ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԷկոԼուր

Հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Երեւանում տոնեցին բոլորը` եւկառավարությունը, եւ հասարակական կազմակերպությունները: Նախարարությունների անդամները  վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մեկնեցին մաքրելու Հրազդանի կիրճը: Սա առաջին դեպքն է, երբ նմանատիպ միջոցառմանը մասնակցեցին երկրի առաջին դեմքերը: «Մաքուր հայրենիք» նախաձեռնությունը պատկանում է «Մասին» երիտասարդական շարժմանը, որն աջակցում է վարչապետը եւ որը հայտարարվել է ազգային ծրագիր: Միջոցառմանը միացան բոլոր ցանկացողները:

Նույն օրը «Արմատ» ակումբը  էկոլոգիական խնդիրների քննարկման համար հրավիրեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, «Թռչնասերների կենտրոն» եւ «ԷկոԼուր» ՀԿ-ներին:

Ակումբում տրամադրությունն այդքան էլ տոնական չէր, քանի որ բարձրացվեցին ծանր էկոլոգիական հարցեր` Երեւանի եւ կանաչ գոտիների անօրինական կառուցապատում, կենսաբազմազանության կրճատում, լեռնահանքային արդյունաբերության զարգացում եւ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի տեղադրում:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված նյութերը կարդացեք ստորեւ:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ
ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոն


«Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը» վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին, որն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մշակվել էր վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մաքրման և բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ «Երեք կամուրջ» ծրագիրն իրականացվում է Հրազդանի ձորի երեք` Հաղթանակի, Կիևյան և Դավիթաշենի կամուրջներին հարող հատվածի մաքրման և բարեկարգման նպատակով։

Տիգրան Սարգսյանն այցելել է մաքրման ենթակա տեղամասեր և անձամբ մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին։ Վարչապետը ողջունել է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունը և պատասխանելով լրագրողների հարցերին` նշել. «Մենք պետք է մեր երեխաներին և թոռնիկներին սովորեցնենք, որ չի կարելի աղտոտել բնությունը, մեր սիրելի քաղաքը։ Դա հայրենասիրության կարևորագույն տարր է և պետք է դառնա ավանդույթ։ «Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ և հեռուն գնացող բովանդակություն։ Մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում և անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»։ Անդրադառնալով Հրազդանի կիրճում տնտեսվարողների կողմից տարածքը մաքուր պահպանելու խնդրին` Տիգրան Սարգսյանը կարևորել է պատժամիջոցների խստացումը սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ։

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է տեղամասերով, զրուցել միջոցառման մասնակիցների հետ։ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը զեկուցել է վարչապետին իրականացվող աշխատանքների մասին։

«Մաքուր Հայրենիք» ծրագիրը համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Միասին» և «Մաքուր Երևան» հասարակական կազմակերպությունները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, ինչպես նաև մասնագիտական կառույցները և Հրազդանի ձորում գործող տնտեսվարողները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում։ Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ։

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է՞ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ԹԵ ԻՆՉ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»
Aysor.am


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը հայտնեց, թե Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի տարածքում ընթացնում են հորատման աշխատանքեր, որպեսզի կառուցվի «անհասկանալի է, թե ինչ գերեզմանոց»:

Նրա խոսքով, աշխատանքները իրականացվում են «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ Մարատ Գրիգորյանի կողմից:
«Չի ներկայացվել գերեզմանոցի տեխնիկական նախագիծ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ գերեզմանոց է, դիմել ենք Մարատ Գրիգորյանին, նա էլ ասում է, որ լաբորատոր և բժշկական թափոնների համար նախատեսված գերեզմանոց է, իսկ որտե՞ղ է գրված` ոչ մի տեղ»- հայտնեց բանախոսը և հավելեց, որ կա ՀՀ Կառավարության 2009թ.-ի հուլիսի 23-ի թիվ 836-Ն որոշումը, սակայն այդ որոշման հավելվածի միայն 6-րդ կետում է նշված ռադիոկատիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների գերեզմանոցի մասին:

Բանախոսը նշեց, որ այդպիսի օբյեկտ կառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասարակական լսումներ կատարել, ժողովրդի կարծիքը հաշվի առնել:

«Զանգակատուն գյուղի բնակիչները ուղղակի փակել են ճանապարհը և վռնդել աշխատակիցներին: Գյուղացիները չէին զգուշացվել, որ այդպիսի աշխատանք պետք է լինի: Մեկ ամիս հետո տեխնիկան տեղափոխվել է կողքի գյուղը` Ուրցալանջ. այնտեղ էլ կանայք են դուրս եկել»,- նշեց Ի. Զառաֆյանը:

«Սա լուրջ խնդիր է մեզ համար, ոչ ոք չգիտի ո՞նց ենք մենք մտնում այդ ամբողջ քաղաքականության մեջ, որը կապված է ռադիոակտիվ թափոնների հետ»,- շեշտեց Ինգա Զառաֆյանը:

«ԷԿՈԼՈՒՐ». ՇՈՐԺԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԿՈՉՆՉԱՑՆԻ ՍԵՎԱՆԸ
News.am


Այն մասին, որ իրենց գյուղից ընդամենը 600-700 մ հեռավորության վրա պատրաստվում են ռադիոակտիվ թափոնների եւ վնասակար նյութերի գերեզմանոց տեղակայել, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները տեղեկացել են միայն ապրիլ ամսին, այսինքն՝ գործընթացը սկսվել է առանց վերջիններիս գիտության։ Նման հայտարարությամբ հունիսի 5-ին հանդես եկավ  «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։

Նշելով, որ Զանգակատուն գյուղի բնակիչները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել եւ պարզապես փակել գյուղ բերված տեխնիկայի ճանապարհը, նա տեղեկացրեց, որ դրանից ընդամենը երկու օր անց նույն պատկերը գրանցվել է արդեն Զանգակատնից ոչ հեռու գտնվող Ուրցաձոր գյուղում։ «Փորձ է արվել գերեզմանոց հիմնելու աշխատանքները տեղափոխել Ուրցաձոր եւ կատարել բացարձակապես փակ-գաղտնի պայմաններում, առանց տվյալ տարածքի բնակիչներին տեղյակ պահելու»,- ընդգծեց Զարաֆյանը՝ ավելացնելով, որ իրենց կազմակերպությունը ապօրինի գործողությունների մասին տեղեկացել է կառավարության պաշտոնական կայքէջի լավ քողարկված հավելվածներից մեկից։ «Մենք բարձրաձայնել եւ բարձրաձայնելու ենք խնդրի մասին եւ հասարակական քննարկումներ ենք պահանջելու»,- հավաստիացրեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահը։

Խոսելով Սեւանա լճից ընդամենը 2 կմ հեռավորության վրա՝ Շորժայի մոտ կառուցվող, ապագայում քրոմի կոնցենտրատ եւ հրադիմացկուն նյութեր արտադրել պատրաստվող ֆաբրիկայի մասին՝ բնապահպանը նկատեց, որ  գործարկվելիք ձեռնարկությունը պարզապես կոչնչացնի Սեւանը։ «Նախատեսվում է, որ գործարանը պետք է արտադրի տարեկան 20 մլն տոննա հրադիմացկուն նյութեր, 50 հազար տոննա քրոմի կոնցենտրատ եւ 20 հազար տոննա երկաթաքրոմ։ Սրանք չքայքայվող, վնասակար նյութեր են, որոնց ամբողջ փոշին հիմա էլ լցվում է Սեւանա լիճ»,- տեղեկացրեց Զարաֆյանը։

ՎԵՐԱՑԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԹՌՉՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԻԱՅՆ ՑԵՄԵՆՏԱՇԱՂԱԽ Է ՈՒ ՇԵՆՔ
Panorama.am


Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մայրաքաղաքի կենսաբազմազանության խնդիրների մասին նշեց, որ դեռևս 20-ական թվականներին նախատեսված էր Երևանը ծաղկող քաղաք դարձնել:

Ըստ նրա, այժմ ծաղկող քաղաքից գրեթե ոչինչ չի մնացել: Ծառահատումների ու կանաչ տարածքների վերացումը նպաստել է, որ քաղաքում փոխվի կենսաբազմազանությունը: Ս. Ադամյանը նշեց, որ քաղաքացիները զարմացած ահազանգում են կենտրոն ու նկատում` քաղաքում ագռավներն ու կաչաղակները շատացել են, միևնույն ժամանակ վերացել են Երևանին հատուկ թռչնատեսակները:

Երևանի շրջակայքում մոտ 150 տեսակի թռչուններ են եղել, այդ թվում նաև գիշատիչներ, երգեցիկ թռչուններ ու այլ տեսակներ: Կենտրոնի նախագահի խոսքով, վերացել են Երևանին հատուկ այդ թռչնատեակները ու քանի որ քաղաքը աղտոտվում է, աղբը շատանում է, շատանում են նաև ագռավներն ու կաչաղակները:

«Կանաչ տարածքները մեր քաղաքից վերանում են: Սոխակները, որ բնադրվում էին այդ տարածքներում, ի սպառ վերացել են Երևանից: Եվ մենք տեսնում ենք միայն ագռավներ ու կաչաղակներ: Բոլոր անտառային տեսակներն ուղղակի դուրս են եկել մեր քաղաքից: Իսկ դա շատ վատ է»,-ասաց նա:

Ս. Ադամյանը նաև նկատեց, որ վերացել են Երևանի մերձակայքում եղած գիշատիչները` բվիկները, որոնք պայքարում էին կրծողների դեմ:

Վերջում բանախոսը խորհուրդ տվեց շտապ միջոցառումներ ձեռք առնել, որ վերադարձվի կենսաբազմազանությունը: Այժմ, ըստ նրա, Երևանը միայն ցեմենտաշաղախ է ու շենք… կանաչ տարածքներ գրեթե չկան:
 
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՄԵՐ ՍՈԽԱԿՆԵՐԸ…

Aysor.am

«Այսօր Երևանը զրկվել է իր զբոսայգիներից, պուրակներից, կանաչ գոտիներից և այն անտառապատ մասերից, որոնք կոչված էին պահպանել քաղաքը քամիներից. քաղաքը գտնվում է կիսաանապատային և տափաստանային գոտում, կանաչ տարածքները թույլ չէին տալիս, որ տափաստանային և անապատային քամիները խուժեին քաղաք. այժմ մայրաքաղաքում փչում են ուժեղ տաք ու փոշոտ քամիներ»,- լրագրողների հետ հանիդիպման ժամանակ նշեց «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպության համակարգող, Թռչնասերների կենտրոն Հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Բանախոսը նաև անդրադարձավ Երևանի կանաչ տարածքների կրճատման հետևանքով առաջացած թռչունների խնդրին:

«Երևանում և նրա շրջակայքում մոտավորապես 150 թռչնատեսակ է եղել»,- տեղեկացրեց Ս. Ադամյանը և հավելեց, որ մարդիկ զանգահարում և հարցնում են` «ինչո՞ւ են Երևանում շատացել ագռավներն ու կաչաղակները»:

Ըստ նրա, բացատրությունը մեկն է. նախ Երևանը շատ աղտոտված է և զրկված է կանաչ տարածքից, իսկ այն բիոտոպերը, որոնք արհեստականորեն ստեղծված էին, որպեսզի թռչունները բնակվեն քաղաքում, այսօր չկան:

«Սոխակները, որոնք բնադրվում էին քաղաքի այգիներում, հիմա իսպառ վերացել են, բոլոր անտառային տեսակները ուղղակի դուրս են եկել Երևանից»,- շեշտեց Թռչնասերների կենտրոնի նախագահը:

Բնապահպանը առաջարկում է կրկին ծառեր տնկել, վերականգնել անտառապուրակները, որպեսզի վերադառնան այն բոլոր թռչնատեսակները, որոնք այնքան անհրաժեշտ են մայրաքաղաքին:

ԵՐԵՎԱՆԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ ՍՈԽԱԿՆԵՐՆ ՈՒ ԵՐԱՇՏԱՀԱՎԵՐԸ
ԱրմԻնֆո


Շինարարական աշխատանքները հանգեցրել են նրան, որ Երևանից անհետացել են որոշ տեսակի թռչուններ:

Ինչպես մամլո ասուլիսի ընթացքում հաղորդել է «Թռչնասերերի կենտրոնի. ղեկավար Սիլվա Ադամյանը, կանաչ տարածքների անհետացման և ծառահատման արդյունքում մայրաքաղաքից անհետացել են սոխակները, կովկասյան երկարապոչ երաշտահավը և Կարմիր գրքում ընդգրկված կարճամատ ճնճղուկը: Շինարարությունից տուժել են նաև այնպիսի գիշատիչ թռչուններ, ինչպիսիք են Falco columbarius-ը և Falco tinnunculus-ը: Ս.Ադամյանը նշել է, որ էլիտար բարձրահարկ շենքերը կարող են ճնշել միջատներով սնվող թռչուններին: Դրանց թվում են ծիծեռնակները, որոնք, ինչպես հայտնի է, իրենց բները կառուցում են շենքերի ճեղքերում: Իսկ նորակառույց բարձրահարկ շենքերը այդպիսի հնարավորություն չեն տալիս: «Եթե սովետական տարիներին Երևանում և նրան հարող տարածքներում բնակվում էր 158 տեսակի թռչուն, ապա այժմ դժվարությամբ կարելի է հաշվել մոտ 100»,- ընդգծելն է Ս.Ադամյանը: Նրա խոսքերով, միակն, ում համար Երևանն իսկական դրախտ է դարձել, ագռավներն ու կաչաղակներն են: Քաղաքային աղբի ծավալի մեծացումն ու կանաչ տարածքների նվազեցումը հանգեցրել է այն բանին, որ սրանց թիվը կայունաբար մեծանում է:

ԲՆԱՊԱՀՊԱՆ. ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԺՌՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Panorama.am


«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն այսօր` շրջակա միջավայրի համաշխարհային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մայրաքաղաքի առաջ ծառացած առավել կարևոր բնապահպանական խնդիրների մասին:

