ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒԺՈՎ ՑՐԵՑԻՆ ՎՏԲ ԲԱՆԿԻ ՄՈՏ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒԺՈՎ ՑՐԵՑԻՆ ՎՏԲ ԲԱՆԿԻ ՄՈՏ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

ԷկոԼուր

Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը  փավկեց:  Վնասվածք ստացավ Կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը: Հարվածեցին Մարիամ Սուխուդյանին:  Ցուցարարները զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Որոշ ժամանակ անց ՎՏԲ-ի մոտ եկավ Օմբուդսմենի ներկայացուցիչ Արմեն Մաշյանը, որը ակտիվիստներից տեղի ունեցածը լսելուց հետո ասաց. «Մենք կորոշենք` ինչ անենք» եւ հեռացավ:

Թեղուտի պաշտպանության խումբը ՎՏԲ-ից պահանջում է`

• կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական և անօրինական ծրագրի ֆինանսավորումը
• հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները և դրանք մշակողների անունները
• վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել և ի կատար ածել հաշվետվության և թափանցիկության սկզբունքները: Պահանջում ենք հստակ պատասխան էկոլոգիական և իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին:

«Հայաստանը կործանվում է, արթնացեք,- կոչ արեց Մարիամ Սուխուդյանը,-բազմաթիվ ուղերձներ ենք ուղղել բանկին` գրավոր, զանգերով: Ուղղակի արհամարհում են նրանք հանրային կարծիքը: Դրա համար էլ նման միջոցների ենք դիմում: Կոչ ենք անում մարդկանց, որպեսզի չօգտվեն ՎՏԲ-ի ծառայություններից, եթե նա սկսի ֆինանսավորումը: Կոմունալ վճարումներ չանել, որովհետեւ մարդիկ անուղղակիորեն նպաստում են Հայաստանի կործանմանը»:

Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել շուրջ 300 միլիոն դոլլարի վարկ` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, որի արդյունքում կոչնչանա Թեղուտի անտառի էկոհամակարգը, կհեռացվեն լեռնային գետերը, մոտ 1500 հա տարածքի վրա կկառուցվեն էկոլոգիապես վտանգավոր օբյեկտներ:

Մինչ ՎՏԲ-ին դիմելը ACP-ն դիմել է EBRD-ին` Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկին` վարկ տրամադրելու համար, սակայն բանկը հրաժարվել է վարկավորել: «Այդ ժամանակ ACP-ն դիմեց ՎՏԲ-ին, որը եւ հասկանալի պայմաններով, ես ենթադրում եմ, որ ատկատով որոշեց ֆինանսավորել ACP-ին»,- «ԷկոԼուր»-ին ասաց ոմն Վ. Հ., ով մասնակցել է ACP-ի էկոաուդիտին, որը EBRD-ի պատվերով անցկացրել է WSP ընկերությունը:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում բանկի ղեկավարներից որեւէ մեկի հետ: Սակայն մոտ երկու ժամ տեւած ակցիայի ընթացքում ոչ մի պաշտոնյա չմոտեցավ ցուցարարներին բացի բանկի այն աշխատակիցներից, որոնք շենք էին բարձրանում ցուցարարների վրայով (տես լուսանկարները):

Հուլիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր