Ստորագրահավաք հանուն Հայաստանի ամենաբարձր ջրվեժի` Թռչկանի պահպանման

Ստորագրահավաք հանուն Հայաստանի ամենաբարձր ջրվեժի` Թռչկանի պահպանման

ԷկոԼուր

Ֆեյսբուքյան «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը ստորագրահավաք է սկսում ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Ջրվեժի պաշտպանները ՀՀ կառավարությունից պահանջում են. «արգելել Չիչխան գետի վրա «Թռչկան» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը, որով կխաթարվի ՀՀ բնության հուշարձան համարվող Հայաստանի ամենաբարձր` Թռչկան ջրվեժի բնաստեղծ տեսքը»:

«ԷկոԼուր»-ը միանում է ստորագրողներին եւ կոչ անում բոլորին նույնպես միանալ ստորագրահավաքին եւ պայքարել հանուն Թռչկանի պահպանման:

Միաժամանակ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը շուրջօրյա հերթապահություն է սահմանել ջրվեժի մոտ եւ հանդես է եկել կոչով` աջակցել ակցիային, որպեսզի թույլ չտրվի Թռչկանի մոտ շարունակել շինարարական աշխատանքները: Հայտարարության մեջ ասված է. «Կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը:

Հենց հիմա այստեղ՝ Թռչկանի մոտ, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում (0 աստիճան և անընդհատ տեղացող ձյուն ու անձրև) ընկերովի հերթապահում ենք՝ տեր կանգնելով մեր Թռչկանին: Իսկ ինչո՞ւ ենք մենք մեր առօրյա հոգսերը թողել ու եկել այստեղ. որովհետև մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սերը ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ, բայց համոզված ենք, որ մենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ միայնակ չենք սիրում, մեզ սատարում ու աջակցում են քեզ պես բազմաթիվ ուրիշ երիտասարդներ... և եթե դու նրանցից մեկն ես, անպայման միացիր մեր պայքարին, հիմա մենք հենց ՔՈ օգնության կարիքն ունենք:

Միանո՞ւմ ես. ուրեմն ծանոթացիր առաջիկա օրերի ծրագրերին ու ընտրիր դրանցից քեզ ամենահարմարը.

29-ը հոկտեմբերի, առավոտյան 8:30 կամ 9:00-ին Երևանից Թռչկան կմեկնեն մի խումբ արշավականներ, վերադարձը՝ նույն օրը: Սա հատկապես հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր չեն կարող միանալ նստացույցին, սակայն ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել մեզ, ինչպես նաև տեսնել Թռչկանը, հիանալ նրանով: Մանրամասների համար՝ 094 63 40 58, Ռուբեն:

29-ը հոկտեմբերի, ԱՐՄԱՏ ակումբում ասուլիս տալուց հետո Սամվել Հովհաննիսյանը մի խումբ արշավականների հետ մեկնելու է Թռչկան՝ առնվազն 2 գիշեր մնալու պատրաստությամբ: Սամվելի հեռախոսահամարը՝ 093 42 66 54:

31-ը հոկտեմբերի, առավոտյան 8:30 Թռչկան կմեկնեն մի խումբ արշավականներ նույնպես գիշերակացի պատրաստությամբ, դիմել Գոռին 093 26 55 76:

Քեզ հետ վերցրու գիշերակացով արշավի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները: Չմոռանաս հավատալ մեր գործի հաջողությանը, այլապես մեր կացարանում տեղ չես ունենա: Ուրեմն անցի՛ր գործի, մենք սպասում ենք քեզ»:

Հոկտեմբեր 28, 2011 at 14:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր