

Panorama.am
«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ տարակուսած է ՀՀ դատախազության մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության անճշտությունների և գնահատականների կապակցությամբ:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Գեղարքունիքի մարզի 5 համայնքների բնակիչների` 2010թ. հուլիսի 19-ի բողոքի ակցիայի գործով իրականացված նախաքննությանը և դրա վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված «Ժառանգություն» խմբակցության օգոստոսի 25-ի պաշտոնական նամակին վերաբերող մամլո հաղորդագրությունը, որ տեղադրված է դատախազության պաշտոնական կայքէջում, էապես տարբերվում է օգոստոսի 26-ի տպագիր մամուլում տարածվածից:
«Դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության թե վերնագրում, թե վերջաբանում տեղեկացվում է, որ հիշյալ բողոքի ակցիայի կապակցությամբ «նյութերի նախապատրստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է» (http://www.genproc.am/am/49/item/6353/): Մինչդեռ տպագիր մամուլով տարածված հաղորդագրության մեջ հայտնվում է, թե «նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է» (օրինակ, «Հայոց Աշխարհ», «Առավոտ» 26 օգոստոսի, 2010թ.)»,-ասվումէ հաղորդագրության մեջ:
Խմբակցությունը կարծում է, որ որևէ հարցով, առավել ևս` հասարակական նման հնչեղություն ունեցող գործով հաղորդագրություն տարածելուց առաջ «կարելի էր ոստիկանությունից ճշտել այդ գործի առթիվ կայացված վերջնական որոշումը, այնուհետև ստուգել կայքէջում և լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունների նույնությունը և զերծ մնալ հանրությանը միմյանց հակասող տեղեկություններ փոխանցելուց»: Բայցևայնպես, խմբակցությունը ուզում է հավատալ, որ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը ճշմարիտն է, և հույս ունի, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումից հետո իրենց սահմանադրական իրավունքն իրականացրած մեր համաքաղաքացիները, ապօրինի թե օրինական եղանակներով, չեն հրավիրվի ոստիկանություն և չեն ենթարկվի քննիչների տարատեսակ հոգեբանական ճնշումներին կամ հարցաքննություններին: Սակայն, հարգելով հանրության` ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբակցությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազին ուղղված նամակը բաց նամակ կամ հայտարարություն չէ, ինչպես այն որակել է դատախազության մամուլի ծառայությունը: Այն պաշտոնական նամակ է, որը ԱԺ համապատասխան ծառայությունով ՀՀ Գլխավոր դատախազին ուղարկելուն զուգընթաց հրապարակվել է լրատվամիջոցներով` հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը: Իսկ նման պաշտոնական գրությունները «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ենթադրում են պաշտոնական պատասխան, որը կարող է ուղեկցվել մամուլի հաղորդագրություններով:
Օգոստոս 27, 2010
