«Մոլորակի ժամ 2017» համաշխարհային արշավով մեկնարկում է «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը

«Մոլորակի ժամ 2017» համաշխարհային արշավով մեկնարկում է «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը

ԷկոԼուր

Հայաստանն այս տարի 9-րդ անգամ նշելու է «Մոլորակի ժամ» բնապահպանական միջոցառումը: Հենց այս համաշխարհային արշավով էլ մեկնարկում է «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ:

«Մոլորակի ժամ» արշավը մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ մեկ ժամով անջատել էին լույսերը հանուն մոլորակի բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և կլիմայի փոփոխության կանխման:

Հայաստանում «Մոլորակի ժամ 2017»-ը կանցկացվի մարտի 25-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը: Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունն ու փողոցային լուսավորությունը:

Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի մասնակիցները՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Աշոտ Վարդևանյանը, Երևանի QSI միջազգային դպրոցի տնօրեն Ռոբի Ռենոն և «Դաբլթրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր» հյուրանոցի գլխավոր տնօրեն Լուչիանո Կասագրանդեն կոչ արեցին բոլորին միանալ «Մոլորակի ժամ 2017» և «Մաքուր Հայաստան» արշավներին:

«Յուրաքանչյուր երկիր ընտրում է իր առաջնահերթությունները, և մենք շատ ուրախ ենք, որ վարչապետի նախաձեռնությամբ երկիրն ընտրել է «Մաքուր Հայաստան» գաղափարը: Մենք ունենք չքնաղ երկիր, չքնաղ բնություն, բայց այդ բնությունն աղբավայրերով է լցված: Դա խոչընդոտում է և տուրիզմի զարգացմանը, և նաև ազդում է մարդկանց առողջության, կենսաբազմազանության և այլնի վրա: Այս ծրագրի իրականացումը ներառում է մի շարք գործողություններ՝ կրթական, օրենսդրական, և նաև աղբահավաքման ակտիվ աշխատանքներ տեղերում: Մենք միանում ենք այս նախաձեռնությանը և կոչ ենք անում, որ միջազգային կառույցները, դոնորները նույնպես միանան: Կարծում եմ՝ բոլորս միասին կարող ենք դա իրականացնել», - ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Այսօր մեկնարկում ենք Հայաստանում աղբի մաքրման համազգային մեր քարոզարշավը: Մենք սկսելու ենք գույքագրել, քարտեզագրել բոլոր աղբակույտերը, աղբավայրերը: Այդ գործընթացն արդեն սկսվել է: Նոյեմբերյանի տարածաշրջանում մենք գույքագրել, քարտեզագրել ենք 42 աղբավայր: Տավուշի մարզում գույքագրել ենք 190 այսպես կոչված աղբանոցներ: Միայն Դիլիջանի խոշորացված համայնքի տարածքում ունենք 33 այդպիսի աղբանոցներ՝ ամենատարբեր վիճակում, շահագործման ամենատարբեր աստիճաններով: Այդպիսի բան թույլատրել ուղղակի չի կարելի, և մենք պետք է առաջին հերթին մեր միջոցառումների ծրագրում անենք դասակարգում և հասկանանք՝ դրանցից որն է մնում սպասարկման համար, որն է մաքրվում կամ ծածկվում հողով», - հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը:
Նա նշեց, որ դրանք լինելու են ժամանակավոր միջոցառումներ: Վերջնական նպատակը՝ ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում սանիտարական աղբավայրեր՝ համապատասխան եվրոպական ստանդարտների: Ըստ Արտաշես Բախշյանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից 2016 թ-ի դեկտեմբերին հաստատված կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության՝ հնարավոր է համարվում ամբողջ հանրապետությունը սպասարկել 6-9 աղբավայրով:

«Կենցաղային աղբի կուտակումները մեծ ազդեցություն են ունենում բնական էկոհամակարգերի վրա, և այս նախաձեռնության նպատակն է մաքրել Հայաստանի ողջ տարածքն այդ աղբից, կանխել դրա հետագա բացասական ազդեցությունը, և Հայաստանը դարձնել ավելի գրավիչ թե մեր քաղաքացիների, թե զբոսաշրջիկների համար», - հավելեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Աշոտ Վարդևանյանը:

«Այն 20 տարիների ընթացքում, որ QSI դպրոցը գործել է Հայաստանում, մենք փորձել ենք մեր սաների շրջանում իրականացնել կրթական նախաձեռնություններ և բացատրել բնապահպանական հարցերի կարևորությունը: Կրթելով մեր երեխաներին՝ մենք լուրջ ներդրում ենք կատարում՝ ապագայում իրենց գործունեության առումով: Կարևոր է ոչ միայն կրթել, այլ նաև նրանց համար օրինակ ծառայել: Մենք մեր լիարժեք պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու «Մոլորակի ժամ 2017» արշավին», - իր ելույթում ասաց Երևանի QSI միջազգային դպրոցի տնօրեն Ռոբի Ռենոն:

«Մենք նույնպես միանալու ենք այս նախաձեռնությանը և մեր օրինակով ուզում ենք կոչ անել բոլորին միանալ: Մարդիկ միավորվելով մեծ ուժ են կազմում և բնության պահպանության գործում կարող են շատ բան անել», - նշեց «Դաբլթրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր» հյուրանոցի գլխավոր տնօրեն Լուչիանո Կասագրանդեն:

Մարտ 24, 2017 at 20:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր