

ԷկոԼուր
«Սատարենք Ուռեկիի բնակչությանը», «Ստեղծեք սեր, ոչ թե պատեր», «Պատերը կբաժանեն մեզ»: Այսիպիսի պաստառներով հուլիսի 1-ին Վրաստանի Ուռեկի գյուղում Վրաստանի կանաչ երիտասարդների ՀԿ-ի կազմակերպած «Ամառային տարածաշրջանային ճամբար»-ին մասնակցող Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվիստնները սատարում էին իրենց իրավունքների համար պայքարող Ուռեկիի բնակիներին:
Բանն այն է, որ Ուռեկիի լողափի 3 հեկտար զբաղեցնող մի տարածք ապօրինաբար ցանկապատվել է, և բնակիչներին թույլ չեն տալիս օգտվել այդտեղի լողափից:
«Մենք բողոքում ենք անօրինական շինարարության դեմ: Ինչ-որ տներ, սրճարաններ են կառուցում այդ հատվածում: Օրենքով չի թույլատրվում պետական տարածքները վաճառել մասնավոր անձանց, իսկ դա հանրային լողափ է»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Ուռեկիի երիտասարդական շարժում» նախաձեռնության անդամ Տենգո Ուրցուան: Նա նշեց, որ պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին և չեն պատրաստվում նահանջել:
«Ապօրինի շինարարությունը սկսվել է դեռևս 6-7 տարի առաջ: Բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել, սակայն մեր ձայնը հաշվի չեն առել...Իշխող նոր վարչակարգը նոր հույսեր է արթնացրել մեր մեջ... Նոր հույս, որ մի բան կփոխվի»,- պատմում էին բնակիչները:
«Լողափը մագնիսական դաշտում է գտնվում: Լողափի ավազն օգտագործում են բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար` ռևմատիզմ, պարալիչ, ողնաշարային հիվանդություններ, մաշկային հիվանդություններ: Այսինքն, սա կարևոր նշանակություն ունի ոչ միայն տեղի բնակիչների համար, այլև ողջ մարդկության»,- ասաց Վրաստանի կանաչների կուսակցությայն ներկայացուցիչ Լեյլա Կիկնադզեն:
Իսկ «Վրաստանի երիտասարդ կանաչներ» կազմակերպության անդամ Գեորգի Մեգրելիշվիլին բողոքի-ակցիան բացառիկ համարեց նրանով, որ առաջին անգամ Կովկասի երկրները` Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, համախմբվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ:
Հուլիս 04, 2013 at 14:56














