

Հետք
Այսօր կառավարության նիստի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ «Միասին» հասարակական շարժման կառավարությանն ուղղված դիմում-առաջարկին:
«Նրանք հրապարակային ակցիա կատարեցին, եկան կառավարության շենքի մոտ եւ մեզ հանձնեցին իրենց նամակը, որի էությունը մաքուր Հայաստան ունենալն է։ Իմ հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարի գլխավորությամբ։ Նպատակն էր ստեղծել ազգային ծրագիր, որի մշակմանը կմասնակցեն բոլոր հասարակական կազմակերպությունները։ Եվ այսօր առավոտյան բնապահպանության նախարարն ինձ զեկուցեց, որ այդ ծրագիրը պատրաստ է»։
Վարչապետը տեղեկացրել է, որ այն արժանացել է նաեւ հասարակական կազմակերպությունների հավանությանը, եւ կառավարությունը սկսում է այդ ծրագրի իրականացումը հրապարակային ձեւով` «Մաքուր հայրենիք»։
Առաջին ակցիան տեղի կունենա մայիսի 29-ին Երեւան քաղաքում հասարակական կազմակերպությունների հետ։ «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ բոլոր գերատեսչությունները մասնակցեն այդ ակցիային։ Մեր բնապահպանության նախարարը բոլոր գերատեսչություններին կուղարկի մանրակրկիտ ինֆորմացիա, մենք կսկսենք Երեւանից, հետագայում փորձը կտարածենք բոլոր մարզերում։ «Մաքուր հայրենիք» ծրագիրը մայիսի 29-ին կսկսի իր երթը, խնդրում եմ բոլորիդ, որպեսզի աջակցեք մեր բնապահպանության նախարարին այս գործում»,- նշել է վարչապետը։
Մայիս 26, 2010
