Նելլի Դանիելյան, «Ռադիոլուր»
Երեւանում մեկնարկել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելուն եւ համագործակցությանն ուղղված տարածաշրջանային սեմինար, որին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ:
Քննարկման հիմնական առարկան Ռոտերդամի կոնվենցիան է, որն ուղղված է թունաքիմիական նյութերի արտադրության եւ շրջանառության ծավալների կրճատմանը:
Մեր երկրում, այս ուղղությամբ քայլերը միջազգային մասնագետները բավարար են գնահատել` միաժամանակ ընդգծելով, որ անելիքներ դեռեւս շատ կան:
Հայաստանը բնապահպանության ոլորտում երկու տասնյակ միջազգային համաձայնագրերի անդամ է, բայց հայաստանյան բնության վիճակը դրանից կարծես թե էապես չի փոխվում: «Ինչ է արվում վավերացված միջազգային փաստաթղթերը մեր երկրում կյանքի կոչելու համար»,- հարցրեցի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
«Բոլոր կոնվենցիաների մասով բոլոր հավաքներին մասնակցում ենք եւ շատ ակտիվ ենք, որ ամեն ինչ անենք, որ հետ չմնանք միջազգային գործընթացներից»:
Քննարկվող թեմայի` թունաքիմիկատների մասին օրենք սակայն, Հայաստանում չկա, չնայած որ համաձայնագիրը վավերացվել է դեռեւս 2003թ-ին: Բնապահպանության նախարարության պաշտոնյաները մեր այս մտահոգությունը փարատեցին՝ խոստանալով, որ օրենքը պատրաստ կլինի մինչեւ 2011 թ-ը:
Իսկ առայժմ այս ոլորտը կարգավորվում է կառավարության 2005թ-ի որոշմամբ: Կառավարությունը հաստատել է 33 անուն քիմիական վտանգավոր նյութերի ցանկ, որոնց ներկրումը եւ արտադրությունը մեր երկրում արգելված է: Բնապահպանության նախարարության քիմիական նյութերի եւ վտանգավոր թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Անդրեասյան. «Քլոր-օրգանական նյութերն են, ԴԴՏ-ն է, սնդիկ պարունակող նյութերն են, որոնք որ նախկինում արտադրվել են եւ 72 թ-ից արգելվված են: Աշխարհում արդեն շատ մեծ քանակով արտադրված են այս նյութերը եւ դրանք վաճառելու խնդիր ունեն: Մենք պետք է կարողանանաք պահել եւ կանխարգելել դրանց ապօրինի շրջանառությունը»:
Բայց նույնիսկ 70-ականներից արգելված նյութերը մինչ օրս սպառնալիք են հանդիսանում շրջակա միջավայրի համար:
Դրա վառ օրինակը, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն է, որ մեր երկիրը տխուր ժառանգություն է ստացել նախկին կարգերից: Ժամանակին այս պահեստարանը կառուցվել է սողանքային գոտում եւ այժմ դրա ճաքերով պատված ու խարխուլ պատերը սպառնում են 500 տոննա թույն արտանետել շրջական միջավայր: Ի դեպ, այս ուղղությամբ եւս, մեր երկրում դեռ հստակ անելիքներ չեն նախանշվել:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության քիմիական նյութերի եւ վտանգավոր թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Անդրեասյանը, դրա համար անհրաժեշտ միջոցներ առայժմ չկան:
«Երբ որ գումարներ կլինի եւ ծրագիր, մենք կորոշենք, թե ինչ եղանակով դրանք ոչնչացնենք: Կամ պիտի տանենեք մեկ այլ երկիր վերացնելու, կամ իքներս ձեռք բերենք այդ սարքավորումները եւ տեղում վերացնենք»:
Արդեն թաղված թափոններին տարեցտարի ավելանում են նորերը` խոսքը արտադրական քիմիական թափոնների մասին է: Այս բնագավառում եւս օրենսդրական կարգավորման միջոցներ կան, բայց առաջընթաց` առայժմ ոչ: Թափոններ առաջացնող արտադրությունները պարտավոր են դասակարգել դրանք` ըստ վտանգավորության աստիճանի եւ գրանցվել պետության կողմից: Սակայն, մեր արտադրողներն առայժմ չեն շտապում կատարել իրենց այս պարտավորությունը` թերեւս լրացուցիչ հարկերից խուսափելու համար:
«Տասնյակ խոշոր ձեռնարկություններ արդեն գրանցվել եւ դասակարգել են, դրանք Երեւանի կոնյակի գործարանն է եւ այլն: Համոզված եմ, որ այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակվեն»:
Իսկ թե որ ձեռնարկություններն են առայժմ խուսափում բնավճարներից, նախարարը չբացահայտեց: Ինչ վերաբերում է արտադրական թափոններով գերհագեցած պոչամբարներին, որոնցից հնարավոր արտահոսքերը եւս մեր բնության համար լուրջ խնդիր են, Արամ Հարությունյանը դարձյալ առանց անուններ տալու, խոստացավ վիճակագրությունը ներկայացնել ավելի ուշ:
«Այստեղ մենք խնդիր ունենք, որ պոչամբարների սահմանային, նախագծային հզորությունները չանցնեն, որովհետեւ հողերի, ջրերի աղտոտման խնդիրներ են առաջ գալիս: Ուղղակի չեմ ուզում անվանական ասել, որովհետեւ այս բնագավառում մենք այս տարվա տվյալներն առայժմ ամփոփված չունենք: Մինչեւ տարվերեջ մենք պատկերն ամբողջական կունենանք եւ ձեզ կներկայացնենք»:
Նոյեմբեր 27, 2009
