Հայաստանի կառավարությունը գյուղացուց շարունակում է հողեր «խլել»

Հայաստանի կառավարությունը գյուղացուց շարունակում է հողեր «խլել»

ԷկոԼուր

Հայաստանի կառավարությունը գյուղացուց շարունակում է հողեր «խլել»: Երկիրը տնտեսապես զարգացնելու համար ՀՀ կառավարությունը ամեն հինգշաբթի իջեցնում է գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաները` տրամադրելով դրանք բիզնեսին: 

Սույն թվականի հունվարի 19-ին ՀՀ կառավարությունը փոխեց մի շարք համայնքների գյուղատնտեսական նշանակության եւ անտառային հողերի կատեգորիաները 5 փոքր ՀԷԿ-երի կառուցման, ընդերքօգտագործման, եւ այլ նպատակներով: Այսպիսով, 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար փոխվեց Վայոց Ձորի մարզում  Արտավանի գյուղական համայնքի 0.23  հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան, մեկական փոքր ՀԷԿ կառուցելու համար փոխվեցին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքի 0.15 հա, Սյունիքի  մարզի Բռնակոթ գյուղական համայնքի 0.1 հա, Սյունիքի  մարզի Գորայք գյուղական համայնքի 0.8 հա  արոտավայրեր հանդիսացող հողերի կատեգորիաները:

Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում  գտնվող  պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.928 հեկտար փոխադրվեց էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` օրական կարգավորման ջրամբարների կառուցման և սպասարկման համար:  Իսկ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի (նախկին Փայահան) գյուղական համայնքի գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 69.36  հա փոխադրվեց արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  հողերի կատեգորիա` արտադրական կեղտաջրերի վերջամբարի և արտադրական այլ օբյեկտների կառուցման և սպասարկման համար:  

Բոլորիս հայտնի է Հայաստանի գյուղերում տիրող սոցիալական եւ էկոլոգիական ծանր վիճակը: Շատ են դեպքերը, երբ բիզնեսը, մտնելով գյուղի տարածք, իր ՀԷԿ-ն է կառուցում` զրկելով գյուղացուն ջրից,  պատճառելով մեծ նյութական վնաս (օրինակ` Ծավ): Փոխարենը որպես փոխհատուցում նույնիսկ էլեկտրաէներգիան էժան չէ այդ գյուղերում: Հանքարդյունաբերական ընկերություններն արոտավայրերի եւ այգիների հաշվի իրենց թափոնատեղիներն են ստեղծում (Գեղանուշ)` աղտոտելով տեղի հողն ու ջուրը եւ կրկին առանց փոխհատուցում տրամադրելու կամ չնչին փոխհատուցմամբ: Գյուղացիներն էլ հողագործությամբ զբաղվելու փոխարեն սկսում են որպես բանվոր աշխատել բիզնեսի համար: Եթե այս տեմպերը շարունակվեն, ապա շատ շուտով ստիպված կլինենք օգտվել բացառապես տարբեր երկրներից ներկրվող գյուղմթերքներից:

Հունվար 23, 2012 at 13:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր