Փոքր ՀԷԿ-եր. բիզնեսը ոչնչացնում է էկոհամակարգը

Փոքր ՀԷԿ-եր. բիզնեսը ոչնչացնում է էկոհամակարգը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը: Զեկույցում ներկայացված է փոքր ՀԷԿ-երի գործունեության վերլուծությունը, որոնք «կանաչ տնտեսության» ոլորտից տեղափոխվել են «սեւ» տնտեսական սեկտոր, որը ոչնչացնում է գետերը, լանդշաֆտը, անտառները և, ընդհանրապես, բնությունը: Ներկայացված է նաև եվրոպական զարգացման բանկերի` մասնավորապես Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ, EBRD) և KfW գերմանական զարգացման բանկի գործունեությունը, որոնք ֆինանսավորում են փոքր ՀԷԿ-երի նախագծերը:

ԷկոԼուրը իր երախտագիտությունն է հայտնում Վիշեգրադյան միջազգային հիմնադրամին տվյալ հետազոտությունը «ԵՄ ֆինանսական միջոցները V4-ում եւ դասեր հարեւանների համար» ծրագրի շրջանակներում անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը մեկնաբանեց փոքր ՀԷԿ-երի գործունեությունը.  «ՓՀԷԿ-երը, իրոք. դարձել են ցեց մեր ժողովրդի, բնության և էկոհամակարգի համար: Մարդիկ կառուցում են ՓՀԷԿ-եր գերշահույթ ստանալու համար այն ժամանակ, երբ հանրապետությունը էլեկտրաէներգիայի պահանջարկ չունի, անգամ եղած էլեկտրաէներգիան չի կարողանում վաճառել: Ստացվում է, որ զուտ բիզնեսի համար ոչնչացվում է մեր էկոհամակարգը: Կարծես, այս փոքր երկրի հետ նման ձևով վարվելու պատվեր ստացած լինեն»:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Անրի Ներսիսյանն էլ նշեց այն վնասը, որը միջազգային զարգացման ֆինանսական ինստիտուտները պատճառում են Հայաստանին` խթանելով ՓՀԷԿ-երի գործունեությունը: «Առաջարկում եմ` ընդունենք բանաձև, այնուհետև այն անմիջապես ուղարկենք այդ բանկերին և տպագրենք դա մամուլում` ասելով, որ նրանք իրենց գործունեությամբ առաջինը` սատարում են մեր բնության ոչնչացումը, երկրորդ` կոռուպցիան Հայաստանում»,- նշեց ակադեմիկոսը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն առաջարկեց ՓՀԷԿ-երն ընդհանրապես հանել հանրային ծառայությունների կարգավորման դաշտից, քանի որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն:  «ՓՀԷԿ-ը կարող է էլեկտրաէներգիա ցանցին վաճառել 15 տարի երաշխիքով առանց ավելացված արժեքի հարկի, մոտավորապես` 20 դր/կվժ, իսկ ավելացված արժեքի հարկով` 25դր/կվժ: Դա նշանակում է, որ բնակիչները, վճարելով էլեկտրաէներգիայի համար, լրացուցիչ սուբսիդավորում են ՓՀԷԿ-երը»,- ասաց նա:

«ՓՀԷԿ-երը մեծ վնաս են հասցնում էնդեմիկ ձկնատեսակների բազմացմանը, ինչպես նաև մեր անտառներին: Օրինակ, Մեղրի գետը, որի շուրջ տարիների ընթացքում ձևավորվել են շատ անտառներ, որոնք ՀԷԿ-երի շնորհիվ կարող են 20-30 տարի անց խոնավությունից վերանալ` բերելով սողանքների և այլ խնդիրների: Բացի այդ, ՓՀԷԿ-երը վնաս են հասցնում տեղի բնակիչներին` վերցնելով նրանցից ոռոգման ջուրը»,- նշեց «Վայրի բնության հիմնադրամ»-ի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը` ավելացնելով, որ դրանք փչացնում  են  բնության էսթետիկ տեսքը:
Շարունակելի…

Հոկտեմբեր 04, 2013 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր