Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70%-ը ծածկվել է հողի շերտով

Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70%-ը ծածկվել է հողի շերտով

Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70%-ը ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Աղբավայրը ծածկելու համար հողի անհրաժեշտ քանակը բերվել է մոտակա բլուրներից: Աղբավայրի ամբողջ տարածքը նաև ցանկապատվել է:

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով, իր ստեղծման օրից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում:

Աղբավայրի մի հատվածը շարունակում է բաց մնալ: Այստեղ ամեն օր կուտակվում է մոտ 1000 տոննա աղբ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի «Նոր աղբավայր» ընկերության պատասխանատուների՝ տարածքի մեծ մասի հողածածկումը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչև կկառուցվի նոր աղբավայր: Առայժմ մրցութային գործընթաց է. նախատեսվում է փակել հին աղբավայրն ու կառուցել նորը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Նշենք, որ նոր աղբավայրը գտնվելու է Նուբարաշենի գործող աղբավայրի անմիջապես կողքին և զբաղեցնելու է մոտ 29 հեկտար տարածք, որից 20,55 հեկտարն անտառային տարածք է: Աղբավայրը կառուցվելու է այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար ՀՀ կառավարությունը 59 միլիոն դրամ է տրամադրել:

Աղբավայրը տարեկան ընդունելու է 300 000 տոննա ծավալով թափոն, շահագործվելու է 28 տարի: Սակայն աղբի վերամշակում նախատեսված չէ: Սա այն դեպքում, երբ աղբավայրի կառուցման համար նախատեսված է ծախսել 26 միլիոն եվրո, որից 16 միլիոն եվրոն վարկի տեսքով տրամադրել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը, իսկ ևս 10 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով Եվրոպական Միությունը և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Օգոստոս 31, 2021 at 13:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր