ԿՈՄԻՏԱՍՈՒՄ ԾԱՌԵՐՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿՀԱՏԵՆ

Panorama.am

Նախօրեին ծառահատման փորձ էր կատարվել Կոմիտասի պողոտայում: Երևանի քաղաքապետարանի մասնագետները ահազանգին հետևելով դեպքի վայրում են եղել: Ծառ հատողներից պահանջել էին համապատասխան փաստաթղթեր: Վերջիններս չէին ներկայացրել: Ծառերը նախօրեին չեն հատվել:

Սակայն նախօրեի ուշ երեկոյան քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, ըստ որի Կոմիտաս 5 ա հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման թույլտվություն է տրամադրել «Լիբեր»ընկերությանը դեռևս 2005 թվականին:

«Կոմիտասի պող. հ.5ա բնակելի շենքի բնակիչների կողմից բարձրացված խնդրի կապակցությամբ տեղեկացնումենք, որ

Երևանի քաղաքապետի 25.11.2005թ. որոշմամբ «Լիբեր» ՍՊ ընկերությանը թույլատրվել է Կոմիտասի պող. հ.5 հասցեում «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲ ընկերության տարածքից առանձնացված հատվածում կառուցել բազմաբնակարան բնակելի շենք։ Նույն որոշմամբ «Լիբեր» ՍՊ ընկերությանը պարտավորեցվել է տարածքում գտնվող քարշի հին ենթակայանի փոխարեն կառուցել նոր, տեխնիկապես առավել արդիական քարշի ենթակայան։

Վերը նշված հասցեով հողատարածքը առանձնացված և պարսպապատված է, այն երբևիցե որպես որևէ բնակելի շենքի բակային տարածք կամ այգի չի ծառայել, այլ եղել է «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲ ընկերության տարածքը։

Այնուհետև Երևանի քաղաքապետարանի կողմից բազմաբնակարան բնակելի շենքի և քարշի ենթակայանի կառուցման համար տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցվել է նախագիծ և տրամադրվել է շինարարության թույլտվություն։

Նախագծային փաթեթը անցել է համապատասխան փորձաքննություն։

Բազմաբնակարան բնակելի շենքը և քարշի ենթակայանը հարևան բնակելի շենքերից տեղադրված են նորմատիվ հեռավորության վրա և որևէ կերպ չեն կարող խոչընդոտել հարևան շենքերի նորմալ կենսագործունեությանը»,-ասված է հայտարարության մեջ:

ԿՈՄԻՏԱՍԻ 5Ա ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ՇԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼԸ «ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»
Aysor.am


Կոմիտասի 5ա շենքի բնակչուհի տիկին Գալիան, ով ահազանգել էր Aysor-ին, հայտնեց, որ իրենց շենքի դիմաց ցանկանում են հատել ծառերը, տեղափոխել ենթակայանը, փոխարենը 13 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել:

Տկն. Գայլան, նկարագրելով ստեղծված իրավիճակը, հայտնեց, որ հնարավոր շենքի կառուցման մասին իրենց տեղեկացրել են շենքը կառուցել ցանկացողները, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում, ովքեր ոչ միայն ահազանգել են Ոստիկանություն, այլև բողոք-նամակներ գրել մի շարք կառույցների, այդ թվում` ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին, Կառավարությանը, ՀՀ նախագահի աշխատակազմին:

«Այնտեղ ոչ մի ծառահատում չկա, փաստն այն է, որ բնակիչներին ինչ-որ մեկն ասել է, թե այդ վայրում շենք պետք է կառուցվի, բնակիչները մտավախություն են ունեցել և սկսել են համապատասխան կառույցներին դիմումներ գրել»,- հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, ով տեղեկացրեց նաև, որ նախարարի հանձնարարականով նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգայց է կատարել:

Բնապահպանական պետական տեսչության Երևանի մասնաճյուղի պետ Ռոմիկ Մանգասարյանը Aysor-ին հայտնեց, որ ստույգայցի ընթացքում և ոչ մի ծառհաման դեպք չի գրանցվել, փոխարենը, ըստ նրա` «պարզվել է, որ ոմանք այդտեղ ավտոտնակ կառուցելու ցանկություն են ունեցել, բայց այժմ տարածքը նախարարության ու Ոստիկանության հսկողության տակ է, այնպես որ այդտեղ ոչինչ չի արվի»: Նա նշեց նաև, որ բնակիչներին տվել են իրենց կոորդինատները` նմանօրինակ դեպքի գրանցման ժամանակ իրենց տեղյակ պահելու համար:

«Քաղաքապետարանն արգելել է այդտեղ ինչ-որ բան կառուցել, այդ թաղամասի բնակիչներն էլ բոլորը ոտքի կանգնած են, այնպես որ նման բանը բացառված է»,- հավելեց Ռ. Մանգասարյանն ու ամփոփելով իր խոսքը` ընդգծեց. «Այնտեղ մի փոքր պուրակիկ կա, և ես էլ անձամբ թույլ չեմ տա, որ ինչ-որ բան լինի, այնպես որ, բացառվում է, թող բնակիչները հանգիստ լինեն»:

Օգոստոս 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր