Հետք
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգ է ստացել Կոմիտասի փողոցին հարող շենքերի (Արևելյան խոհանոցի դիմացի մայթ) բնակիչներից: Այնտեղ արդեն երրորդ օրն է, ինչ բնակիչները դիմադրում են մի խումբ մարդկանց, ովքեր քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում: Նպատակն է` բակում գտնվող ենթակայանը տեղափոխել մեկ այլ վայր և բակի ու այգու տարածքում սկսել բարձրահարկ շենքի շինարարություն:
Չներկայացնելով որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն՝ նրանք սպառնում են ուժ կիրառել բնակիչների հանդեպ, եթե նրանք շարունակեն խոչընդոտել ենթակայանի քանդման աշխատանքներին: Ընդ որում, շենքերի բնակիչներն արդեն իսկ արագ ստորագրահավաք են անցկացրել և նամակներ ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մյուս մարմիններին: Բնակիչները վճռական են տրամադրված՝ չնայած երկուշաբթի օրը ժամանած ինժեները սպառնացել է կտրել յուրաքանչյուրի վիզը, ով կխանգարի իրենց:
Պետք է արձանագրել, որ Երևանի տարբեր վայրերում բողոքի ալիքներից հետո չի արվել որևէ հետևություն և շարունակվում է Երևանի բոլոր բակային տարածքների կործանարար բետոնապատումը՝ տուրք տալով մասնավոր ընկերությունների շահերին:
Եթե Երևանի քաղաքային իշխանությունները թույլտվություն են տրամադրել ևս մեկ բակում այգու և բակային տարածքի հաշվին բարձրահարկ շինություն կառուցելու համար՝ ապա բնակիչներին ոչինչ չի մնում անել, քան ֆիզիկապես դիմադրել շինարարական գործողություններին և օգտագործել իրավական ու դատական բոլոր միջոցները՝ սեփական կյանքի տարածքը պաշտպանելու համար:
Նշենք, որ, ՀՀ օրենսդրության համաձայն, քաղաքացիների կենսագործունեության միջավայրի հետ կապված տարածքում որևէ շինարարական և կառուցապատման նախագծեր իրականացնելու համար պարտադիր կերպով դրանք պետք է քննարկվեն և համաձայնեցվեն այդ տարածքում բնակվող քաղաքացիների հետ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կանգնած է Կոմիտասի 5ա և կից շենքերի բնակիչների կողքին և պատրաստ է աջակցել նրանց՝ իրենց օրինական պայքարում ապօրինությունների դեմ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Օգոստոս 24, 2010
