Սևանա լճի «ծաղկման» խնդրով մտահոգ հանրությունը հնչեցրեց լճի փրկությանն ուղղված առաջարկները

Սևանա լճի «ծաղկման» խնդրով մտահոգ հանրությունը հնչեցրեց լճի փրկությանն ուղղված առաջարկները

ԷկոԼուր

Սևանի ափամերձ տարածքների համաժողովրդական մաքրում, ջրի մակարդակի բարձրացման ապահովում, ընդհուպ աջակցության համար դիմում սփյուռքին: Սևանի փրկության այս և այլ առաջարկներ հնչեցին հուլիսի 4-ին՝ ԷկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցած «SOS Սևան» նախաձեռնության հավաքի ընթացքում: Արդեն օրեր շարունակ բնապահպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ Սևանա լճի մաշտաբային «ծաղկման» խնդիրը բարձրաձայնելով: Լճում տեղի ունեցող ջրիմուռային ծաղկումն աննախադեպ է, և ճահճացման նման վտանգ տեղի է ունեցել նաև նախորդ դարում: Ներկա իրավիճակում պատկան մարմինների, մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարարության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկում չտեսնելով՝ բնապահպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպում կազմակերպեցին: Նպատակն էր խնդրով մտահոգ քաղաքացիների, մասնագետների ու փորձագետների հետ քննարկել Սևանա լճի ճահճացման դեմ առաջարկությունների մշակումը, այնուհետև դրանք պատկան մարմիններին՝ ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացնելը:

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Համբարյանը նշեց. «Նախորդ տարվա ծաղկման ժամանակ գերճահճացման ցուցանիշներ էին արձանագրվել: Ջերմաստիճանը կարող ենք համարել պատճառներից մեկը, բայց առաջին հերթին սա կենսածին տարրերի առկայությունն է. ֆոսֆորի կտրուկ աճ կա, և ջրիմուռների կենսազանգվածն ավելանում է: Շատ ագրեսիվ տեսակներ են, որոնք լրացնում են բոլոր էկոլոգիական նիշաները: Սա խոսում է այն մասին, որ կնվազի միկրոջրիմուռների կենսաբազմազանությունը, և այս ծաղկումներն ամեն տարի կդիտարկենք: Հետազոտություն ենք արել և պարզել, որ Անաբենա (Anabaena flos aquae) տեսակը միկրոցիստին է արտանետում: Միկրոցիստինը թույն է: Բնականաբար, նման ջուրը չենք կարող օգտագործել ռեկրեացիայի, ոռոգման նպատակով, չենք կարող օգտագործել նաև Սևանա լճի ձկնային և խեցգետնային պաշարը: Միջինում Սևանա լճի համար լուծված ջրում թթվածնի քանակը 6-8 մգ է: Մեր կողմից վերցված նմուշներում լիտրում 1 միլիգրամ է եղել, այսինքն, նրանք նաև ակտիվ թթվածին են կլանում: Դրանք ունեն հատուկ բջիջներ, որով ֆիքսում են նաև մթնոլորտային ազոտը: Հասկանալի է, որ քայքայվելիս հատակում նրանք այդ ազոտն անդրադարձնում և վերադարձնում են էկոհամակարգին, ինչով և ստեղծում են աղտոտվածության երկրորդ փուլը»:
Որպես առաջարկ նա նշեց, որ միջազգային ստանդարտներին զուգահեռ պետք է մշակենք ազգային, ՀՀ ստանդարտը՝ քաղցրահամ ջրում միկրոցիստինի պարունակության վերաբերյալ, որպեսզի կարողանանք մաքրման տեխնոլոգիաներ կիրառել Սևանում:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ շեշտեց, որ եթե Սևանում լճի փոխարեն ճահիճ ունենանք, կնշանակի որ մենք ոչ միայն լիճն ենք կորցնում, այլև՝ երկիրը. «Այո, 1964 թ. սկսած Սևանը ծաղկել է, բայց շատ կարճ ժամանակահատվածում, շատ փոքր հատվածներով, բայց այսպիսի մաշտաբ, վիճակ չի եղել: Պետք է շտապ ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ ներառելով անկախ փորձագետների և ՀԿ-ների, և գործունեություն իրականացնել»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա նաև առաջարկեց աջակցության համար դիմել Սփյուռքին, մասնավորապես, մաքրման կայանների աշխատանքն իրագործելու համար: Դանիելյանը որպես ծաղկման պատճառ նշեց նաև Սևանա լճից իրականացվող լրացուցիչ ջրառը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան վարչության անդամ, Սևան ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանի ներկայացմամբ՝ ծաղկման պատճառները մի քանիսն են: «Առաջին պատճառն այն է, որ վերջին 7 տարվա ընթացքում Արփա-Սևան ջրատար թունելը չի աշխատել: Երկրորդը՝ մոռացել ենք Որոտանի մասին, որը պետք է բերեր 165 միլիոն խմ ջուր», - ասաց նա: Սուխուդյանն առաջարկեց Սևանի առափնյա տարածքների մաքրմանը զուգահեռ կենսաբանական մաքրում կատարել նաև Սևան մտնող բոլոր գետերում: «Երբ ջրի մակարդակը բարձրանում էր, ափամերձ տարածքների կանաչ տարածքները չէին մաքրվում, ուղղակի թողնվում էին ջրի մեջ: Այն ժամանակ առաջարկեցին այդ ծառերն անվճար տալ բնակիչներին, չհամաձայնեցին»,- ասաց նա:
«Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանն էլ շեշտեց, որ Սևանա լճի խնդիրը երկրի սահմանները պաշտպանելուն հավասար հարց է. «Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է Սևանը մահանում: Ամեն վայրկյան Սևանի վիճակն ավելի է բարդանում: Եկենք համախմբենք մեր ուժերը և փրկենք Սևանը»:

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ այս տարվա մայիսին արդեն իսկ առանձին առաջարկությունների փաթեթ էին ուղարկել կառավարությանը՝ վարչապետի անունով, սակայն առաջարկությունները փոխանցվել էին Շրջակա միջավայրի նախարարությանը, և ստացված պատասխանը իրենց չի գոհացրել: «Այն չի տարբերվում վերջին 7-8 տարվա ընթացքում ստացած պատասխաններից: Մոտ 13 կետ տեխնիկական առաջարկներ են եղել մեր կողմից: Սևանի նկատմամբ իրականացվել է էկոլոգիական հանցագործություն նախորդ կառավարության կողմից: Էկոլոգիական հանցագործություն կատարողները պետք է պատասխանատվություն կրեն: Պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկել ափամերձ և ջրի տակ հայտնված տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Պետք է համաժողովրդական մոբիլիզիացիա հայտարարել: Պետք է արագ բարձրացնել լճի ջրի մակարդակը: Պետք է պարզել, թե ինչու որոշվեց Սևանից բաց թողնել ոչ թե 120, այլ 170 խմ ջուր, ի՞նչ գիտական հիմնավորման, ի՞նչ հետազոտությունների արդյունքում: Սևանից բաց թողնվող ջրի վրա պետք է լինի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն», - ասաց Լևոն Գալստյանը:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ հիգիենիստները նախկինում կառավարությանն ասում էին, որ եթե թույնը լցվում է, 10 անգամ նոսրանում է, տիղմի մեջ մնում. «Ձվադրում է կատարվում, ձկների մատաղ սերունդն է զարգանում: Հետո զարգացավ, այդ թույներով հագեցավ, մենք կերանք, արդեն մենք ենք թունավոր նյութերով հագեցնում մեր օրգանիզմը»: Վերջինս հաստատեց, որ լիճը չաղտոտելու և ջրի ծավալը ավելացնելու առաջարկներն առաջնային են լճի փրկության համար:

Ինժեներ-գյուտարար Գագիկ Արարատյանն էլ նկատեց, որ Սևանի ծաղկման հիմնական խնդիրը գերտաքացման երևույթն է. «Պետք է տվյալ դեպքում գերտաքացման դադարեցման վերաբերյալ աշխատանքներ կատարել: Պետք է մասնագետ գտնել: Պետք է նաև ափամերձ տարածքները մաքրվեն, պետք է վերադառնանք 1965-1967 թթ. Սևանի տեսքին»:

Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի խոսքով՝ Սևանը էներգետիկայի համար չունի կարևոր ու վճռական նշանակություն. «Եթե առավոտյան ժամը 10-ին Հայաստանում արտադրվում է ընդամենը 800 ՄՎտ հզորություն, ապա դրանից Սևանի համակարգը կազմում է 81 ՄՎտ՝ 10 տոկոս: Այն դեպքում, երբ չի աշխատում ատոմակայանը, Հրազդանի ՋԷԿ-ը, իսկ Հրազդանի 5 բլոկներն աշխատում են 50 տոկոսի սահմաններում: Եթե հանկարծ կարիք լինի արդյունաբերություն, մեքենաշինություն զարգացնելու, մենք այնքան ռեզերվներ ունենք, որ Սևանին չենք անդրադառնա ընդհանրապես»:

«Սևան իշխան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մամիկոնյանի խոսքով՝ Սևանա լիճ մտնող աղտոտիչների ճնշող մեծամասնությունն այնտեղ է մնում. «Եթե չունենանք ինքնամաքրվող համակարգ, որոշ ժամանակ անց կկորցնենք Սևանը: Մեծ Սևանի հիպոլիմնիոնի շերտը ջախջախված է, գոյություն չունի, և որպեսզի դա վերականգնվի հարկավոր է Սևանա լճի ջրի մակարդակը կտրուկ բարձրացնել, միջոցներ ձեռնարկել ձկնագողությունը կանխելու»:

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգող Արամ Գաբրիելյանն էլ նշեց. «Ծավալի հետ կապված, որ ասում է 1906 մ նիշ, դա բավարար չէ, պետք է 1910 մ լիներ: Եթե մենք իսկապես դրել ենք խնդիր Սևանի ծաղկումը կանխելու, ամեն ինչը պետք է վերանայվի նոր պայմանների համար: Եթե 1 գրամ ջուր էլ չվերցնես, գլոբալ տաքացումը բերելու է դրան: Դրա համար պետք է անպայման բալանսը նայել»:

ԷկոԼուր ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Պետք է պահանջենք կոնկրետ ծրագրեր, միջոցառումների կոնկրետ պլան՝ ուղղված Սևանա լճի փրկությանը: Պետք է պահանջենք ռիսկերի գնահատում կատարել: Միաժամանակ պետք է պարզել Սևանի ռեալ բալանսը՝ հաշվի առնելով այն փաստը, որ չհաշվարկված ջրառի հետևանքով լիճ թափվող գետերը չեն հասնում Սևան, այնուհետև հրապարակել արդյունքները»:

«SOS Սևան» նախաձեռնությունը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Սևանի փրկությանն ուղղված առաջարկներ՝ ներառելու համար դրանք ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակման գործընթացում: Դրանք կարող են փոխանցվել նաև սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի միջոցով:

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հուլիս 08, 2019 at 18:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր