Ագարակի կոմբինատի թափոնաջրերով Կարճևան գետի աղտոտումը վերսկսվեց կոմբինատի ՇՄԱԳ-ին բնապահպանական դրական եզրակացություն տալուց հետո

Ագարակի կոմբինատի թափոնաջրերով Կարճևան գետի աղտոտումը վերսկսվեց կոմբինատի ՇՄԱԳ-ին բնապահպանական դրական եզրակացություն տալուց հետո

Արդեն մի քանի օր շարունակ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թափոնաջրերը լցվում են Կարճևան գետ՝ վնաս հասցնելով գետի էկոհամակարգին: ԷկոԼուրի հետ զրույցում Ագարակի բնակիչներից մեկն ասաց, որ այսօր առավոտյան կրկին գետն աղտոտվել է թափոնաջրերով:

Հանքարդյունաբերական թափոնաջրերով Կարճևան գետի աղտոտման ահազանգերը սկսեցին այն բանից հետո, երբ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի տեղամասի ընդլայնման և կոմբինատի վերազինման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը 2020թ. հունիսի 22-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն տվեց:

Եզրակացության մեջ կա հստակ պահանջ. «Բացառել շրջանառու համակարգից և պոչամբարներից ջրի արտահոսքը բաց ավազան, ինչպես նաև Կարճևան գետ և Արաքս գետ»: Կոմբինատը 2021 թ-ից ամբողջությամբ պետք է անցնի ջրի շրջանառու համակարգի՝ երեք գործող պոչամբարներով, սակայն դա չի նշանակում, որ ընկերությանը թույլ է տրվել մինչև 2021թ. հանքարդյունաբերական կեղտաջրերը բաց թողնել գետ: Փորձաքննական եզրակացության մյուս պահանջն էլ նշում է. «Անհրաժեշտ է ջրօգտագործումն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ընկերության գործունեությամբ չխոչընդոտել Ագարակ, Կարճևան բնակավայրերի խմելու-կենցաղային և ոռոգման ջրամատակարարումներին»: Մինչդեռ աղտոտվածության պատճառով Կարճևան գետի ջուրը, որը տեղացիները օգտագործում էին ոռոգման համար, հնարավոր չէ այդ նպատակով օգտագործել:

Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում Կարճևան գետը վաղուց 5-րդ դասի աղտոտվածություն ունի: 

Նշենք, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին տրված փորձաքննական եզրակացությամբ ՝ 1 միլիոնով ավելացավ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալը՝ 3,5 միլիոն տոննայից հասնելով 4,5 միլիոն տոննայի: Բացհանքի ընդլայնումն իրականացվելու է գոյություն ունեցող լեռնահատկացման սահմաններում, սանիտարապաշտպանիչ գոտին մնում է անփոփոխ։ Բոլոր 3 պոչամբարների տարածքները ևս մնում են անփոփոխ։ Ագարակի կոմբինատի վերազինման արդյունքում 4,5 մլն.տ./տարի արտադրողականության ապահովման դեպքում պոչամբարներ ուղղվող պոչերի քանակը կկազմի 2.534.062 խմ/տարի: Պոչամբարների գումարային ծավալը կազմում է 80,45 մլն խմ: 2020 թ. ապրիլի 29-ի դրությամբ պոչամբարներում կուտակված պոչերի գումարային ծավալը կազմում է 46,7 մլն խմ, իսկ մնացորդային ծավալը՝ 33,75 մլն խմ: Այսպիսով, պոչամբարների մնացորդային ծավալները կապահովեն ֆաբրիկայի աշխատանքը ևս 13,4 տարի:

Հանքի ընդլայնումը և շահագործումը նախատեսվում է իրականացնել երկու հաջորդական փուլերով: ՇՄԱԳ հաշվետվությունը և աշխատանքային նախագիծը մշակվել են առաջին փուլի համար, որի տևողությունը կազմելու է տասը տարի: Ըստ հաշվետվության, հինգ տարի հետո պետք է կատարվի հանքաքարի պաշարների նոր վերագնահատում:

 

Հուլիս 17, 2020 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր