Կկատարվի՞ թեղուտցիների՝ Թեղուտի հանքում աշխատանքի անցնելու պահանջը

Կկատարվի՞ թեղուտցիների՝ Թեղուտի հանքում աշխատանքի անցնելու պահանջը

Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրի բնակիչները Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ց պահանջում են իրենց աշխատանքի ընդունել։ Պահանջը բարձրաձայնելու նպատակով օգոստոսի 21-ին թեղուտցիները մի քանի ժամով փակել էին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը։

Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ ընկերության ղեկավարության հետ հանդիպելու պայմանավորվածություն ունեն։ «Բոլոր հնարավոր միջոցները սպառելուց հետո որոշեցինք, որ գնալու ենք ծայրահեղ քայլի՝ այն է ակցիա։ Մեզնից 10 օր ժամանակ խնդրեցին։ Ասացին, որ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնությունից իրենց ներկայացուցիչն է գալու։ Հավանաբար, սեպտեմբերի 1-ին հանդիպում կլինի։ Մեր խմբից մի քանի հոգի կընտրվի՝ հանդիպմանը մասնակցելու համար։ Խոստացել են, որ կընդունի, հարցերին լուծում կտա։ Բայց եթե հանդիպումը մեզ չբավարարեց, նորից փակելու ենք ճանապարհը»,- ասաց նա։ 

Շախկյանը պատմեց, որ հանքի՝ 2019 թ․ վերաբացման ժամանակ բնակիչները հանդիպել են ընկերության ղեկավարության հետ, խնդրել՝ աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալ իրենց։ «Հանդիպեցինք, ասացինք, որ մեր գյուղը հիմնադրվել է հողագործության, անասնապահության, անտառնտեսության հիման վրա, բայց 80 տոկոսը բռնագրավելուց հետո, որը տրվել է ձեզ, մեր գյուղի տնտեսությունը կոլապսի է ենթարկվել։ Հողագործություն, անասնպահություն չկա։ Մնում է միայն հանքարդյունաբերությունը։ Դա էլ եթե գործ չտաք, մեզ կկանգնեցնենք երկու ուղղության առջև՝ կամ գողություն, կամ արտագաղթ,- ասաց Շախկյանը և հավելեց, - Խոստումները մոռանում էին, ու խնամի, ծանոթ, բարեկամներով տարբեր տեղից մարդիկ էին գալիս այստեղ աշխատանքի՝ տեղացուն արհամարհելով։ Մենք որոշեցինք դիմել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի Արամ Խաչատրյանին։ Ինքն ասաց, որ Տիգրան Ավինյանի հետ կքննարկեն, կասեն։ Չգիտեմ ինչ եղավ այդ քննարկումից, բայց մեր հարցը չլուծվեց։ Դրանից հետո սկսեցինք նամակագրություն վարչապետի հետ։ Վարչապետի աշխատակազմից մեզ պատասխանեցին, որ եթե եղել են նման խոստումներ, փորձե՛ք ձեր հարցերը լուծել դատարանի միջոցով։ Բայց դա կարող է տևել 10 տարի։ Կգա ժամանակ, որ մարդիկ արտագաղթած կլնեն, ու էդ վճիռը ոչինչ չի տա։ Դրանից հետո այս տարվա մայիսին ստորագրահավաք արեցինք, ուղարկեցինք և՛ ընկերության տնօրենին, և՛ վարչապետին, և՛ Լոռու մարզպետին։ Տնօրինությունից եկավ պատասխան, որ իրենց գործունեության ընթացքում առաջնահերթությունը տրվել է տեղի բնակիչներին։ Լրիվ կեղծ է։ Այդպես չէ։ Եթե այդպես է, էս մարդիկ որտեղի՞ց հավաքվեցին ու ակցիա են կատարում»։

Օգոստոս 31, 2020 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր