

Արթուր Հովհաննիսյան, Հայոց աշխարհ
«Նաիրիտում» նախորդ տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած վթարը (երեք պայթյուն եւ խոշոր հրդեհ) ընդամենը վերջին 3-4 տարում արդեն երրորդն էր: Երեւանում բնակվում է մեր երկրի բնակչության մոտ կեսը, իսկ «Նաիրիտը» հենց մայրաքաղաքում է, խտաբնակ թաղամասերի հարեւանությամբ: Քիմիական հսկայից մինչեւ Գարեգին Նժդեհի հրապարակ ընդամենը 3-4 կանգառ է:
Թվում է, թե գոնե վերը նշված փաստերը համապատասխան պաշտոնյաներին, «Նաիրիտ գործարան» ընկերությանը եւ պետական պատկան մարմիններին կսթափեցնեին: Ավաղ... Եվ ընկերությունը, եւ վթարի փաստի առթիվ հարուցված թիվ 69104309 քրեական գործի նախաքննությունն իրականացրած Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը այդպես էլ չհրապարակեցին թաքցրեցին բուն մեղավորների անունները եւ կատարվածի պատճառները:
«Նիրիտ գործարան» ՓԲԸ քլորոպրենի արտադրության 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվեցին նույն բաժանմունքի աշխատակիցներ Լեւոն Լեւոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը եւ Վահան Ղարիբյանը: Բազմաթիվ այլ անձինք, մասնավորապես հրշեջ-փրկարարներից ոմանք, տուժեցին: Ընկերության աշխատակիցներից Կարեն Ղեւոնդյանը ստացավ մարմնական վնասվածք:
Ընդգծենք, որ բաժանմունքը քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնոլոգիական շղթայի հանգույցներից է, որտեղ արտադրվում է կաուչուկի հումքը` քլորոպրենը: Միայն բարեբախտությամբ եւ իրենց կյանքը վտանգի ենթարկած հրշեջ-փրկարարների հերոսական ջանքերի շնորհիվ հաջողվեց խուսափել ավելի մեծ աղետից Պատկերացնելու համար, թե ինչ կարող էր լինել, նախ ներկայացնենք որոշ մանրամասներ քրեական գործով մեղադրական եզրակացությունից:
Վերոնշյալ փաստաթղթում վկայակոչված դեպքի վայրի զննության 14.05.2009թ. եւ 15.05.2009թ. արձանագրությունների համաձայն, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ քլորոպրենի արտադրության 1-12 արտադրամասի ՙԲ՚ բաժանմունքը չորսհարկանի երկաթբետոնե շինություն է, որի յուրաքանչյուր հարկում մոնտաժված են քլորոպրենի արտադրության համար նախատեսված սարքավորումներ` խողովակներ, պոմպեր, ջերմափոխանակիչներ, սպասարկման փականներ, իսկ 5-րդ եւ 6-րդ մետաղակոնստրուկցիոն հարկերում տեղադրված են եղել 6 ջերմափոխանակիչ (կոնդենսատոր):
Դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ պարզվել է, որ պայթյունի օջախ ջերմափոխանակիչներն ամրացման հատվածներից պոկվել են եւ ընկել 4-րդ հարկի բետոնե հարթակին, իսկ նույն ենթահարթակում տեղադրված թարմ մոնովինիլացետիլենի հավաքարանի պոկվելու եւ ընկնելու հետեւանքով ավերվել են մետաղական կոնստրուկցիաները, 3-րդ եւ 4-րդ հարկերի բետոնե հարթակները: Թիվ 1 ջերմափոխանակիչի ստորին կափարիչը մասնատվել է, որի մի հատվածը մխրճվել է դեսորբցիոն աշտարակի վերին հատվածի մեջ, իսկ թիվ 2 ջերմափոխանակիչի վերին կափարիչը պոկվել, շպրտվել է շուրջ 50 մ հեռու եւ ընկել 4-րդ հարկի բետոնե հարթակի վրա:
Թեեւ առաջացած պայթյունի հետեւանքով մարդկային զոհեր, վիրավորներ, տուժածներ, մետաղական կոնստրուկցիաների, բետոնե հարթակների եւ այլ կոնստրուկցիաների փլուզումներ, ավերածություններ են եղել, կոտրվել են հարակից շինությունների պատուհանների ապակիները, նույնիսկ գործարանի հարակից Բագրատունյաց փողոցով ընթացող մի ավտոմեքենա է լրջորեն վնասվել, այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, վթարի հետեւանքները կարող էին անհամեմատ աղետալի լինել: Սա հասկանալու համար, նախ, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ, ըստ հիշյալ արձանագրությունների, պայթյունի օջախը ոչ թե աշտարակը, քլորոպրեն պարունակող տարողությունները, այլ ջերմափոխանակիչներն են եղել:
Դրանցում, ի տարբերություն անմիջական հարեւանությամբ գտնվող աշտարակների (ուղղահայաց դիրքով դրված յուրօրինակ հսկայական ցիստեռնների), քիմիական թունավոր, պայթյունավտանգ նյութերի քանակությունը մեծ չէ: Մինչդեռ կարող էին հենց այդ աշտարակները պայթել, քանի որ, ինչպես դեպքի վայրի զննության 15.05.2009թ. արձանագրության մեջ է նշված, թիվ 1 ջերմափոխանակիչի ստորին կափարիչի մասնատված հատվածներից մեկը մխրճվել է դեսորբցիոն աշտարակի վերին հատվածի մեջ: Նկատենք, որ պայթյունից տաքացած մետաղակտորները, աշտարակի պատի դիմադրությունը հաղթահարելով, կարող էին հայտնվել դրա ներսում:
Ավելին, պայթյունի ուժն այնքան մեծ է եղել, որ մյուս (թիվ 2) ջերմափոխանակիչի վերին կափարիչը պոկվել ու շպրտվել է շուրջ 50 մ հեռու: Եթե այդ կափարիչը այլ ուղղությամբ սլանար, կարող էր մեծ ուժով հարվածել ռումբի նմանվող հարակից աշտարակին: Պարզ չէ, թե հրշեջները, հրդեհաշիջման աշխատանքներից բացի, ինչու էին հզոր ջրաշիթերով փութաջանորեն հովացնում տաքացած այդ աշտարակները:
Մեր բոլորի բախտը բերեց` այս անգամ դրանք չպայթեցին:
Շարունակելի
Մայիս 18, 2010
