: – Սակայն այլ գործոնները ևս պետք չէ բացառել»:
Չնայած այլ գործոններին, Ալավերդում անոմալ ծնունդների և արատների ի հայտ գալը բժիշկները, բնակիչները, ՀԿ-ներն ու բնապահպանները հիմնականում կապում են հենց աղտոտված շրջակա միջավայրի հետ:
«1980-2004 թթ. Բնածին արատները Հայաստանում կրկնապատկվել են,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը: – Սա մի խնդիր է, որ հենց այսօր լուծման կարիք ունի, վաղն արդեն ուշ կլինի: Մենք պետք է մեր գենոֆոնդը փրկենք: Ահազանգը պետք է այսօր հնչեցվի: Եթե կազմենք մի քարտեզ և նշենք Հայաստանի բոլոր այն շրջանները, որտեղ այս խնդիրը կա, ապա Ալավերդին կառնենք սև շրջանակի մեջ»:
Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ «սև շրջանակը» Հայաստանում հատուկ է ոչ միայն Ալավերդուն:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` եթե 1988 թվականին 100 հազար բնակչի հաշվով բնածին արատներով և շեղումներով ծնունդների ցուցանիշը 84,8 էր, ապա 2005-ին այն հասել է 125,7-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005 թ. հաշվետվության մեջ ԱՊՀ-ում անոմալ ծնունդներով և նմանատիպ խնդիրներով Հայաստանը գտնվում է երկրորդ տեղում Ղրղզստանից հետո:
Առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ անոմալ ծնունդների խորքային պատճառները պարզելու համար գիտական հետազոտություն է անհրաժեշտ:
«Ոչ մի հստակ եզրակացություն չի կարող լինել, թե ինչի հետևանք են բնածին արատները,- ասում է Սարիբեկյանը: – Թիվը, իհարկե, աճել է, սակայն հստակ պատասխանի համար պետք է վերլուծություն, ուսումնասիրություն լինի, որը չկա»:
Իսկ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ իրենց փոքր հետազոտությունները հնարավորություն են տալիս եզրակացություններ անել:
Մասնագետները մատնանշում են մի քանի գործոններ, որոնք խթանում են բնածին շեղումների և արատների թվի աճը` տրանսպորտային միջոցների արտանետումներ, գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների անվերահսկելի օգտագործում, արտադրական արտանետումներ, օդի բարձր աղտոտվածություն և այլն:
«Անոմալ ծնունդները լուրջ խնդիր են Հայաստանի համար,- ասում է Մանվելյանը: – Թվում է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում արտադրությունը նվազել է, փակվել են գործարանները, սակայն անոմալ ծնունդները և նմանատիպ խնդիրները գնալով ավելանում են, քանի որ եղած խնդիրները չեն վերահսկվում, և շրջակա միջավայրի աղտոտվածությանն ուշադրություն չեն դարձնում»:
Փետրվար 15, 2012 at 15:15
