Նաիրա Բուլղադարյան, Antarner.net
Վանաձորը շրջապատող անտառային գոտում անհետացման եզրին են որոշ արժեքավոր բուսատեսակներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լիլիա Բայրամյանը դրանցից առանձնացնում է այնպիսի դեղաբույսեր ու վայրի ուտելի բույսեր, որոնցից են մարիամախոտը, արեւքուրիկը, ուրցը, դաղձը, եղինջը, ղանձիլը: Վանաձորի կենտրոնական շուկայի շրջակայքում գարնանը նրա կատարած դիտարկումները թույլ են տվել փաստել, որ օրական անտառային գոտուց այդ ընթացքում հավաքվել եւ վաճառվել է 4 տոննա ուտելի բույս: «Եթե այսպես շարունակվի, ապա երկու տարի անց արժեքավոր բույսերի պաշարները կոչնչանան»,- եզրակացնում է Լ. Բայրամյանը:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն իր հերթին նկատում է, որ առաջիկայում Կարմիր գրքում կհայտնվեն արեւքուրիկի եւ ուրցի մեկական տեսակ:
Լիլիա Բայրամյանը մարդու «ավերիչ» գործողությունները բուսատեսակներն անխնա հավաքելով չի սահմանափակում: Նա իր ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ արժեքավոր բուսատեսակները ոչնչացման վտանգի տակ են հայտնվել առաջին հերթին անտառահատումների արդյունքում. «Անտառը որ կտրեցին, հողի ջերմաստիճանը բարձրացավ: Անտառային արժեքավոր բույսերը արեւի ճառագայթներից սկսեցին չորանալ: Այդ բույսերի աճման մակարդակը տեղափոխվեց վերին՝ մերձալպյան գոտի: Բայց մարդն էլ իր հերթին է այն շարունակում պոկել»:
Մարդու անմիջական ազդեցությամբ, փաստորեն, արժեքավոր բուսատեսակներին Վանաձորի ու Լոռու մարզի նախկին անտառային տարածքներում փոխարինելու են եկել խոտաբույսերը: Լիլիա Բայրամյանը պարզել է նաեւ, որ Վանաձորի նախկին անտառային տարածքներում անտառների ոչնչացման հետեւանքով նվազել են հողը հարստացնող ու արժեքավոր բուսատեսակները սնող հանքային նյութերը: «Ֆոսֆորի, ազոտի, կալիումի քանակը պակասել է հողի լվացման արդյունքում»,- ասում է Լ. Բայրամյանը:
Փոխարենը նպաստավոր պայմաններ են ստեղծվել խոտաբույսերի համար: Վայրի բողկուկը, երեքնուկն ու տատրակը գրավել են անտառային բուսատեսակների տարածքները ու, արագորեն աճելով, իրենց հերթին թույլ չեն տալիս ծլելու թեկուզ պատահաբար այդ տարածքում հայտնված ծառի ու բույսի սերմին: Եթե նույնիսկ այդ հատվածում ծառի սերմ ընկնի, միեւնույն է, այն երկար կյանք չի ունենա. խոտաբույսերը կճնշեն եւ կխոչընդոտեն ծառի սերմի ծլմանն ու աճին:
«Փաստորեն, անտառը կամաց-կամաց հավաքում է փեշերը»,- եզրակացնում է գեոբուսաբան Կարեն Աֆրիկյանը: Դա նշանակում է, որ ծառի սերմը, ընկնելով գետնին, կհանդիպի խոտաբույսերից ու անտառային մնացորդներից գոյացած, այսպես կոչված, մեռյալ շերտին: Այն, ինչպես նկարագրում է գեոբուսաբանը, թույլ չի տալիս բույսի արմատներին հասնել հողի հիմնական՝ հանքային շերտին, հետեւաբար սնուցվել:
«Շատ տեղերում, որտեղ նոսր է այդ շերտը, սերմը կծլի, բայց մոլախոտերը ստվեր են անում ու լույսի բացակայությունից այն չորանում է»,- ասում է Կարեն Աֆրիկյանը:
Խոտաբույսերը արագ բազմանալով ու աճելով՝ անտառային նախկին տարածքները վեր են ածում տափաստանային բուսականության գոտու: Լիլիա Բայրամյանի հավաստմամբ` տեղի է ունենում գոտիականության փոփոխություն: Այս երեւույթն ուղեկցվում է կլիմայի փոփոխմամբ: Այսինքն՝ նախկին անտառածածկ տարածքը գրաված խոտաբույսերը աստիճանաբար անտառին մղում են մերձալպյան գոտի, որտեղ ջերմաստիճանի անընդհատ բարձրացման արդյունքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում անտառի աճման համար:
«Այս դեպքում կտուժի մերձալպյան բուսականությունը, որը հարմարված է ցածր ջերմաստիճանին: Հողը տաք է լինելու, օդը` նույնպես, եւ սերմը չի կարող աճել: Եվ անտառն է դուրս մղվելու արդեն: Խոտերը կգան, կլրացնեն, տափաստանային խոտերը կվերածվեն անապատային բուսականության: Առավել շոգ տեղերից միջատներ կգան: Վնասատու տերեւակեր միջատներ, որոնք կվնասեն եղած անտառային տարածքներն ու նաեւ խոտերը»,- զգուշացնում է Լիլիա Բայրամյանը:
«Կլինի անապատային բուսականություն, կաճեն օշինդր, ուխտափուշ, չորասեր բույսեր, անտառ վերականգնելն արդեն կդառնա անհնար, կվերածվի լերկ, մեռյալ տարածքի: Կփոխվի ոչ միայն բուսական, այլեւ կենդանական աշխարհը»,- ասում է Կ. Աֆրիկյանը:
Կարեն Աֆրիկյանի կարծիքով Լոռու մարզում ջերմաստիճանի անընդհատ բարձրացման արդյունքում անտառը կարող է աստիճանաբար ոչնչանալ: «Դրա նախադրյալներն առկա են»,- ասում է գեոբուսաբանը:
Գեոբուսաբան Կարեն Աֆրիկյանը Լոռու մարզում նշում է վայրեր, որոնք անվերադարձ կորել են որպես անտառային գոտի ու նույնիսկ հարյուրամյակներ անց չեն վերականգնվի: Տուժած անտառների շարքում նա առանձնացնում է Գուգարքի, մասնավորապես Վանաձորի անտառները: Մյուս կողմից, բնական աճի արդյունքում տեղի է ունեցել անտառների կազմի որակական փոփոխություն: Եթե մինչեւ հատումները Վանաձորի անտառների 90 տոկոսը կազմում էին կաղնին եւ հաճարենին, ապա անտառահատումներից հետո գերակշռում է բոխին:
«Այսօրվա անտառը որակազրկվել է: Տեղի է ունեցել անտառի տեսակային կազմի փոփոխություն: Արդյունքում իսկական, բնական անտառը փոխակերպվել է երկրորդայինի»,- ասում է Լիլիա Բայրամյանը: Նրա կարծիքով` հազար տարի էլ կարող է պահանջվել, որ բնական անտառը վերականգնվի։
Սեպտեմբեր 01, 2010
