

Անժելա Խաչատրյան, www.zhamanak.com
Իսկ ժողովուրդը կարող է անջուր մնալ
Մոտ երկու ամիս առաջ աղմուկ բարձրացավ, թե Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխում են դեպի Եղեգնաձոր՝ ՀԷԿ կառուցելու նպատակով:
Գայլաձոր վտակի վրա շինարարություն իրականացնող «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունը հերքում էր ՀԷԿ-ի կառուցման հանգամանքը եւ բացատրում, թե շինարարական աշխատանքների նպատակը Աղնջաձոր համայնք ոռոգման ջուր տանելն է. ի դեպ` 86 լ, որը Աղնջաձորի ոռոգման համար նախատեսված քանակը գերազանցում է չորս անգամ: Աղնջաձորում փաստացի ոռոգվում է 71 հա հողատարածք, որի համար լիովին բավարար է 20-25 լ ջուրը: Եվ հենց դա եւս մեկ անգամ ապացուցում է Գեղարքունիքի մարզի հինգ համայնքների բնակիչների եւ բնապահպանական կազմակերպությունների մտահոգությունները, որ իրականում Գայլաձորի վրա ՀԷԿ է կառուցվում: Նույն կարծիքի են նաեւ մասնագետները` հիմք ընդունելով վտակի վրա կատարված շինարարության բնույթը:
Բնակիչները, տեսնելով, որ իրենց բողոքներին պատկան մարմինները ուշադրություն չեն դարձնում, հուլիսի 19-ին կազմակերպել էին բողոքի ակցիա՝ 4 ժամով փակելով Երեւան-Մարտունի մայրուղին: Իսկ ահա օգոստոսի 23-ից ոստիկանության աշխատակիցները շրջում են համայնքներում եւ փնտրում շարժման ակտիվիստներին: «SOS Արգիճի» շարժման ղեկավար Վարդան Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու օր առաջ գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը 15 հոգուց բաղկացած ցուցակ է ուղարկել Մարտունու ոստիկանություն եւ այդ 15 հոգին առանց օրինական ծանուցման կանչվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանցից ցանկացել են ցուցմունք կորզել: Վ.Գալստյանի խոսքերով` ոստիկանությունում իրենց ասել են, որ իրենք կատարում են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հրամանը:
Նշենք, սակայն, որ Մարտունու ոստիկանության գործողություններն անօրինական են, քանզի Գեղարքունիքի գյուղացիներն իրականացրել են իրենց սահմանադրական՝ արտահայտվելու եւ խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու ազատությունները՝ բարձրաձայնելու խնդիրը եւ պաշտպանելու իրենց կյանքի իրավունքը: Բնապահպան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ առանց գյուղապետերի գիտության նման ծավալների շինարարություն գաղտնի հնարավոր չէր իրականացնել: Իսկ «SOS Արգիճի» շարժման ղեկավարը նշեց, որ թեեւ մինչ օրս գաղտնի է, թե ով է իրականացնում այդ շինարարությունը, սակայն բոլոր հանգամանքները ապացուցում են, որ մի «խոշոր օլիգարխ» է կանգնած այդ ամենի ետեւում: Գալստյանը վստահեցրեց, որ սա անկասկած ՀԷԿ-ի շինարարություն է: Անդրադառնալով էկոլոգիական վտանգներին` Քնարիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հենց Արգիճի գետի եւ նրա ամենամեծ վտակ Գայլաձորի շնորհիվ է Սեւանա լճի մակարդակը տարեկան բարձրանում 14 սմ-ով: Վ.Գալստյանն էլ տեղեկացրեց, որ Գայլաձորը սնվում է 40-ից ավելի փոքր աղբյուրներից եւ այժմ դրանցից 15-ը լցվում են անօրինական կերպով կառուցված խրամուղերի մեջ, 100-200 մետր դրանով շարժվում եւ ներծծվում ջրամուղների մեջ՝ ստեղծելով սողանքային տարածք: «Առաջին հերթին խախտվում է Սեւանի մասին օրենքը, սուր էկոլոգիական խնդիրներ են առաջանում: Գայլաձորում տարիների ընթացքում ձեւավորվել են հատուկ ձկնատեսակներ, որոնք համարվում են էնդեմիկ ու գրանցված են Կարմիր գրքում, այնտեղ կան բազմաթիվ բուսատեսակներ, որոնք ՀԷԿ-ի գործելու պատճառով կարող են վերանալ, իսկ այդ տարածքն էլ մի քանի տարի հետո կվերածվի անապատի», - ասաց Գալստյանը: Էկոլուր հ/կ ղեկավար Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե գետի հունը տանեն Վայոց ձոր, Սեւանը շատ մեծ կորուստ կունենա: Զարաֆյանի խոսքերով` ՀԷԿ կառուցողներն արդեն իսկ խախտել են վտակի էկոլոգիական բալանսը. «Գեղարքունիքի գյուղացիները ոչ միայն իրենց կյանքի իրավունքն են պաշտպանում, այլ նաեւ մեր ամենամեծ հարստություն Սեւանա լիճը, որի պաշտպանությունը պետք է որ իրականացներ հենց պետությունը: Մենք եւ էկոլոգիական կազմակերպությունների դաշինքը պահանջում ենք, որ դատախազությունը քրեական գործ հարուցի անօրինական շինարարությունն իրականացնողների դեմ եւ քանդի գետի վրա գտնվող կառույցը: Մինչ այժմ մենք նման որոշում չունենք, եւ դա շատ մեծ բացթողում է իրավապահ մարմինների կողմից»:
Հիշեցնենք, որ Արգիճի խնդրի կապակցությամբ բնապահպանության նախարարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը որոշում էր կայացրել Աղնջաձորին տալ 39 լ ջրառի թույլտվություն, որի հետ, սակայն, չեն համաձայնել համայնքապետերը: Առաջարկությունն ուղարկվել է Սերժ Սարգսյանին կից Սեւանա լճի հանձնաժողով, որտեղ էլ որոշվել է թույլ տալ Գայլաձորից տանել 20-25 լ ջուր վայրկյանում, ինչն, իհարկե, չնչին է եւ որեւէ վտանգ իր մեջ չի պարունակում, քանի որ Գալյաձորը վայրկյանում 240 լ ջուր է բերում: Մինչդեռ բնապահպանության նախարարությունից հայտնում են, թե հանձնաժողովի վերջնական կարծիքը դեռ չեն ստացել եւ ստանալուց հետո միայն կգնան տեղում կնայեն հարցադրումները, հետո որոշում կկայացնեն, ինչը տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Միեւնույն ժամանակ, բնապահպանության նախարարությունը Գայլաձորի վրա իրականացվող շինարարարությունը անօրինական ճանաչելով հանդերձ` դրա քանդման վերաբերյալ որոշում չի կայացնում` պատճառաբանելով, թե դա իր իրավասության մեջ չի մտնում: Իրավապահ մարմիններն էլ այդ ուղղությամբ մինչ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկում: Իհարկե, մեր երկրում այս ամենը բնական է, քանզի վարչախմբի համար կարեւորը ոչ թե ժողովուրդը եւ բնական հարստություններն են, այլ օլիգարխների գրպանների պարունակությունը ավելացնելը:
«ԷկոԼուր»-ի նկատառում: Նյութին կցում ենք օգոստոսի 28-ին Լիանա Ասոյանի պատրաստած ֆոտոռեպորտաժը:
Օգոստոս 30, 2010
