

ԷկոԼուր
Վերջին տարում երկրի տարբեր մարզերում նկատվում է կենդանիների անոմալ ծնունդների աճ: Օրերս գրեթե միաժամանակ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում լույս աշխարհ եկավ հորթ` թերզարգացած ոտքերով եւ մարմնի արտաքին կողմին սերտաճած ներքին օրգաններով, իսկ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ծնվեց երկգլխանի եւ վեցոտանի հորթ: Հորթուկները չապրեցին: Նրանց հետազոտեցին անասնաբույժերը եւ եզրակացրեցին, որ անոմալիաներից կարելի է խուսափել, եթե արհեստական բեղմնավորում արվի: Մեր անասնաբույժների ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ անոմալ ծնունդների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության վերաբերյալ հսկայական գիտական գրականություն գոյություն ունի:
Այդ հետազոտությունները մեծ արժեք ունեն, եզրկացությունները շատ զգույշ են արված: Միայն բազմաթիվ փորձերից եւ կոնկրետ արատավոր ծնունդների դեպքերի դիտարկումներից հետո են գիտնականները եզրակացություն անում. «Որոշակի գեներ կարող են պայմանավորել արատավոր ծնունդ, բայց որպեսզի դա լինի, անհրաժեշտ է մեկ կամ մի քանի էկոլոգիական գործոնների առկայություն» («Врожденные дефекты и окружающая среда», 2004, Б. Мекдеки, Т.Шедлер, Science and Environmental Health Network):
Դա նշանակում է, որ մենք, վատացնելով շրջակա միջավայրը, կյանքի ենք կոչում թերի գեներ եւ թուլացնում ենք պաշտպանողական ուժերը:
Մեր կարծիքով` պետք չէ սպասել մինչեւ ծնվեն երկգլխանի եւ վեցոտանի երեխաներ, եւ պետք է արհեստական բեղմնավորման փոխարեն պարզապես խնամել եւ պահպանել մաքուր շրջակա միջավայրը:
Լուսանկարը եւ տեսանյութը վերցված են www.news.armeniatv.com կայքից
Փետրվար 06, 2012 at 10:58
