ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐ

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐ

Քրիստինե Աղալարյան, Հետք

Այս տարվա օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Հրազդան գետի երեք կետերից նմուշառումներ են արվել` պարզելու գետում ծանր մետաղների առկայությունը. Մարմարիկ գետ-Մարմարիկի գետաբերան, Հրազդան գետ-Հրազդան քաղաք, Հրազդան գետ-Գաղցիի մաքրման կայանից ներքեւ: Սրանք են եղել նմուշառման կետերը, որոնք հիմնականում ընդգրկել են Հրազդան քաղաքի երկայնքը:

Հետազոտությամբ եզրահանգություն է արվել, որ չնայած ծանր մետաղները չեն գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, ցածր ծանր մետաղների կոնցենտրացիաների տեխնոգեն աղտոտվածությամբ ռիսկը դեռ զգացվում է:

Հրազդան գետի ջրի նմուշառումը եւ ծանր մետաղների տարրալուծման ուսումնասիրությունը «Օրհուս» կենտրոնի պատվերով կատարել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Հետազոտվել են 7 տեսակի ծանր մետաղներ:

Որպես ֆոն կամ ելակետ ընդունվել են Մարմարիկի գետի ջրի ծանր մետաղների կոնցենտրացիաները: Հրազդան գետում համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ օգոստոս ամսին աղտոտիչների առաջին երեք հորիզոնականներում հայտնվել են արսենիումը, քրոմը եւ նիկելը:

Սրանք գերազանցում են ֆոնային արժեքները համապատասխանաբար 2.07, 0.92, 0.44 անգամ, երրորդ կայանում` 2.29, 0.88, 0.47 անգամ:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում գեոքիմիական շարքը փոխել է իր բնույթը, եւ աղոտիչների առաջին երեք տեղում են հայտնվել արսենիումը` 4.07 խտությամբ, քրոմը` 2.51 եւ մոլիբդենը` 1.74:

Քաղսիի մաքրման կայանից ներքեւ գեոքիմիական շարքը փոխում է իր բնութը: Առաջին երեք տեղերում են գտնվում արսենիումը, մոլիբդենը եւ քրոմը, որոնք համապատասխանաբար գերազանցում են 3,87, 1,86 եւ 1,68 անգամ:

Աղտոտման գումարային գործակիցը Հրազդան կայանում օգոստոս ամսին եղել է 0,63, իսկ սեպտեմբերին` 6,3: Այն աճել է 10 անգամ:

Քաղսիի մաքրման կայանից ներքեւ աղտոտման գումարային գործակիցը օգոստոսին եղել է 0,78, սեպտեմբերին` 5,4: Այն աճել է 7 անգամ: Միգրացիայի ընթացքում` օգոստոս ամսին, աճել է 1,2 անգամ, իսկ սեպտեմբերին նվազել է 1,16 անգամ:

Այսպիսով, աղտոտիչների շարքում դոմինանտ են համարվում արսենիումը, քրոմը եւ նիկելը, իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում նիկելն իր տեղը զիջել է մոլիբդենին: Աղտոտման գումարային գործակիցը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բարձր է եղել 7-10 անգամ:

Արսենիումը եւ կադմիումը սեպտեմբերին նվազել են 2-3 անգամ: Նիկելը միայն Մարմարիկ կայանում է նվազել, մյուս կայաններում կայուն է մնացել: Մոլիբդենն ու քրոմը սեպտեմբերին ավելացել են:

Քրոմը հիմնականում ունի տեխնոգեն ծագում, որը պարզ արտացոլվել է Հրազդան կայանում կոնցենտրացիայի ավելացմամբ: Արսենիումը եւ մոլիբդենը ունեն բնատեխնոգեն ծագում:

«Ի՞նչ ազդեցություն կունենան այս մետաղները գետի եւ շրջակա միջավայրի վրա» հարցին ի պատասխան` Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը բացատրում է, որ ծանր մետաղները դժվար են չեզոքացվում, օրինակ` քրոմը կամ սնդիկը. եթե 1 միավոր անցնում է մարդու օրգանիզմ, 25 տարի է անհրաժեշտ, որպեսզի մաքրվի ու դուրս գա, այն էլ` եթե այդ ընթացքում այլ միավորներ չմտնեն մարդու օրգանիզմ:
Եթե Հրազդանի գետի ջրով մարդիկ ոռոգեն իրենց արտը, այն կարող է անցնել բանջարեղենին կամ մրգին եւ այդպես փոխանցվի մարդու օրգանիզմ:

Էդգար Ենգիբարյանն ասում է, որ իրենք նպատակ ունեին պարզել` կա՞ ծանր մետաղներով աղտոտում, թե՞ ոչ, քանի որ գետաբերանի գործարանները հավաստում են, որ իրենք չեն աղտոտում գետը: Սակայն ուսումնասիրությունը հակառակն է ցույց տալիս:

Այդ տարածքում են գործում Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը, ռուսական ընկերություններին պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ը, 5-րդ էներգաբլոկը, ինչպես նաեւ «ՀրազդանՄաշ»-ը եւ մի քանի այլ գործարաններ: Այս ձեռնարկությունները հիմնականում գազով են աշխատում:

Գործարանների ղեկավարությունների հետ եղել են առանձին քննարկումներ, Հրազդան ՋԷԿ-ը զեկույց է ներկայացրել` նշելով, որ իրենք ջուր չեն արտանետում, իսկ ըստ մասնագետների` քրոմի հիմնական պարունակությունը ցեմենտից է:

Էդգար Ենգիբարյանն ասում է, որ դա դժվար է ապացուցել, մանավանդ որ վերոնշյալ տարածքում այլ ջրեր էլ կան, որոնք լցվում են Հրազդան գետը:

Հասկանալու համար, թե որքան ռիսկային է Հրազդան գետի այս հատվածը, անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ:

Բայց առավել խորը ուսումնասիրությունների համար ֆինանսներ չկան, իսկ այս հետազոտությունը նախադրյալներ է ստեղծել բանակցություններ սկսելու համար, որպեսզի կողմերը ճանաչեն եւ պարտավորվեն վերազինումներ կատարել` բնությանը հասցվելիք վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:
Էդգար Ենգիբարյանը նշում է, որ գազի գնի բարձրացումն առայժմ արտանետումների վրա չի ազդել, ազդել է ֆինանսատնտեսական կողմի վրա, եւ ձեռնարկություններն իրենց ուշադրությունը սեւեռել են այդ խնդիրների վրա` երկրորդ պլան մղելով բնապահպանական խնդիրները:

«Քրոմի արտանետումները կարող են ավելանալ, որովհետեւ դա ցեմենտի արտադրության մեջ է գործածվում»,- ասում է Է. Ենգիբարյանը:

Նա բացատրում է, որ գազի գինը կարող է հանգեցնել արտադրանքի ինքնարժեքի բարձրացման, իսկ ցեմենտի գործարանի տնօրենն ակնարկել է, որ եթե գազի գինը շարունակի բարձրանալ, իրենց ձեռնտու կլինի ածուխ օգտագործել, ինչը շրջակա միջավայրի համար կարող է աղետալի լինել:

«Իրենք օրը 2000տ ածուխ պետք է այրեն, էկոլոգիական խնդրի մասին խոսելն անիմաստ է դառնում»,- եզրակացնում է Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգողը:

Դեկտեմբեր 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր