Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Թեղուտում նոյեմբերի 14-ին հանքի շահագործման իրավունքը ստացած «Վալլեքս գրուպ» ընկերության մաս կազմող «Թեղուտ. ՓԲԸ-ն կազմակերպել էր ծառատունկ: Երեւանյան բուհերի մոտ 100 ուսանողների ներգրավվածությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում, ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, տնկվել է 1000 ծառ: Ընկերությունն ուսանողներին ոչ միայն ծառ տնկելու, այլ նաեւ Թեղուտի տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձաններ եւ Թեուտի մասին ֆիլմ ցուցադրելու համար էր հրավիրել: Չնայած ընկերության գործադրած ջանքերին, հրավիրված ուսանողներից ոչ բոլորն էին հիացել ընկերության գործունեությամբ:
Թեեւ ընկերությանն արդեն երկրորդ տարին է` Լոռու մարզի Թեղուտի հանքավայրի արտոնագիրը տրված է, բայց այս խնդրի շուրջ աղմուկը բոլորովին չի դադարում: Խնդրով անհանգիստ բնապահպանական եւ հասարական կազմակերպություններնները շարունակում են արտահայտել իրենց անհանգստությունը, նույնիսկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն անցյալ ամիս Եվրոպայում ելույթ ունեցավ Թեղուտի մասին, հկ-ները դատական հայցեր են ներկայացնում ընկերության դեմ, բայց էական առաջընթաց այս հարցում չկա. ընկերությունն իր հունով շարունակում է աշխատանքները: Ակնհայտ է, սակայն, որ հասարակական կազմակերպությունների ճնշումներն ընկերությանը ստիպում են ավելի զգոն աշխատել եւ քայլեր ձեռնարկել ձեւավորվելու ընկերության դրական իմիջը: Այնպես, որ ուսանողներին ծառատունկում ներգրավելը, պարզ է, որ այդ ծրագրի մաս է կազմում, սակայն միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել ակցիայի հաջող ավարտը: Ծառատունկից հետո «Վալլեքս գրուպ» ընկերության նախաձեռնությամբ Թեղուտ գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել Տիգրան Պասկեւիչյանի «Թեղուտ. զավակների հացը» խորագրով ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը, բնականաբար, «Վալլեքս գրուպին» դուր չի եկել, եւ ինչպես այլ ֆիլմերի դեպքում, այս անգամ եւս ընկերության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը հեղինակի աշխատանքը որակել է որպես ոչ օբյեկտիվ գործ, թեեւ նշել է, որ Տիգրան Պասկեւիչյանը փորձել է համադրել հարկադիր տեսակետներ:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության երիտասարդական թեւի համակարգող Վիկտորյա Բուռնազյանը, ով եւս մասնակցել էր «Վալլեքս գրուպ»-ի կազմակերպած միջոցառումներին, մեզ պատմեց, որ ֆիլմից հետո սկսվեց բուռն քննարկում, երիտասարդության մի հատվածը սկսեց քննադատել ընկերությանը: Պասկեւիչյանի ֆիլմում մասնավորապես Թեղուտին հարակից Շնող գյուղի բնակիչներն են խոսել եւ դժգոհել, որ իրենց հողերը չափազանց էժան գնով են ցանկանում գնել (մեկ քառ. մետրը 70 դրամ), իսկ այլ ընկերւթյուններ էլ չեն համաձայնել գնահատել իրենց հողատարածքները: Սա նույնպես ակցիային մասնակցած երիտասարդներին դուր չի եկել:
Ի տարբերություն մայրաքաղաքից եկած երիտասարդների` Լոռու մարզի երիտասարդներն անվերարապահորեն պաշտպանել են Թեղուտի հանքավայրը շահագործող եւ անտառը հատող ընկերությանը: «Ալավերդու երիտասարդական՚ միության անդամները մեզ` հասարակական կազմակերպություններիս մեղադրում էին, թե մենք սրտացավ չենք, երբ Թեղուտի մասին ենք խոսում, այլ կերպ ասած, մեզ խորհուրդ էին տալիս մեր գործով զբաղվել եւ հանգիստ թողնել Թեղուտը: Նրանք ասում էին` Հայաստանում տարեկան 4000 հա ապօրինի ծառահատում է լինում, իսկ դուք 357 հա-ի դեմ եք խոսում»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը: Մեր հարցին, թե Թեղուտում ի՞նչ տրամադրություններ էին տիրում, արդյո՞ք հանքի շահագործումը գյուղացիներից շատերի սրտով է, թե` ոչ, Վիկտորյա Բուռնազյանը պատասխանեց, որ իրենց այցելության ընթացքում հանդիպեցին մի քանի գյուղացիների, ովքեր ասում էին` եթե նախկինում անգործ էինք, ապա այսպես գոնե օրվա հացի փող ենք վաստակում:
«Էկոլուր»-ի փոխանցմամբ, Թեղուտի քննարկմանը ներկա է եղել նաեւ Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արփինե Գալֆայանը: Նա տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը: Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները դիմել էին ՀՀ Վճռաբեկ դատարան, քանի որ ՀՀ Վարչական դատարանը մերժել էր հայցը, որով բնապահպանները պահանջում էին անօրինական համարել բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «AСР» ընկերությանը, (որը պատկանում է «Վայյեքս գրուպին») Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը:
Դեկտեմբեր 02, 2009
