

Aysor.am
«Հայաստանի` Ջավախքի բարձրավանդակում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում այսօր Շիրակի մարզում տեղի ունեցավ «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի հիմնարկեքի արարողությունը: Աշոցքի տարածաշրջանում` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանագծին գտնվող ազգային պարկը համարվում է մի քանի բուսատեսակների և գարեցկու իժի արեալը:
Նշենք, որ «Հայաստանի` Ջավախքի բարձրավանդակում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը ֆինանսավորվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, բյուջեն կազմում է 2,5 միլիոն եվրո:
Ինչպես հայտնում է Aysor-ի թղթակիցը Աշոցքից, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ արդեն համագործակցության պայմանագիր է ստորագրվել Վրաստանի հետ` վրացական կողմից պարկի տարածքների պահպանման վերաբերյալ, իսկ թուրքական կողմի հետ քննարկումները դեռ շարունակվում են: Նշելով, որ վարչական շենքի կառուցումն իրականացվում է ծրագրին համապատասխան, նախարարը կարևորեց այդ ծրագիրը ոչ միայն Հայաստանի, այլև` Կովկասի տարածաշրջանի համար:
«Ծրագրի աջակցությամբ ստեղծված բնության հատուկ պահպանությամբ այս տարածքը` «Արփի լիճ» ազգային պարկը, հանդիսանում է առաջին անդրսահմանային ազգային պարկը` Հայաստանի և Վրաստանի միջև»,- ասաց նա` նշելով, որ Շիրակի մարզի համար ծրագիրն ունի ինչպես մեծ բնապահպանական, այդպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն:
Վարչական շենքի շուրջ ծառատունկ իրականացվեց, տնկվեցին անվանական եղևնիներ: Արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը և մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մայիս 12, 2010
