

ԷկոԼուր
«Թեղուտի պաշտպաններ» քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու ռուսական Վնեշտորգբանկի հակաբնապահպանական ծրագրերի ֆինանսավորման քաղաքականության դեմ: Ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Ժամը 13:00-ին մասնակիցները կհավաքվեն ՎՏԲ-ի գլխավոր գրասենյակի մոտ Նալբանդյանը 46 հասցեով:
Այս ակցիան նպատակ ունի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ՎՏԲ-ի կողմից աջակցվող բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին:
Մենք ողջունում ենք Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և ուրախ ենք, որ հնարավորություն ունենք անմիջապես արտահայտելու մեր մտահոգությունները ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են գտնվում տարածաշրջանային իրենց միջոցառման շրջանակներում:
Մենք արտահայտում ենք մեր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորության հետ:
Մեր մտահոգությունների հիմքը Հայաստանում ՎՏԲ-ի գործունեությունն է: ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Հայաստանի հյուսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին: ՎՏԲ-ի մասնակցությունն այս ծրագրին հակասում է ԳԷՀ-ի մանդատին` այն է` նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ը.
• բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ՎՏԲ-ն չի անցկացրել առանձին գնահատում և ընդունել է շահագործող ընկերության ներկայացրած սխալ հաշվարկված և հակասական գնահատումը),
• բնական կենսամիջավայրերի (հաբիթաթների) պահպանություն (ՎՏԲ-ի ֆինանսավորմամբ վերանալու է հսկայական անտառային էկոհամակարգ, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակներ),
• մարդկանց տեղահանում (Թեղուտի հանքավայրի շահագործմամբ շրջակա գյուղերն ու տարածքները պիտանի չեն լինելու ապրելու համար` միլիոնավոր տոննաների թունավոր նյութերի կուտակման, կենսապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերացման և այլ պատճառներով, արդյունքում` մարդիկ կամովի դուրս են գալու իրենց բնակավայրերից),
• ֆիզիկական մշակութային ռեսուրսների պահպանում (ՎՏԲ-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որով շարժիչավոր մեքենաների տակ փշրվելու է կուր-արաքսյան ժամանակաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգություն)շ
• հաշվետվողականություն և բողոքների քննման համակարգի առկայություն (ՎՏԲ-ն արդեն մի քանի տարի է համառորեն հրաժարվում է ընդունել բնապահպանական հասարակական ներկայացուցիչներին` գոնե հանդիպման, չի պատասխանում նրանց դիմումներին):
Բացի վերը նշված խնդիրներից, ՎՏԲ-ն նաև հանդես է եկել որպես անբարեխիղճ տնտեսվարող, որը չի դրսևորել տարրական սոցիալական պատասխանատվություն Հայաստանում իր գյուղատնտեսական վարկավորման գործընթացներում: Մասնավորապես, 2010-11թթ. ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում բանկը մասնավոր անձանց վարկավորման համար որպես վարկային երաշխիք է ընդունել համայնքային գույք` հանրակրթական դպրոցի և գյուղապետարանի դրամական միջոցները, որից հետո հետամուտ է եղել դատական կարգով բռնագանձելու այդ գույքը` մասնավոր վարկառուների պարտավորությունների չկատարման պատճառով: Արդյունքում` ՎՏԲ-ն վտանգել է ՀՀ քաղաքացիների մի շարք սահմանադրական իրավունքները, մասնավորապես ուսուցիչների աշխատանքի վարձատրման, երեխաների կրթություն ստանալու և այլն: Երկարատև դատական գործընթացների արդյունքում ՎՏԲ-ի և մասնավոր վարկառուների, ինչպես նաև երաշխավորողների պայմանագրերը ճանաչվել են անվավեր (ավելին` Հետքի հրապարակումներում http://hetq.am/arm/articles/2657/): Այս ամենը կարող էր տեղի չունենալ, եթե ՎՏԲ-ն ի սկզբանե կիրառեր սոցիալական պատասխանատվության որոշակի նորմեր և չկնքեր ապօրինի պայմանագրեր: Ի դեպ, այս հարցի առնչությամբ ՎՏԲ-ն դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:
Մենք ակնկալում ենք, որ ԳԷՀ Խորհուրդն իր՝ ԳԷՀ Ծրագրերի Գործակալությունների Հավատագրման Գործընթացի շուրջ որոշումների կայացման ժամանակ հաշվի կառնի ՎՏԲ-ի աղետաբեր գործողությունները Հայաստանում և կկասեցնի ՎՏԲ-ի առաջխաղացումը հավատագրման գործընթացում: Անհնար է պատկերացնել, որ նման վարքագիծ և հեղինակություն ունեցող հաստատությունը կարող է նպաստել, օրինակ` Կենսաբազմազանության կամ Կլիմայի փոփոխման շրջանակային կամ Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաների իրագործմանը:
Սա մեր առաջին բողոքը չէ ՎՏԲ-ի որոշման դեմ և մեր ակցիաները շարունակական լինելու, քանի դեռ ՎՏԲ բանկը չի դադարի իր աջակցությունը Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրին:
Նշենք, որ ՎՏԲ-ն արդեն անցել է հավատարմագրման գործընթացի առաջին փուլը ԳԷՀ-ում:
Սեպտեմբեր 24, 2012 at 14:49
