

ԷկոԼուր
Հասարակական կազմակերպությունները պետք է իրավունք ունենան դատարանում պաշտպանելու հանարային շահը: Այսպիսին է հասարակայնության կարծիքը, որը այն արտահայտեց օգոստոսի 22-ին` Սահմանադրական իրավունքի կենտրոնում: Հարցի քննարկմանը մասնակցեցին ՀՀ սամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ, Սահամանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը, հասարակական կազմակերպություններ, իրավաբաններ: «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունից ելույթներով հանդես եկան իրավաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Հայկ Ալումյանը:
Հասարակայնության առաջ քաշած խնդիրը վերաբերում էր ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը (գործ ՎԴ/3275/05/09), որի համաձայն` հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն հայցով դիմել դատարան, եթե հայցը վերաբերում է կազմակերպության հետապնդած նպատակներին, այլ ոչ կոնկրետ իրավունքների եւ շահերի: «Դատարանը միակ իրական մեխանիզմն է իրավունքների պաշտպանման համար: Բայց եթե հասարակական կազմակերպություններին թույլ չեն տալիս դիմել դատարան, ապա նրանք, միեւնույնն է, որեւէ տեղ այն կդրեւորեն, օինակ` փողոցում»,- ասաց Արթուր Գրիգորյանը: Նա նկարագրեց Թեղուտի գործընթացի մանրամասները, Սահմանադրական դատարանի հակասական եւ սուբյեկտիվ դիրքորոշումը եւ արգելքներից բխող հետեւանքները: Մասնավորապես, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ընդունել է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ ընդունված միջազգային պարտավորությունները:
Հիշեցնենք, որ Օրհուսի կոնվենցիան այսպես կոչված կանաչ ժողովրդավարության մեխանիզմ է, որը որոշում է քաղաքացիական հասարակության իրավունքը շրջակա միջավայրի մասին տեղեկատվության ստացման մասին, շրջակա միջավայրին վերաբերող հարցերի որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու մասին, եւ շրջակա միջավայրի հետ կապված հարցերում արդարադատության մատչելիության մասին:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը չժխտեցին այն հնարավորությունները, որ պետք է սահմանել հասարակայնության իրավունքը` պաշտպանելու հանրային շահերը դատական կարգով: Տպավորություն ստեղծվեց, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ մշակել է մոտեցումներ այս հարցի վերաբերյալ: Իսկ կոնկրետ առաջարկները կհրապարակվեն այս տարվա աշնանը:
Օգոստոս 23, 2012 at 18:14







