Slaq.am
Մութ ու ցուրտ տարիներին ամենաշատ տուժողներից մեկն էլ եղել են մեր տարածաշրջանի անտառները։ Այդ ժամանակ հատվել են մեծ քանակությամբ ծառեր, այդ թվում ՝ մրգատու։ Անտառահատումներ, ճիշտ է, հիմա էլ չեն բացառվում, բայց մասնագետների հավաստմամբ անտառը քիչ-քիչ ոտքի է կանգնում։ «Հայանտառի» «Կապան անտառտնտեսություն» մասնաճյուղը կատարում է թե՜ սեզոնային եւ թե՜ ախտաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում հնարավոր է լինում գնահատել անտառների սանիտարահիգիենիկ վիճակը։
Անցումային հատումներ են սկսվել Առաջաձորի, Նորաշենիկի եւ Սյունիքի անտառպետություններում։ «Հատվում են այն ծառերը, որոնք կորցրել են կենսունակությունը»,-ասում է մասնաճյուղի ավագ անտառապետ Սերյոժա Ազարյանը։ Վերջինս ուրախությամբ է նշում նաեւ, որ դրանց մեջ չկան հիվանդ ծառեր։ Անտառներում գարնանային սրսկումներ այս տարի չեն կատարվի։ «Միայն նկատելի է կաղնու ալրացման հիվանդություն, այն էլ շատ քիչ է, եւ հիվանդությունը կանխելու աշխատանքներ իրականացվում են»,- նշում է ավագ անտառապետը։ Միայն հատումների շնորհիվ չէ, որ անտառը թարմանում է։
Անընդհատ լրացումներ են կատարվում։ Կապանի տարածաշրջանում 2010թ-ին նախատեսվել է 20 հա-ի չափով ծառատունկ։ 10 հա արդեն իրականցրել են, իսկ մյուս կեսը աշնանը կկազմակերպեն։ Հիմնականում տնկում են արժեքավոր ծառեր՝ ընկուզենի, կաղնի, սոսի, նաեւ՝ մրգատու ծառեր։ Իսկ ամենամեծ ծառատունկը կազմակերպել են Գեղիի տարածքում։ «Այստեղ 6-7 տարի առաջ հրդեհ էր բռնկվել, եւ գիհի տեսակի ծառերը ոչնչացել էին։ Ապրիլի 15-ից ծրագիր ենք իրականացնում, արդեն 10 հա ծառատունկ ենք արել։ Ի դեպ, գիհիները ամեն տեղ չեն աճում, Գեղիի տարածքում պայմանները լավ են»,-ասում է Կապանի անտառտնտեսության տնօրեն Վլադիմիր Միրզոյանը։ Անտառտնտեսության աշխատակիցները վստահեցնում են, որ անտառի թշնամին ու միաժամանակ պաշտպանը հենց մարդն է։ «Բնությունը իր վնասները ինքն է փոխհատուցում, իսկ մարդունը՝ շատ ավելի դժվար է»,- ավելացնում են։ Միայն հորդորում են, որ այս տաք եղանակներին ավելի զգույշ լինեն ու անտառային հրդեհների տեղիք չտան։ www.sosi-tv.com
Հունիս 28, 2010
