

ԷկոԼուր
Մաշտոցի այգում սադրանքներ են սկսվել: Այս մասին ահազանգում են Մաշտոցի այգու պաշտպանները: Երբ ակտիվիստները փորձել են ձնից պատսպարվելու համար ցելոֆանե տոպրակ ամրացնել կիսակառույց շինությանը, նրանց են մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Վերջիններս ոստիկանություն են կանչել: Ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար:
Միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի միջամտությունից հետո, որի հավաստմամբ բնապահպանները նման իրավունք ունեն և ոչ մի օրենք չեն խախտում, այգու պաշտպաններին թույլատրվել է պաշտպանվել ձնից:
«Սակայն հենց այս պահին, շինարարները փորձում են վերսկսել շինարարական աշխատանքները, իհարկե կրկին չունենալով դրա իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ: Թե շինարարները, թե ոստիկանները դիմում են սադրանքների, փորձում են բնապահպանների հետ կոնֆլիկտ հրահրել: Այս պահին այգում գտնվող բնապահպանների խոսքով` իրենք բոլորովին չեն զարմանա, եթե ոստիկանները սկսեն ուժ գործադրել»: Տեղեկատվությունը տրամադրել են Աննա Շահնազարյանը եւ Լիլիթ Գեւորգյանը:
ՄԻՊ-ը պաշտպանում է «Մաշտոցի պուրակի» պահապաններին
1in.am
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները Մաշտոցի պուրակում են: Քիչ առաջ նրանք սկսեցին բանակցությունները այն ոստիկանների հետ, ովքեր փորձում էին Մաշտոցի պուրակի պաշտպաններին «Սահակյան Շին» ընկերությանը պատկանող բեռնատարի ճանապարհից հեռացնել:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները Կենտորնի ոստիկանության փոխգնդապետներից մեկին բացատրեցին, որ դեռևս իրավական հիմնավորում չկա, համաձայն որի՝ շինարարական ընկերությանը պատկանող բեռնատարը կարող է գտնվել պուրակում: Երկար բանակցություններից հետո փոխգնդապետը տեղի տվեց՝ կխնդրի «Սահակյան Շին» բեռնատրի վարորդին հեռանալ պուրակից:
Բանակցություններից արդեն կես ժամ է անցել, սակայն բեռնատարը դեռ իր տեղում է:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներին միացան Զարուհի Փոստանջյանը, Ժիրայր Սեֆիլյանը: Այս պահին Զարուհի Փոստանջյանը բանակցում է Ռուբեն Մելքոնյանի հետ:
Քիչ էր մնում անիվների տակ ընկնեին
Ա1+
Մաշտոցի պողոտային հարակից տարածքում այս պահին ակտիվիստները փորձում են թույլ չտալ բետոնով բեռնված մեքենաները մտնեն պուրակ եւ պառկել են մեքենաների անիվների տակ։ Մեքենայի վարորդը համառորեն փորձում է առաջ քշել, բայց ցուցարարները թույլ չեն տալիս։
«Ա1+»-ի լրագրողը իրադրությունը դիտարկող ոստիկաններից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չի միջամտում, չէ՞ որ իրավիճակը վտանգավոր է եւ մարդիկ կարող են վնասվել։ Ոստիկաններից մեկը, որը չի ներկայացել, «Ա1+»-ին հայտնել է՝ «Երբ որ մեքենան կքշեն մարդկանց վրա, կմիջամտենք»։
Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղադրում են Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրային կրպակները։
Լուսանկարը` «Ա1+»-ի
Փետրվար 16, 2012 at 12:57