Նա ասաց, որ վերջերս գրքույկ են հրատարակել «Երևանը էկոլոգիական աղետի ճանապարհին»: Առաջին հերթին, Կ. Դանիելյանը խոսեց խմելու ջրի որակի մասին: Բացի այդ, բնակիչների կողմից շատ ահազանգեր են հնչել այդ առիթով: Իսկ այս խնդիրը բնապահպանը լուրջ որակեց ու նշեց, որ այն գնալով սրվում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանի խմելու ջրի որակը չի համապատասխանում չափորոշիչներին: «Առավել ևս, երբ եղած ջրի համակարգերին նստացնում են նոր էլիտար շենքեր, թաղամասեր, դա ավելի լրջացնում է իրավիճակը»,-ասաց Կ. Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով, Երևանում քաղաքաշինություը, սկզբունքորեն, իրականացվել է հաշվի չառնելով բնապահպանական նորմերը: Նա նկատեց, որ Երևանի քաղաքաշինությունը կարելի է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի կառուցել քաղաքներ, հատկապես` մայրաքաղաք, մեծ քաղաք 21-րդ դարում:

Մեկ որակումով, Կ. Դանիելյանը նշեց, որ ագահությունը խժռում է Երևանի կենտրոնն ու շարունակում է խժռել:

Գյուղերի ու փոքր քաղաքների ամայանալու ֆոնին, ըստ նրա, էլիտար շենքերն ու թաղամասերը առաջնահերթություն չեն ներկայացնում: «Եվ ինչ են անում… էստակադաներ են կառուցում, Գետառն են փակում, այնինչ դրա հետևանքները գիտակցում է նույնիսկ դպրոցական աշակերտը: Դրա համար էլ ամեն անձրևից հետո կեղտաջուրը լցվում է քաղաքում, համալսարանի բակում ու ամենուր»,-նկատեց նա: Ըստ նրա, ոչ մի բնության օրինաչափություն, Երևանի քաղաքաշինությունում, հաշվի չի առնվել:

Խոսելով ձեռքբերումների մասին, նա կարևորեց, որ կա կայուն զարգացման ռազմավարության, կամ ծրագիր` կառավարության կողմից մշակված: Կա օրենդրություն, ծրագրեր, բայց, Կ. Դանիելյանը ցավով նկատեց, որ դրանց իրականացումը շատ դժվար է: «Պետք չի նայել միայն ինստիտուցիոնալ ոլորտի վրա: Օրենք է պե՞տք` կընդունենք, ծրագի՞ր է պետք` կմշակենք… բայց երբ պետք է հերթը հասնի բնությանը»,-ասաց Կ. Դանիելյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարել է Շրջակա միջավայրի համաշխարհային օր 1972թ., որն էլ դարձել է միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրում:

1972թ. հունիսի 5-ին տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերենցիան ստեղծել է նա և հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը (UNEP):

Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական և զինվորական գործունեության արդյունքում` վթարները արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են:

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԳՆԱԼՈՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Aysor.am


Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 1972թ.-ին, երբ Ստոկհոլմում ՄԱԿ-ի կանչով հավաքվեցին երկրները և քննարկեցին էկոլոգիական հիմնախնդիրները ամբողջ աշխարհում: Քննարկման արդյունքում փաստվեց, որ մեր քաղաքակրթությունը գնում է դեպի էկոլոգիական ճգնաժամ:

Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Դանիելյանը:

Հունիսի 5-ը որպես Շրջակա միջվայրի պահպանության համաշխարհային օր, ըստ բանախոսի, Հայաստանում նշվել է 1980 թվականից և տարիների ընթացքում փորձել են ի մի բերել` իրո՞ք կան ձեռբքերումներ, թե՞ ոչ, և ընդհանրապես ի՞նչ էկոլոգիական հիմնախնդիրներ կան Հայաստանում:

Այս տարի Բալիում անց է կացվել բնապահպանական մեծ համաժողով, որին մասնակցել է Կ. Դանիելյանը և որտեղ փաստվել է, որ այս տարիների ընթացքում ծրագրեր մշակվել և իրականացվել են, բայց չեն հասել այն նպատակներին, որոնք որ դրվել են և, կարելի է ասել, որ էկոլոգիական ճգնաժամը մոլորակի վրա գնալով խորանում է:

Ինչ վերաբերում է Հայաստանի էկոլոգիական հիմնախնդիրներին, ապա Կարինե Դանիելյանը փաստեց, որ Հայաստանում կա Կայուն զարգացման ռազմավարություն, կա համապատասխան օրենսդրություն, կան համապատասխան ծրագրեր, «բայց ցավոք դրա իրականացումը շատ-շատ անբավարար է»:

Հունիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր