

ԷկոԼուր
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը` կապված Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտին գյուղից կառավարության 627-Ն որոշմամբ 181,7 հա հողի օտարման հետ: «Ժառանգություն» կուսակցության պահանջով փետրվարի 2-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մոտ տեղի ունեցավ հանդիպում «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է նախարարության պաշտոնական կայքը, որոշվել է շարունակել քննարկումը եւ անհրաժեշտության դեպքում մեկնել Քաջարան գյուղ:
Հիշեցնենք, որ արդեն կես տարի է, ինչ ստեղծվել է կառավարական աշխատանքային խումբը 627-ն որոշման կապակցությամբ, որի դեմ հանդես են գալիս Քաջարան գյուղի բնակիչները: Բնակիչներին աջակցեց Էկոլոգիական հասարակական դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Սարդարապատ» շարժումը, ոչ պաշտոնական հասարակական շարժումները, որոնք այդ որոշումը չեղյալ համարելու դիմումով հանդես եկան երկրի իշխանությունների առաջ: Հասարակության ակտիվ միջամտությունից հետո 2011թ. դեկտեմբերին կառավարական աշխատանքային խումբն այցելեց գյուղ: Խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը խոստացավ, որ խնդիրը կլուծվի` հաշվի առնելով բնակիչների կարծիքը:
Միեւնույն ժամանակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)` ի դեմս տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել տարածքից, որը մեծ քանակությամբ պղինձ եւ մոլիբդեն է պարունակում:
Քար լռություն են պահպանում ԶՊՄԿ-ի բաժնետերերը` գերմանական «Cronimet Mining» ընկերությունը, հայկական «Մաքուր երկաթ», «Արմենան մոլիբդեն փրդաքշն», «Զանգեզուր մայնինգ» ընկերություննները: Ավելին, մինչ օրս հայտնի չէ, թե ով է կանգնած մեր արդյունաբերական հսկայի թիկունքում, որը պաշտոնական տվյալներով 2011թ. զբաղեցրեց երկրի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը: ԶՊՄԿ-ի իրական եկամուտները դժվար է որոշել, քանի որ կապիտալը գնում է օֆշորային գոտի:
Ինչպես հայտնի է, քաջարանցիներն իրենց կարծիքը չեն փոխել` 627-Ն որոշումը պետք է անվավեր ճանաչվի:
Փետրվար 03, 2012 at 15:17
